Որոշել ենք՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 18:30 հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարի ակտիվ շրջանը կվերսկսվի։ Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հավաքի ժամանակ հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը

«Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»,–ասաց նա։

Նրա խոսքով` մայիս ամսից անընդհատ լսում են, որ շարժումը մարել է կամ մարում է` ոմանց մոտ ուրախություն առաջացնելով, ոմանց մոտ էլ` կասկածներ և տագնապ։

«Այս շարժումը նոր է սկսում, և եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է։ Այս նյարդերի պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ և համբերատար, ով պատրաստ է զոհաբերության և զրկանքների, որովհետև սա ճշմարտության համար պայքար է, և ոչ մեկ չի կարող մեզ, ինձ բաժանել այս հավատքից»,–ասաց նա։

Բագրատ Սրբազանն ընդգծեց, որ ՀՀ գործող վարչախմբի սահմանադրական կարգն ու պետության հիմքերը քայքայող գործողությունները պետք է համարժեք արձագանք ստանան, և իրենք կոչված են վերականգնելու սահմանադրական կարգը երկրում։

Նա վստահ է, որ Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի ազգային և պետական շահերի դիրքերից։

Բացի այդ` պետք է ձևավորել ներ իշխանություն, որը կձևավորվի ըստ արժանիքների , դառնալով հաշտության և բոլոր ունակների կառավարություն։

Ըստ շարժման առաջնորդի` պետք է վերացվեն ՀՀ իշխանության կողմից հանրության ներսում ստեղծված պետության և հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը, վերականգնել ազգային համերաշխությունը։

«Մենք պետք է դառնանք կայուն և երկարաժամկետ խաղաղության դրոշակակիրը։ Այս գերլարված տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը կարելի է վերադարձնել իրական բանակցություններով, Արցախյան հիմնախնդիրը միջազգային օրակարգ բերելով, արցախցիների սեփական բնօրան վերադարձի իրավունքն ապահովելով»,–ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս