Ֆիդանը Նեթանյահուի կառավարությանն անվանում է «մոլեռանդ և ցեղասպան»

Թուրքիայի արտգործանախարարության «X»-ի էջում կատարված հրապարակման մեջ մանրամասներ են ներկայացվել գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանի` «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նստաշրջանին զուգահեռ անցկացվել էր «Քաղաքակրթությունների դաշնային և բարեկամական խմբի արտգործնախարարների նիստ», որի ժամանակ Ֆիդանն անդրադարձել էր Պաղեստինի հարցին:

Նա հայտարարել է, որ Թուրքիայի վերջնանպատակը Պաղեստինի խնդրի լուծման հարցում ունեցած սեփական տեսակետի կյանքի կոչումն է, որով պետք է ստեղծվի երկու պետություն:

Ֆիդանը նաև շնորհավերել է Պաղեստինին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի անդամ երկրների մեջ հայտնվելու առթիվ և ընդգծել այդ պետության ՄԱԿ ամբողջական անդամ դառնալու կարևորությունը:

«Սակայն կարևոր է, որ Պաղեստինն առանց ուշացման դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ»:

Թուրքիայի ԱԳ նախարարը, անդրադառնալով Իսրայելի կողմից Պաղեստինի նկատմամբ վարվող քաղաքականությանը, ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի «մոլեռանդ» կառավարությունը բացահայտ կերպով «ցեղասպանական արշավ» է իրականացնում պաղեստինցիների դեմ:

Նշենք, որ Իսրայելի և Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների միջև վերջիններիս նախահարձակմամբ ռազմական լայնամասշտաբ բախումը մեկնարկել է 2023-ի հոկտեմբերի 7-ին և շարունակվում է մինչ օրս:

Բախումներից հետո Թուրքիան անմիջապես որդեգրեց հակահրեական քաղաքականություն, որին հաջորդեց առևտրի ամբողջական դադարեցման և Իսրայելի կողմից ցեղասպանության իրականացման մասին հայտարարությունները, սակայն հատկանշական է, որ մինչ օրս իրարամերժ տարբեր լուրեր են տարածվում՝ առևտուրը շարունակելու մասին:

Այս ամենին զուգահեռ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը շարունակում է յուրաքանչյուր հնարավոր հարթակում խոսել Պաղեստինի խնդրի մասին:

Տեսանյութեր

Լրահոս