Լիտվայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զինվորականների մասնակցությամբ զորավարժությունները
Լիտվայի երեք զորավարժարաններում սեպտեմբերի 23-ին մեկնարկում են «Fire Thunder 2024» կրակային աջակցության ստորաբաժանման միջազգային զորավարժությունները: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Լիտվական բանակի հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունները կանցկացվեն Շվենչենի շրջանում գտնվող գեներալ Սիլվեստրաս Ժուկաուսկասի անվան զորավարժարանում, ինչպես նաև Կայրիայի և Կազլու Ռուդայի զորավարժարաններում։
Մինչև սեպտեմբերի 27-ը զորավարժություններին կմասնակցեն Լիտվայի բանակի ցամաքային զորքերի հրետանային ստորաբաժանումները, ինչպես նաև Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի առաջապահ զինվորականներն ու ռազմական տեխնիկան և ԱՄՆ-ի 82-րդ հրետանային գնդի 1-ին գումարտակը։
Զինվորականների տվյալներով՝ զորավարժությունների ընթացքում կմարզեն և կգնահատեն ստորաբաժանումների կարողությունը՝ արդյունավետորեն իրականացնելու փակ դիրքերից կրակելու առաջադրանքները և բարելավելու փոխգործակցությունը դաշնակիցների կրակային աջակցության միացյալ ստորաբաժանումների միջև: