Բաժիններ՝

Անգութ մոր օրհնությունը

Մի հին պատմություն կա մայրական ակամա օրհնության զորության մասին: Մի հեզ ու հանդարտ տղա կար, որը շատ կռվարար մայր ուներ: Վերջինս որդուն չէր սիրում, և խեղճ փոքրիկը ստիպված էր բազմաթիվ ծեծերի ու նախատինքի դիմանալ: Սակայն, նա միշտ հնազանդ ու հարգալիր որդի էր, երբեք չէր տրտնջում, այլ միայն թաքուն լաց էր լինում: Երբ մեծացավ, կյանքն այլևս անտանելի դարձավ նրա համար՝ նա իրեն անպետք ու ավելորդ էր զգում հարազատ հարկի ներքո: Ուստի, սրտի ցավով որոշեց հեռանալ տնից և ուրիշ տեղ աշխատանք ու երջանկություն փնտրել: Մայրը հոժարությամբ թույլ տվեց նրան՝ ուրախ լինելով ազատվել ոչ սիրելի որդուց:

– Օրհնությունդ տուր, մայրի՛կ,- խնդրեց տղան հեռանալիս:

Չար կինը նույնիսկ այդ պահին չմեղմացավ: Նա վառարանից մի փայտի կտոր հանեց ու որդու կողմը շպրտելով՝ ասաց.

– Ա՛ռ քեզ օրհնություն:

Կարդացեք նաև

– Շնորհակալ եմ, մա՛յր,- շշնջաց տղան:- Մնաս բարով:

Նույնիսկ այդ փայտի կտորն էր թանկ նրա համար՝ որպես օրհնություն և միակ հիշատակ մորից: Նա փայտի այդ կտորից մի տախտակ տաշեց, և տվեց սրբապատկերներ պատրաստող վարպետին՝ Տիրոջ պատկերը նկարելու համար: Այդ պատկերից նա երբեք չբաժանվեց, քանի որ դա այն ամենն էր, ինչ ստացել էր մորից: Եվ հավանաբար Տերն օրհնեց նրան մոր և նրա օրհնության հանդեպ տածած հարգանքի համար: Ինչ էլ, որ տղան ձեռնարկում էր, հաջողություն էր ուղեկցում նրան: Եվ գործատուն, որի մոտ ընդունվեց աշխատելու և որը զավակներ չուներ, ի սրտե հոգ էր տանում նրա մասին, և երբ տղան մեծացավ ու հմտացավ իր գործում, նրան փայատեր դարձրեց և մահանալիս իր ողջ ունեցվածքը նրան ժառանգեց:

«Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես» (Ելք 20:12),- ասում է Տերը:

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս