Քաղաքական հրահանգներով ընդդիմադիրներին կալանավորող Արտուշ Գաբրիելյանը փրկվեց, իսկ Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցրեցին
Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը հրապարակեց Երևանի քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ որոշումը: Խորհուրդը որոշեց բավարարել արդարադատության նախարարի տեղակալի միջնորդությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ և Արտուշ Գաբրիելյանին հայտարարել խիստ նկատողություն:
Միևնույն ժամանակ հրապարակվեց նաև Երևանի քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը: Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին:
Հիշեցնենք, որ Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու պատճառ է հանդիսացել դատախազի կողմից ներկայացված հաղորդումը, ըստ որի՝ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող, ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Օլեգ Նեֆեդովին ժամանակավորապես կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն դատավորը ժամանակին չի քննել միջնորդությունը, լրացել է վերջինիս ձերբակալված պահելու ժամկետը, ու ԱՄՆ իրավասու պետական մարմինների կողմից հետախուզվող վտանգավոր կիբերհանցագործը փախել էր դատարանի դահլիճից:
168.am-ը գրել էր, որ Արտուշ Գաբրիելյանի վերջին հույսը մնացել էր Կարեն Անդրեասյանին այս իշխանությանը մատուցած իր ծառայությունների մասին հիշեցնելը, ինչը փաստորեն աշխատեց: Իսկ թե ինչ արձագանք կունենա սա ԱՄՆ-ում, դեռ կտեսնենք:
Ինչ վերաբերում է Վահե Միսակյանին, վերջինիս նկատմամբ, ըստ ներկայացված միջնորդության, կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով իբր դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։
Սակայն 168.am-ը դեռևս ուղիղ մեկ ամիս առաջ գրել էր, որ Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթի միջնորդություն ներկայացնելու պատճառը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կայացված արդարացման դատական ակտն է:
Մի քանի տարի քննվող, ԶԼՄ-ների աչքի առաջ ընթացող ու ամեն դատական նիստին բոլորի աչքի առաջ փլվող կեղծ գործն իր տրամաբանական ավարտին հասցվեց, ու թերևս բոլորը տեսան՝ դատավոր Միսակյանն այլ բան, քան արդարացումը, չէր կարող անել, այնքան որ անհեթեթ էր 10 տարի որպես երկրի նախագահ պաշտոնավարած անձին դիզել ծախելու մեջ մեղադրելը: Անգամ նիկոլական քարոզչամեքենան է ընդունում, որ այդ մեղադրանքով հնարավոր չէր հասնել մեղադրական դատական որևէ ակտի:
Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը չէր հայտնվել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) աշխատակազմ Դատական դեպարտամենտի կողմից նկարված, Կարեն Անդրեասյանի կողմից պատվիրված ֆիլմում: Այսինքն՝ շուրջ 4 տարի քննված Վազգեն Մանուկյանի գործը որևէ կերպ չէր անհանգստացրել ԲԴԽ-ին ու նրա ղեկավարին: Բայց չգիտես ինչու, Սերժ Սարգսյանի վերաբերյալ վճռի կայացումից հետո վարույթ հարուցող մարմնին հանկարծ սկսեց անհանգստացնել, որ Վահե Միսակյանը գործը երկար է քննել, այլ կերպ ասած՝ խախտել է գործի ողջամիտ քննության ժամկետները:
Ընդ որում, ողջամիտ ժամկետի հարց բարձրացրել են այն դեպքում, երբ դատավորը Վազգեն Մանուկյանին չի արդարացրել, չկա նաև վաղեմության ժամկետների անցման հարց: Կայացվել է մեղադրական դատավճիռ:
Փաստորեն Վահե Միսակյանին չներեցին Սերժ Սարգսյանին արդարացնելու համար: Պարզապես մինչև վերջ չխայտառակվելու համար փաթեթավորումը փոխեցին ու վարույթը հարուցեցին նույն դատավորի քննած մեկ այլ գործով: