ԱՄՆ-ն ընտրությունների նախաշեմին փորձում է միջամտել Վրաստանի ներքին գործերին․ Նարիշկին
ԱՄՆ-ն Վրաստանի ներքին գործերին միջամտելու կոպիտ և լկտի փորձեր է ձեռնարկում՝ օգտագործելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Այս մասին Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Հատուկ ծառայության ղեկավարի խոսքով՝ արևմտյան երկրների դաշինքը ոչ մի կերպ չի հանդարտվի՝ ձգտելով ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասի երկրներում:
Մասնավորապես, ՌԴ արտաքին հետախուզությունը տեղեկատվություն է ստացել այն մասին, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի պահանջով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) արդեն նախապես միջանկյալ զեկույց է պատրաստել, որում առկա է այն թեզը, թե իբր Վրաստանում չկան պայմաններ արդար և թափանցիկ ընտրությունների համար: Սա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։
Նարիշկինի գնահատմամբ՝ Պետդեպարտամենտի և ԵԱՀԿ մոնիտորինգային կառույցի այս ակցիայի նպատակը Վրաստանի ներքին գործերին բավականին կոպիտ և լկտի միջամտության փորձն է:
«Արևմուտքը փորձելու է թույլ չտալ, որ կրկին իշխանության գան առողջ, ազգային ուղղվածություն ունեցող ուժերը։ Բայց ես վստահ եմ, որ Վրաստանի ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի»,- նշել է Նարիշկինը։
Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին: