Դատավոր Վահե Միսակյանին չներեցին Սերժ Սարգսյանին արդարացնելու համար

2024թ. հունիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց Վազգեն Մանուկյանի գործով վճիռը՝ վերջինիս մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում և որպես պատիժ նշանակելով տուգանքը՝ 400.000 դրամի չափով։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելը։ Իսկ մեղադրանքի հիմքում 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ Մանուկյանի քաղաքական ելույթներն են։ Նա հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում՝ նշելով. «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը»:

Բնականաբար, պաշտպանության կողմը համաձայն չէր դատական ակտի հետ և հայտարարեց, որ այն անպայման կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանում, բայց այս հրապարակումը դրա մասին չէ:

Մինչ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ դատական ակտ կայացնելը դատավոր Վահե Միսակյանը մոտ 2 շաբաթ առաջ՝մայիսի 31-ին, մեկ այլ աղմկահարույց ակտ ևս կայացրել էր՝ դիզելի շինծու գործով արդարացնելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Կարդացեք նաև

Մի քանի տարի քննվող, ԶԼՄ-ների աչքի առաջ ընթացող ու ամեն դատական նիստին բոլորի աչքի առաջ փլվող կեղծ գործն իր տրամաբանական ավարտին հասցվեց, ու թերևս բոլորը տեսան՝ դատավոր Միսակյանն այլ բան, քան արդարացումը, չէր կարող անել, այնքան որ անհեթեթ էր 10 տարի որպես երկրի նախագահ պաշտոնավարած անձին դիզել ծախելու մեջ մեղադրելը: Անգամ նիկոլական քարոզչամեքենան է ընդունում, որ այդ մեղադրանքով հնարավոր չէր հասնել մեղադրական դատական որևէ ակտի:
Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը չէր հայտնվել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)աշխատակազմ Դատական դեպարտամենտի կողմից նկարված, Կարեն Անդրեասյանի կողմից պատվիրված ֆիլմում: Այսինքն՝ շուրջ 4 տարի քննված Վազգեն Մանուկյանի գործը որևէ կերպ չէր անհանգստացրել ԲԴԽ-ին ու նրա ղեկավարին:

Բայց չգիտես ինչու, Սերժ Սարգսյանի վերաբերյալ վճռի կայացումից հետո վարույթ հարուցող մարմնին հանկարծ սկսեց անհանգստացնել, որ Վահե Միսակյանը գործը երկար է քննել, այլ կերպ ասած՝ խախտել է գործի ողջամիտ քննության ժամկետները: 168.am-ի տեղեկություններով՝ Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, և այն այժմ ԲԴԽ-ում է:

Այսինքն՝ ԲԴԽ-ն կքննի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից հարուցված վարույթը, իսկ որոշում կկայացնի Կարեն Անդրեասյանի հրահանգով…Ինչպես միշտ:

Ընդ որում, ողջամիտ ժամկետի հարց բարձրացրել են այն դեպքում, երբ դատավորը Վազգեն Մանուկյանին չի արդարացրել, չկա նաև վաղեմության ժամկետների անցման հարց: Կայացվել է մեղադրական դատավճիռ:

Փաստորեն Վահե Միսակյանին չներեցին Սերժ Սարգսյանին արդարացնելու համար: Պարզապես մինչև վերջ չխայտառակվելու համար փաթեթավորումն են փոխել ու վարույթը հարուցել նույն դատավորի քննած մեկ այլ գործով:

Տեսանյութեր

Լրահոս