«Փաշինյանը համամարդկային նշանակության ապիկար է. խոսում է միայն վախերի, ազգադավության վրա հիմնված փաստարկների մասին». Պարույր Հայրիկյան
Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանի ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշման ամբողջական տեքստի հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ անկախության հռչակագրից հանվել է Արցախի վերաբերյալ հարցը։ «Հռչակագրի որոշ դրույթներ խնդրահարույց են, ուստի չեն կարող համարվել գործող»։
Ազգային ինքնորոշում միավորումի (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանի բնորոշմամբ՝ երբ որևէ մեկը խոսում է հիմնական օրենքի դրույթների մասին, դրանով ինքը հնարավորություն է տալիս բոլորին՝ հասկանալու, թե ինչո՞վ է ապրում և որպես զարգացում՝ ո՞վ է ինքը։
«Այս տեսանկյունից նայեք այս երևույթին, ու պատասխանն անմիջապես ասպարեզ կգա, կտեսնեք, թե երկրի հիմնական օրենքից խոսող մարդն ինչպես է ապրում։ Վերացական է հնչում պատասխանը, բայց այդպես եմ բնորոշում այդ մարդու գործողությունները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը։
Շարունակելով միտքը՝ Պարույր Հայրիկյանն ասաց՝ բոլոր երկրների համար իրենց Անկախության հռչակագիրը սեփական երկրի հիմնական փաստաթուղթն է։
«Անկախության հանրաքվեով Հռչակագրում մի քանի դրույթներ են ամրագրվել՝ ժողովրդի կամքով, սա շատ կարևոր է։ 1990 թվականին ընդունվեց Հռչակագիրը, իսկ 1991 թվականին արդեն ազգային ինքնորոշման սկզբունքով Հռչակագրի կարևորագույն դրույթներն ամրագրվեցին։ Եթե խոսում ես ազատ և ժողովրդավարական պետություն դառնալու մասին, նշանակում է՝ դու մարդկանցից «այո» ես ստանում ամբողջ Հռչակագրի համար։
Այսպիսով՝ 1991 թվականին Անկախության հանրաքվով ամրագրվեցին հիմնական դրույթները՝ ազատ ու անկախ Հայաստան ունենալու վերաբերյալ, ինչը նշանակում է՝ Հռչակագրով արտահայտված երազանքների, նպատակների իրականացում։ Այս ամենին, կրկնում եմ՝ ժողովուրդն «այո» է ասել, իսկ ժողովրդի «այո»-ին կարող է «ոչ» ասել միայն ժողովուրդը։ Հետևաբար, որևէ փոփոխություն անելու իրավունքը վերապահվում է միայն ու միայն ժողովրդին, այլ ոչ թե քաղաքական իշխանությանը, այն էլ՝ գաղտնի կերպով»,- շեշտեց մեր զրուցակիցը։
ԱԻՄ առաջնորդն Անկախության հռչակագրում փոփոխությունների «կնքահորը»՝ Նիկոլ Փաշինյանին որևէ բան չունի ասելու։
«Նիկոլ Փաշինյանը համամարդկային նշանակության ապիկար է։ Նա խոսում է ժողովրդավարությունից՝ մոռանալով, որ իրեն երեք անգամ տրվել է հնարավորություն քննարկելու սահմանադրության նոր նախագիծ, բայց նա վախեցել է անգամ այն քննարկել։
Նա միտումնավոր ամեն լավ բան պարտակել է, սրանից ավելի մեծ հանցավոր մոտեցում չի կարող լինել։ Նա միայն խոսում է իր «իդիոտ» փաստարկների մասին՝ վախերի, ազգադավության վրա հիմնված»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։