«Պետք է այնպես անել, որ ժողովրդի մեջ հույս լինի, որպեսզի դուրս գա փողոց ու սատարի շարժմանը». Վարդան Խաչատրյան

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Մարզահամերգային համալիրում հրավիրած մեծ հավաքի ժամանակ Սրբազան պայքարի առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ վերսկսվում է պայքարի ակտիվ շրջանը և հոկտեմբերի 2-ին ժամը 18։30 ին հավաքվելու են Հանրապետության հրապարակում։

«Մտնում ենք պայքարի ինտեսիվ և հետևողական փուլ, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ, հաղթանակով երաշխավորված։

ՀՀ գործող վարչախմբի սահմանադրական կարգն ու պետության հիմքերը քայքայող գործողությունները պետք է համարժեք արձագանք ստանան, և իրենք կոչված են վերականգնելու սահմանադրական կարգը երկրում»,- ասել է Բագրատ սրբազանը։

Արդյո՞ք սրբազան շարժումը փոխում է իր մարտավարությունը, ի՞նչ զարգացումների սպասել, իշխանությունը լո՞ւրջ չի վերաբերվում շարժման հայտարարություններին, որ սպասվելու է թեժ աշուն։

Կարդացեք նաև

Փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ Վարդան Խաչատրյանի խոսքով՝ քաղաքականության մեջ համանման կարծիքները տեղ չունեն, որովհետև ամեն ինչ երևալու է կիրառական առումով, կիրառական ընթացքից, թե ինչին կարձագանքի ժողովուրդը։

«Սա նուրբ հարց է, մեծ բան է կախված նրանից, թե հասարակական զանգվածն ինչին կարձագանքի։ Այսօր տեխնոլոգիաները համեմատաբար ավելի բարդացված են։ Ինքս չեմ տիրապետում, չգիտեմ՝ Սրբազան պայքարն ինչպիսի՞ մարտավարություն կընտրի։

Չգիտեմ՝ հիմա շարժման հետևում ինչպիսի տեխնոլոգիաներ են դրված, արդյո՞ք շարժման հետևում կա մոտիվացնող խումբ, և այլն։ Սա շարժում է, որը հաջողության հասնելու համար կա հազար ու մի հարց։ Դրա համար այս պահին դժվարանում եմ ասել, թե որքանով այս շարժումը կհաջողի կամ չի հաջողի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Խաչատրյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ այս ամենով հանդերձ՝ անհրաժեշտ է այնպիսի փոփոխություններ մտցնել շարժման ռազմավարության մեջ, որը ժողովրդի մեջ հույս կառաջացնի։

«Պետք է այնպես անել, որ ժողովրդի մեջ հույս ու մոտիվացիա լինի, որպեսզի նույն այդ ժողովուրդը դուրս գա փողոց ու սատարի շարժմանն ու դրա գաղափարին։ Կստացվի՞ դա, առաջիկայում կտեսնենք։ Ես հիմա կարող եմ իմ տեսակետն ասել, ինչն առհասարակ կապ չունի այն ամենի հետ, ինչ անում են այս շարժման ղեկավարները, այդ պատճառով էլ այս պահին այսքանը կարող եմ ասել»,- եզրափակեց Վարդան Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս