Բաժիններ՝

ԱՀԿ-ն կոչ է արել երկրներին սահմանափակել սմարթֆոնների օգտագործումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհի երկրներին կոչ է անում դիտարկել սմարթֆոնների օգտագործման սահմանափակումների հնարավորությունը ծխախոտի արտադրանքի օգտագործման արգելքի նման։ Կազմակերպությունը դա պատճառաբանել է նրանով, որ խաղերի և սոցիալական ցանցերի պատճառով եվրոպացի դեռահասների շրջանում հոգեկան առողջության խնդիրներն աճում են: Այս դիրքորոշումը ներկայացրել է ԱՀԿ-ի ազգային ռազմավարությունների և առողջապահության համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Ազոպարդի Մուսկատը POLITICO-ի եվրոպական հրատարակությանը տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ դեռահասների վրա տեխնոլոգիաների բացասական ազդեցության դեմ պայքարի միջոցների օրինակ կարող են դառնալ սմարթֆոն ունեցող անձանց տարիքային սահմանափակումը, սարքերի գների վերահսկումը, ինչպես նաև որոշակի վայրերում դրանց օգտագործման արգելումը՝ հասարակական վայրերում ծխելու արգելքի նման։

«Գուցե, մենք պետք է մտածենք այն մասին, թե որտեղ է նպատակահարմար թվային սարքերի օգտագործումը, և գուցե, նաև ժամանակն է մտածելու, թե որ վայրերում որոշակի թվային սարքեր չպետք է օգտագործվեն, – ասել է  նա: – Ինչպես և ցանկացած այլ ոլորտում, այդ գործիքները կարող են օգտագործվել հաջող և արդյունավետ»։

Նատաշա Ազոպարդի Մուսկատի կարծիքով՝ դեռահասների կողմից սմարթֆոնների անվերահսկելի օգտագործումը «կարող է անդրադառնալ նրանց կրթության արդյունքների, մտավոր առողջության, բարեկեցության և աշխատանքի արդյունավետության վրա»։

Սեպտեմբերին ԱՀԿ-ն զեկույցում հայտնել է, որ յուրաքանչյուր 10-րդ դեռահասը հոգեկան խնդիրներ ունի սոցիալական ցանցերից և համակարգչային խաղերից կախվածության պատճառով: Որպես հետևանքներից մեկը՝ վերլուծաբանները նշել են «հոգեակտիվ նյութերի գործածման ավելի բարձր ցուցանիշները համեմատած այն մարդկանց հետ, ովքեր պատասխանատու կերպով են օգտվում  սոցիալական հարթակներից կամ սկզբունքորեն չեն օգտագործում դրանք»:

Ուսումնասիրությունն անցկացվել է 11-15 տարեկան գրեթե 280 000 երեխաների և դեռահասների շրջանում Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Կանադայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս