Սրանք Արցախի վրա խաչ քաշեցին դեռևս 2020-ին, երբ արցախցիներին պատանդ դարձրին թշնամու ձեռքում․ Պարույր Հայրիկյան
Երբ ընդունվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և դա համարվեց իբր դրական քայլ, սարսափելի էր, քանի որ Արցախն այդպիսով հայտնվեց պատանդի կարգավիճակում։ Դրանից մի քանի օր անց սկսեցին ծանր հրետանի տեղափոխել Աղավնո գետին հարակից ճանապարհով՝ դեպի հյուսիս, և պարզ էր, որ թշնամին գնում է դեպի Ջերմուկ, այն վտանգված է։ Պատերազմն արվեց նրա համար, որ հակառակորդը մեզ կաշկանդված պահի։ Երբ այդ ընթացքում նաև պատանդ է վերցվում, ինչպես դարեր շարունակ է եղել, թշնամին քեզ կախվածության մեջ է սկսում պահել։ 2020 թվականին Հայաստանի իշխանություններն Արցախի համար ամրագրեցին պատանդի կարգավիճակը։ Դա սարսափելի իրողություն է։ Վերջնական հարվածը, որքան էլ արտառոց է, արցախցիներին ազատեց գոնե պատանդի կարգավիճակից։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
«Ինչ վերաբերում է միջազգային մակարդակով արդարության հաստատմանը, հույսով չապրենք, բայց համաշխարհային հանրությունը կապրի միայն արդարության դեպքում, այլապես նույն այդ հանրությունը, մեր քաղաքակրթությունը նույնպես վտանգի տակ են։ Եթե խոսում ենք Արցախի մասին, ինչո՞ւ ենք մոռանում Նախիջևանը, Վանը, Կարսը։ Այսինքն, եթե արդարության տեսակետից ենք խոսում, այստեղ կար մի առավելություն՝ պատմական Հայաստանի այդ հատվածում հայերը շարունակում էին ապրել։ Բայց Հայկական հարցի տեսանկյունից սարսափելի է, երբ հայ մարդը ոչնչանում է, կամ, որ ավելի վատ է՝ պատանդի կարգավիճակում է հայտնվում։ Մնացած բոլոր հարցերը կարող են լուծվել»,- ասաց քաղաքական գործիչը։
«Ամենասարսափելին հանձնվելու, անձնատուր լինելու, իրադարձությունների ընթացքին տրվելու տրամադրվածությունն է, որը պատերազմի օրերին սկսել էր համակել մեզ։ Հետո դա ներկայացվեց՝ որպես բարեգործություն, իբր՝ տեսեք, թե որքան լավն են, մեզ խաղաղություն են առաջարկում, այնինչ դա խաղաղություն չէր, մենք ի սկզբանե պատանդի կարգավիճակում էինք։ Մի կողմից՝ մենք կորցրինք մեր բնօրրանը, Հայաստանը կորցրեց իր պատմական հայրենիքի մի մասը, մյուս կողմից՝ արցախցիներն այլևս պատանդ չեն։ Կարող է տարօրինակ թվալ, բայց արցախցիներն այլևս մեր թշնամիների բարյացակամության սպասավորը չեն՝ անվտանգության, մարդկային կյանքերի իմաստով։ Նրանք համատարած վտանգված էին։ Մենք դեռևս օտարի, խաղաղարար ուժերի պաշտպանության հույսին չենք, և որպես միջազգային իրավունքի ենթակա՝ գործոն ենք։ Մինչդեռ ինքնախաբեություն է պնդելը, թե արցախցիները գործոն էին և պետք է կռվեին»,- նշեց Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդի կարծիքով՝ մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, խոսք ունենք մեր իշխանություններին, որոնք որևէ հարցում հետևողական ու նպատակասլաց չեղան. «2020 թվականից հետո խոսվեց պահեստազորի մասին, որոշումներ ընդունվեցին, բայց դրանք նույնքան էլ հանկարծակի անէացան։ Այնպես որ, քաղաքակիրթ աշխարհից որևէ բան ոչ միայն պահանջելուց, այլև անգամ ակնկալելուց առաջ պետք է նայենք, թե այդ նույն աշխարհում մեզ ներկայացնող իշխանավորներն ինչ կեցվածք ունեն։ Սրանք անկանխատեսելի են՝ բառի ամենաբացասական իմաստով։ Հյուսիսից եկած երաշխավորների դերը մենք տեսանք, շատ բան վերցրին իրենց վրա, մեր իշխանությունների համաձայնությամբ՝ միջազգային խաղաղարարների փոխարեն՝ հակամարտությանը մասնակցած պետության զինված ուժեր եկան, որոնք ոչինչ չկարողացան անել»:
«Մեզ որևէ մեկը պարտական չէ, մանավանդ որ, Արևմուտքը պատերազմական վիճակում է Ռուսաստանի հետ, իսկ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք։ Նրանք, ընդհակառակը, պետք է մեր նկատմամբ շատ վատ տրամադրված լինեին, բայց բարեբախտաբար, իրավաքաղաքական ինչ-որ քայլեր արեցին, որոնց դրական ներգործությունն անառարկելի է։ Ճիշտ է, Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներն իրենք չպահանջեցին, որ Մինսկի խումբը գործի, բայց դա նույնպես հետևանքն է նրա, որ այստեղից ասում էին՝ երկկողմ կբանակցենք, կամ էլ՝ Ռուսաստանի դերակատարումը բավական է»,- ամփոփեց Պարույր Հայրիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.