«Մեր ժողովրդին մեղադրել պետք չէ. անվստահության մթնոլորտի հաղթահարման համար շատ լուրջ ջանքեր են պետք». Արամայիս Աղաբեկյան

Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ-ի և  Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը։ Տեքստի հրապարակումից հետո փորձագետներն ահազանգեցին, որ ՀՀ անկախության հռչակագրից հանվել է Արցախի վերաբերյալ հարցը։ «Հռչակագրի որոշ դրույթներ խնդրահարույց են, ուստի չեն կարող համարվել գործող»։

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Արամայիս Աղաբեկյանի խոսքով՝ սեպտեմբերի 21-ին մարտական եղբայրության անդամները և անկախականները միջոցառում էին կազմակերպել՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան, որի հիմնադրույթներից մեկը եղել է այն, որ, բացի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հանդեպ վերաբերմունք ցույց տալը, պետք է քաղաքական ուժերի կողմից հստակ ու կոնկրետ լինի, թե ինչպիսի վերաբերմունք ունեն Անկախության հռչակագրի հանդեպ, արդյո՞ք հավատարիմ են այդ դրույթներին։

«Դիսկուրսը չպետք է լինի՝ Նիկոլը գեշ է կամ նրա ականջը երկար է, այլ պետք է լինի քաղաքական՝ ինչ է ասում նա, և ինչ ենք պատասխանում մենք։ Ցավոք, այս պահին նման դիսկուրս հիմնական խաղացողների կողմից չկա։

Ի՞նչ է անում հիմա Նիկոլը, նա հիմա ոչ միայն իր խնդիրն է լուծում, փորձելով իր քաղաքական իշխանության հարցը լուծել, այլև փորձում է ապագա սերունդներից խլել մեր օրինական պահանջից օգտվելու իրավունքը։ Իսկ այս ամենին ի պատասխան՝ ի՞նչ պետք է արվի՝ պետք է ձևավորվի ռեալ քաղաքական օրակարգ։ Ոչ միայն անունների ու անձերի, այլև պատկերացումների ու արժեքների հեղափոխություն պետք է լինի։

Կարդացեք նաև

Գիտենք, որ քիչ ենք, գիտենք, որ դժվար է լինելու, բայց համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն այդպես է մտածում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արամայիս Աղաբեկյանը։

Ըստ նրա, ցավոք, հայ ժողովրդին իշխանություններն այնքան են խաբել ու իրենց վարած քաղաքականությամբ ապացուցել, որ ժողովուրդը սխալ է գործել իրենց հետևից գնալով, որ այսօր ժողովրդի մոտ որոշակի անվստահության մթնոլորտ է ձևավորվել այն ուժերի հանդեպ, որոնք ցանկանում են գալ իշխանության։

«Դրա համար այսօր մարդկանց պետք է համոզել, որ գոյություն ունի երկու հստակ գիծ և այդ գծերը ոչ թե մարդկանց անուններով են, այլ հստակ քաղաքական ուղղություններով ու արժեքային համակարգերով»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, եթե Նիկոլ Փաշինյանը քարոզչություն է իրականացնում, թե Արցախը տալով՝ ՀՀ անկախությունն է ամրացրել, ապա նրան հակառակ հանդես եկող բևեռը բովանդակային առումով որևէ նոր բան չի ասում։

«Հակառակ բևեռում՝ ընդդիմության շրջանում, չկա այլընտրանք առաջարկող, դրա համար մինչև այսօր Նիկոլ Փաշինյանը հաջողում է ու մնում է իշխանության, իրենց ձեռքում են ֆինասնական հսկայական ռեսուրսները։ Բայց արտաքին կառավարիչը երկուսին էլ տարբեր խողովակներով հրահանգներ է մատուցում։

Կարծում եմ՝ մեր ժողովրդին առհասարակ մեղադրել պետք չէ, ամբողջությամբ հասկանում եմ նրա դիրքորոշումը, քանի որ անվստահության մթնոլորտի հաղթահարման համար ջանքեր են պետք և շատ լուրջ ջանքեր։ Եթե մենք այդ ջանքերում լուրջ հաջողություններ չունենանք, տակը մնացած այս հնարավորություններն էլ են ի չիք դառնալու։ Դրա համար, ովքեր իսկապես մտածում են, որ Հայաստանն անկախ լինելու իրավունք ունի, պետք է համախմբվեն ու գնան այդ ճանապարհով։ Մենք այդ ամենն արդեն ցույց ենք տվել՝ նոյեմբերի 9-ի վերաբերյալ որոշակի վերաբերմունք հայտնելով»,- ընդգծեց նա։

Մեր զրուցակիցը նաև նկատեց՝ երեկ Հանրայինի եթերում «Նիկոլի քարոզչական գործիք համարվողի մոտ հարցազրույցի ժամանակ Բագրատ սրբազանը չպնդեց, որ որ հաջողելու դեպքում անելու է այլ կերպ, քան Փաշինյանը։ Ասելով միայն՝ կգանք  կասենք՝ ինչ ենք անելու»։

Տեսանյութեր

Լրահոս