Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է անցկացրել Լիբանանում իրավիճակի սրման պատճառով
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին անցկացրել է COBRA արտակարգ կառավարական նիստ՝ քննարկելու Լիբանանում իրադրության սրումը: Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել առավոտյան, քննարկվել է Լիբանանում մնացած Բրիտանիայի քաղաքացիներին դուրս բերելու հնարավորությունը։ Ինչպես նշել է The Guardian-ը, բրիտանական իշխանությունները չեն ցանկանում քաոսի կրկնություն, որը տեղի ունեցավ 2021 թ. օգոստոսին Աֆղանստանից Մեծ Բրիտանիայի զինծառայողների և դիվանագիտական աշխատողների շտապ տարհանման ժամանակ։
Դեռ 2023 թ. աշնանը Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը երկրի քաղաքացիներին կոչ էր արել որևէ ուղևորություն չկատարել Լիբանան` Իսրայելի և Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության սրման ֆոնին: Ամռանը Մեծ Բրիտանիան RFA Cardigan Bay դեսանտային նավը և HMS Duncan էսկադրային ականակիրն ուղարկեց Միջերկրական ծովի արևելյան մաս` անհրաժեշտության դեպքում իր հպատակներին Լիբանանից տարհանելու համար։
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում հազարավոր փեյջերների և ռացիաների պայթյուններից հետո, որի հետևանքով զոհվել է 37 մարդ, վիրավորվել՝ շուրջ 3500-ը, տարածաշրջանում «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև լայնամասշտաբ պատերազմի բռնկման մտավախությունները մեծացել են։ Իսրայելն ուղղակիորեն չի անդրադարձել Լիբանանում սարքերի պայթյուններին, սակայն դրանք վերագրվում են Իսրայելին։ Սեպտեմբերի 20-ին «Հեզբոլլահ»-ն Իսրայելի հյուսիսային շրջանների վրա է արձակել 140 հրթիռ։ Իսրայելն իր հերթին հարվածել է Բեյրութին։