
Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարի և հուշասյան հիմնանորոգումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին

Առաջիկա օրերին նախատեսվում է սկսել Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարի և հուշասյան հիմնանորոգումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
«Հավերժության տաճարի և հուշասյան հիմնանորոգումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին և ավարտել մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը, այսինքն՝ 2025 թ. ապրիլ ամսին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում, որտեղ վերանորոգման աշխատանքները կսկսվեն արդեն հաջորդ տարվա կեսին:
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը Հուշահամալիրի ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է:
Հաղորդագրության մեջ մանրամասն նշվում է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը 1967 թ-ին բացվելուց հետո հիմնանորոգվել է մեկ անգամ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Ինչպես հուշահամալիրի կառուցման, այնպես էլ վերանորոգման ժամանակ անտեսվել է ջրահեռացման խնդիրը, դրենաժային համակարգ չի անցկացվել: Դրա արդյունքում տասնամյակների ընթացքում անձրևաջրերը ներթափանցել են թեք մույթերի մեջ և քայքայել դրանք՝ առաջացնելով քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: