
Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերին

Ականավոր գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու մյուս բոլոր հայ գերիներին:
Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ լրացավ մեկ տարին, ինչ իր ընկեր, գործընկեր Ռուբեն Վարդանյանը բռնի և ապօրինի կերպով ձերբակալվել է Ադրբեջանի կողմից: Բազմաթիվ այլ հայերի հետ նա շարունակում է ապօրինի պահվել Բաքվում, որտեղ բացահայտորեն խախտվում են նրանց հիմնարար իրավունքները:
«Աշխարհը չպետք է նկատի անարդարություն ու ոչինչ չանի: Ժամանակն է գործելու, հատկապես, երբ Ադրբեջանը պատրաստվում է ընդունել COP29-ը՝ ծաղրելով այն, ինչը պետք է առանցքային կլիմայական իրադարձություն լինի աշխարհի համար, որը մարդու իրավունքները համարում է իր օրակարգի առանցքը: Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Ռուբենին և Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին»,-գրել է Աֆեյանը: