Google $2.7 մլրդ է վճարել ընկերությունը լքած ՏՏ մասնագետին հետ բերելու համար
Google-ը 2,7 միլիարդ դոլար արժողությամբ գործարք է կնքել Character AI ստարտափի հետ, որը հիմնադրել է տեխնոլոգիական հսկայի նախկին աշխատակից Նոամ Շազիրը: Աղբյուրը նշում է, որ Google-ի հիմնական նպատակը եղել է Շազիրին, որը հայտնի է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում իր հետազոտություններով, հետ բերել ընկերություն։ Ներկայումս Շազիրը Google-ի փոխնախագահն է և աշխատում է ԱԲ ալգորիթմների, այդ թվում՝ Gemini-ի մշակման վրա։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Հաղորդվում է, որ Google-ը համաձայնել է լիցենզավորման զգալի գումարներ վճարել՝ միայն թե կարողանա հետ բերել Շազիրին։ Ըստ խնդրին ծանոթ աղբյուրի՝ վերջինս հարյուր միլիոնավոր դոլարներ է վաստակել Character AI ստարտափի իր բաժնեմասից: Forbes-ը նրան ԱԲ ոլորտի հանճար է անվանում:
Նոամ Շազիրը Google-ում աշխատում է 2000-ից։ 2017-ին նա հրապարակել է «Ուշադրություն․ սա այն ամենն է, ինչ հարկավոր է ձեզ» վերնագրով հոդվածը, որը հիմք դարձավ գեներատիվ նեյրոնային ցանցերի տեխնոլոգիայի համար։ Ավելի ուշ նա ստեղծել է Meena չատբոտը և կանխատեսել, որ մոտ ապագայում այն կարող է փոխարինել Google-ի որոնողական համակարգին և տրիլիոնավոր դոլարների եկամուտ ապահովել:
Շազիրը հիմնել է Character AI ստարտափը, որը երկու տարի անց 150 միլիոն դոլարի ֆինանսավորում է ներգրավել և գնահատվել 1 միլիարդ դոլար։ OpenAI-ի և Microsoft-ի մրցակցության ֆոնին Շազիրը փորձել է ավելի շատ միջոցներ հավաքել իր ստարտափի համար և ի վերջո կարողացել է համաձայնության գալ Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի հետ։ Գործարքի արդյունքում Շազիրը և Character AI-ի մի քանի տասնյակ այլ աշխատակիցներ տեղափոխվել են Google։