Բաժիններ՝

Մարդկանց թրաֆիքինգ. գլոբալ մարտահրավեր և միջազգային պայքարի մեխանիզմներ

Մարդկանց թրաֆիքինգը համարվում է 21-րդ դարի ամենադաժան հանցագործություններից մեկը, որը խախտում է մարդու իրավունքներն ու արժանապատվությունը։ Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում դառնում են սեռական, աշխատանքային շահագործման և օրգանների վաճառքի զոհեր: Թրաֆիքինգի համար խոցելի խմբեր են համարվում ինչպես կանայք, երեխաները, ներգաղթյալները, այնպես էլ որոշակի սոցիալական դժվար կացության մեջ գտնվող տղամարդիկ։ Չնայած միջազգային պայքարի ջանքերին, թրաֆիքինգի խնդիրը դեռ մնում է լուրջ գլոբալ մարտահրավեր։

Թայլանդի աշխատանքի թրաֆիքինգը

Թայլանդը, լինելով Ասիայի տնտեսական կենտրոններից մեկը, հաճախ է հայտնվում թրաֆիքինգի հետ կապված միջազգային սկանդալների կիզակետում։ 2014 թվականին լայնածավալ լրագրողական հետաքննություններ բացահայտեցին, որ Թայլանդի ձկնորսական արդյունաբերությունում ներգրավված բազմաթիվ ներգաղթյալներ՝ հատկապես Մյանմարից և Կամբոջայից, դարձել էին հարկադիր աշխատանքի թրաֆիքինգի զոհեր։ Ներգաղթյալները ներգրավվում էին կեղծ աշխատանքային պայմանագրերով և ստիպվում աշխատել անմարդկային պայմաններում՝ ծովային նավակներում, առանց վարձատրության կամ անվտանգության միջոցների:

Ավելի ուշ պարզվեց, որ այս համակարգը լայնամասշտաբ հանցավոր ցանցի մի մասն էր, որը ներգրավում էր միջնորդներին, նավատերերին և կոռումպացված պաշտոնյաներին: Այս բացահայտումը առաջացրեց միջազգային բողոքներ և ստիպեց Թայլանդի կառավարությանը վերանայել իր աշխատանքի և ներգաղթի ոլորտի վերահսկողության մեխանիզմները։

Այս դեպքը միակ չէ և սրանից առնվազն բխում է, որ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը պահանջում է բազմակողմանի մոտեցում, ներառելով ազգային և միջազգային մակարդակի միջոցառումներ. Ստորև ներկայացված են այդ մեխանիզմներից մի քանիսը.

ՄԱԿ-ի «Պալերմոյի արձանագրություն». 2000 թվականին ընդունված այս արձանագրությունը հանդիսանում է թրաֆիքինգի կանխարգելման և պատժման կարևորագույն միջազգային փաստաթուղթը։ Արձանագրությունը պարտադրում է պետություններին քրեականացնել թրաֆիքինգը, պաշտպանել զոհերին և համագործակցել թրաֆիքինգի ցանցերի դեմ։

Ինտերպոլի միջազգային համագործակցություն. Ինտերպոլը հանդիսանում է թրաֆիքինգի դեմ պայքարի առաջնագծում գտնվող կառույցներից մեկը, որը ապահովում է պետությունների միջև տեղեկության փոխանակումը և համագործակցությունը՝ նպաստելով թրաֆիքինգի ցանցերի բացահայտմանը:

Կազմակերպությունների ներգրավում. Բազմաթիվ միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ (NGOs), ինչպիսիք են Anti-Slavery International-ը և International Justice Mission-ը, աշխատում են թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ուղղությամբ՝ տրամադրելով իրավաբանական աջակցություն, ապաստան և վերականգնողական ծառայություններ։

Եվրոպական միության ռազմավարությունը. Եվրոպական միությունը մշտապես ուժեղացնում է թրաֆիքինգի դեմ պայքարը՝ ներդնելով խստացված սահմանային վերահսկողություն և աջակցելով անդամ պետություններին թրաֆիքինգի դեպքերի բացահայտման և զոհերի աջակցության համար։

Թրաֆիքինգի դեմ պայքարը պահանջում է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում խստացված գործողություններ։ Բացահայտումները, ինչպիսին էր Թայլանդի աշխատանքային թրաֆիքինգի դեպքը, ցույց են տալիս, որ թրաֆիքինգի ցանցերը հաճախ գործում են անտեսանելի, հմտորեն օգտագործելով խոցելի մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը։ Անհրաժեշտ է վերահսկել օրենքների կիրառելիության պրակտիկան, մեծացնել զոհերի պաշտպանության համակարգերը և ակտիվացնել միջազգային համագործակցությունը, որպեսզի թրաֆիքինգի ցանցերը ոչնչացվեն իրենց հիմքից։ Միայն այս կերպ հնարավոր կլինի վերջ տալ այս անմարդկային հանցագործությանը և ապահովել մարդկանց արժանապատիվ կյանքը։

Հայկ Հարությունյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս