Բաժիններ՝

Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չի նկատվում. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ Լիբանանից հայությանը տարհանելու անհրաժեշտություն չկա։ «Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն, ուստի անվտանգության նկատառումով տարհանում իրականացնելու անհրաժեշտություն ներկայում չի նկատվում, – այս մասին « Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Նշենք, որ Լիբանանում տիրող իրավիճակն ըստ հայ համայնքի ներկայացուցիչների անորոշ է ու ծանր։

Ավելին, «Հեզբոլլահի» առաջնորդներին թիրախավորելուց, սփյուռքահայ գործիչների գնահատմամբ, Լիբանանի պետական կառույցները կարծես անդամալույծ են դարձել։ Բացի այդ՝ եթե մինչ այսօր Իսրայելը հիմնականում թիրախավորում էր Բեքքան ու Բեյրութի հարավային հատվածները, ապա այսօր արդեն տեղեկություն կար, որ ռմբակոծվել է նաեւ կենտրոնը, չեն գործում կրթական հաստատություններն ու ներքին փախստականներին մեծամասամբ տեղավորում են դպրոցներում։
ՀՀ ԱԳՆ-ն առայժմ սահմանափակվում է Լիբանան չմեկնելու կոչերով։

«Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։

Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ»,- հայտնում են ԱԳՆ-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս