
«Ռուբենը» լույս է տեսել Ռուբեն Վարդանյանի մասին պատմող գիրք

Արդեն մեկ տարի Ռուբեն Վարդանյանն ապօրինի գտնվում է Բաքվի բանտում։ Ադրբեջանը Վարդանյանին ձերբակալեց 2023-ի սեպտեմբերի 27֊ին՝ Հակարիի կամուրջն անցնելիս։
Վերջերս լույս տեսավ ՌԴ հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովի ու մեդիա հաղորդակցության մասնագետ, գրող Ալինա Գասումյանովայի «Ռուբենը» գիրքը։
Newmag-ը բնօրինակի լույս ընծայումից ամիսներ անց այն թարգմանել է հայերեն։ Գիրքն արդարության և Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչ է, որպեսզի նա կարողանա շարունակել իր հարյուրավոր մարդասիրական նախագծերը։
Հեղինակները հավաքել են բիզնեսի, գիտության, արվեստի ռուս և հայ գործիչների գնահատականներն ու կարծիքները հեռատես, սոցիալական ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի մասին։ Մարդու, որն այսօր ու արդեն մեկ տարի Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ է։
«Ռուբենը» գրքի շնորհանդեսը նախատեսված է հոկտեմբերի 7-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում, մուտքն ազատ է։