Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա
Հայաստանի կառավարությունը հաստատեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 8 դատավորով ավելացնելու մասին որոշման նախագիծը, որով ակնկալվում է կյանքի կոչել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները:
Կառավարության հոկտեմբերի 3-ի նիստում, ներկայացնելով որոշման նախագիծը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը պարզաբանեց, որ նախագծի անհրաժեշտությունը ծագել է 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ։
«Քրեական դատավարության օրենսգրքում առկա են անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվելու է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսած քրեական վարույթներով։ Ի տարբերություն հանրային կարգով իրականացվող քրեական հետապնդումների՝ մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է լինելու միայն դատական փուլերից։ Հետևաբար, մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվում է և քրեական վարույթը կարճվում է միայն դատարանում սահմանափակ նախատեսված հիմքերի առկայության դեպքում։ Մասնավոր մեղադրանքով վարույթը գործողության մեջ դնելու համար պետք է նշանակվեն այն իրականացնելու իրավասություն ունեցող դատավորներ, ինչը ենթադրում է քրեական մասնագիտացմամբ դատավորների հաստիքների ավելացում»,-ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ որոշման հիմքում են ընկած նաև 2021-2023 թվականների վիճակագրական տվյալները, որոնց համաձայն Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քննվել է 1108 գործ, որոնցից 475-ը՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի, 633-ը՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից։
Ըստ փոխնախարարի՝ 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում այդ հոդվածով սահմանված հանցագործություններով քննչական կոմիտեում նախաձեռնվել է 12 հազար 965 վարույթ։
«Ստացվում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերով տարեկան նախաձեռնվել է 7408 վարույթ, իսկ 7634 վարույթի ընթացք դեռևս լուծված չէ։ Այս տվյալների համադրությամբ ակնհայտ է դառնում, որ մինչդատական վարույթի ծանրաբեռնվածությունը տեղափոխվելու է դատական վարույթներ, ուստի առաջացել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 8 դատավորով լրացնելու անհրաժեշտություն»,-մանրամասնեց փոխնախարարը՝ հավելելով, որ դրանով փաստացի կգործարկվի 2021 թվականին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից գործող Քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլուխը, որը մինչ այսօր չի գործել, ինչպես նաև կապահովվի մասնավոր մեղադրանքով վարույթի հոդվածների կիրառությունը։