Բայդենը Նյու Յորքում հանդիպել է Զելենսկիի հետ և հայտարարել 375 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը»:
Բայդենը նշել է, որ կավելացնի անվտանգության ոլորտում աջակցությունը Կիևին, որը «կօգնի Ուկրաինային հաղթել»։ Իր հերթին Զելենսկին ամփոփ ներկայացրել է հաղթանակի իր ծրագիրը, որը երկու ղեկավարները մանրամասն կքննարկեն Սպիտակ տանը կայանալիք երկկողմ հանդիպման ժամանակ։
Բայդենը նաև հայտարարել է, որ Ուկրաինային 375 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացվի: Սպիտակ տան կողմից հրապարակված հուշագրում նշվում է, որ Բայդենը հանձնարարում է Կիևին մինչև 375 միլիոն դոլար ուղղել «Պաշտպանության նախարարության պաշտպանական ստորաբաժանումների ու ծառայությունների, ինչպես նաև ռազմական կրթության ու վերապատրաստման» տեսքով։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնն ուկրաինացի գործընկերներին տրամադրում է «հրատապ անհրաժեշտ զենքի ու տեխնիկայի ևս մեկ նշանակալի փաթեթ»:
Ըստ հայտարարության՝ փաթեթը ներառում է «լրացուցիչ զինամթերք և աջակցություն HIMARS-ի համար, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային զինամթերք, կասետային զինամթերք, MRAP անվավոր զրահամեքենաներ` ուժեղացված հակաականային պաշտպանությամբ և թեթև մարտավարական փոխադրամիջոցներ, պարեկային նավակներ, հրաձգային զենք»։
Բացի այդ, նոր փաթեթում տեղ են գտել հրթիռներ Javelin-ի համար, TOW և AT-4 հակատանկային հրթիռներ, ինչպես նաև «պահեստամասեր, օժանդակ սարքավորում, ծառայություններ, ուսուցում և փոխադրամիջոցներ»:
«Մենք այս նոր օգնությունը կտրամադրենք հնարավորինս արագ», – հայտնել են Պետքարտուղարությունում:
Այս փաթեթի հետ միասին ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային անվտանգության ոլորտում ցուցաբերած ընդհանուր օգնությունը 2022 թ. փետրվարից ի վեր ընկած ժամանակաշրջանում կկազմի ավելի քան 56,2 մլրդ դոլար: