ԱՄՆ-Հայաստան միջպետական սկանդա՞լ, թե՞… Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերջին հույսն իր մատուցած ծառայություններն են
Դեռևս նախորդ շաբաթ 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորներից հանրահայտ Արտուշ Գաբրիելյանի գլխին սև ամպեր են կուտակվել:
Սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննում էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Արտուշ Գաբրիելյանին երկար ներկայացնելու կարիք չկա: Քաղաքական հնչեղության գործերով նրա կայացրած որոշումներն ավելի քան խոսուն են: Կալանքի որոշումներ՝ Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր ցուցարարների, այլ գործիչների նկատմամբ, Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն… Ցանկը կարելի է շարունակել:
Արտուշ Գաբրիելյանի գործով Դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է. որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 4-ին, և քիչ է հավանական, որ Արտուշ Գաբրիելյանը կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր. ըստ երևույթին նրա լիազորությունները կդադարեցվեն:
Կարգապահական վարույթ հարուցելու պատճառ է հանդիսացել դատախազի կողմից ներկայացված հաղորդումը, ըստ որի՝ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող, ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Օլեգ Նեֆեդովին ժամանակավորապես կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Արտուշ Գաբրիելյանը ներգրավված է եղել նաև հերթապահության ցուցակում, գործը մակագրվել է նրան, և նախնական դատական նիստ նշանակվել է միայն առաջիկա երկուշաբթի օրը՝ ժամը 10։00-ին։ Ժամը 16։00-ին ձերբակալման ժամկետն անցել է, ձերբակալված անձի նկատմամբ հսկողությունը վերացվել է, այդ ընթացքում պաշտպանը միջնորդել է, որպեսզի նիստն ընդմիջվի 15 րոպեով, դատավորը բավարարել է այն, ինչից հետո ձերբակալված անձը կարողացել է փախչել դատական նիստից ու այլևս չի ներկայացել։
«Բախվում ենք մի իրավիճակի, երբ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին խուսափել է և չի ենթարկվել պատասխանատվության, գտնում ենք, որ մեղքը դատավորի վրա է, քանի որ դատական նիստը նշանակել է այնքան ուշ, որ վրա է հասել ձերբակալման 72 ժամի լրանալու պահը։ Դատավորը պարտավոր էր գիտակցել իր արարքի վտանգավոր հետևանքները, չնայած տվյալ իրավիճակում չի գիտակցել և կարծել է, թե հերթապահության ներգրավված լինելով՝ կարող է շաբաթ-կիրակի օրերին չներկայանալ աշխատանքի»,- կարգապահական վարույթի քննության ժամանակ ասել է արդարադատության նախարարի՝ ԲԴԽ-ում մշտական ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը։
168.am-ի տեղեկություններով՝ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող, ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Նեֆեդովը պատահական մարդ չէ, և ԱՄՆ-ի իրավասու մարմինների կողմից հետախուզվող կարևորագույն անձ է: Միացյալ Նահանգներում նա մի քանի միլիարդի խարդախության մեջ է մեղադրվում, և ԱՄՆ-ի համար սկզբունքային էր նրան օր առաջ մեկուսացնելը: Ու հիմա, փաստորեն, Արտուշ Գաբրիելյանի թեթև ձեռքով, կոպիտ ասած, ենթադրյալ վտանգավոր հանցագործը թռնում է ձեռքներից: Սա է պատճառը, որ Արտուշ Գաբրիելյանը, թերևս, փրկվելու շանս չի ունենա, այլապես սկանդալը կարող է դառնալ նաև միջպետական:
Թերևս դա է պատճառը, որ Կարեն Անդրեասյանը խորհրդակցական սենյակում գտնվելով, ջանք ու եռանդ չէր խնայում դատավորի համար հասարակական կարծիքի բացասական ֆոն ապահովելու համար:
Արտուշ Գաբրիելյանը, սակայն, այնքան էլ լավ չի պատկերացնում իրավիճակի լրջությունը, և անգամ, մեր տեղեկություններով, մտադրվել է գնալ, տեսնել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, նրան հիշեցնել իր մատուցած ծառայությունների մասին, խնդրել, որ երախտամոռ չլինեն. չէ՞ որ ինքը միշտ պատրաստ է:
Ում ասել եք՝ փակել եմ, ոնց ասել եք՝ արել եմ, ո՞նց եք հիմա դադարեցնում իմ լիազորությունները. ըստ նույն աղբյուրների՝ մոտավորապես այս բովանդակությամբ զրույց է եղել Արտուշ Գաբրիելյանի մտքին:
Իրականում ողբերգություն է, երբ դատավորի վերջին հույսը մնում է իր մասին այս կերպ հիշեցնելը, բայց դա Արտուշ Գաբրիելյանի մասին չէ:
Իսկ թե ինչ կլինի, և կշարունակի՞ արդյոք Արտուշ Գաբրիելյանը կատարել իշխանության նվիրական ցանկությունները, թե՞ ամեն դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն ավելի կարևոր են, կերևա հոկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին: