Փոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգում

2020 թ․ տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը չեն դիմել և չեն ստացել հավաստագիր, հնարավորություն կունենան օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որը հաստատվել է 2024 թվականի մայիսի 16-ին։ Վերջիններս կկարողանան դիմել գործող ծրագրին՝ սահմանված առաջնահերթություններին և պայմաններին համապատասխանելու դեպքում: Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական նախարարությունից:

Ծրագրում իրականացված փոփոխություններով՝ հաստատվել է նաև գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի իրացման ընթացակարգը, հստակեցվել են ծրագրի բոլոր բաղադրիչներով ստացված առցանց դիմումների մշակման գործընթացում Միասնական սոցիալական ծառայության գործառույթները, ինչպես նաև պարզաբանվել են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։

Հիշեցնենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք ՀՀ են տեղահանվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և չունեն սեփականություն․ աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հղմամբ։

Միջոցառումն իրականացվում է 3 փուլով՝

• հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը,

• հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը,

• օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը։

Առաջին փուլի շրջանակում դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 30-ն է։

Առաջին փուլում կարող են ընդգրկվել՝

* 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,

* 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,

* զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,

* գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,

* ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։

Երկրորդ փուլից կարող են օգտվել՝

* 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,

* 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,

Երրորդ փուլում կարող են ընդգրկվել՝

* ցանկացած կազմով ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն առաջին երկու փուլերում։

Տեսանյութեր

Լրահոս