
Հյուսիսային Կորեայից աղբով լի փուչիկն ընկել է Սեուլի կառավարական համալիրի մերձակայքում

Աղբով լի փուչիկը, որը ենթադրաբար արձակվել է Հյուսիսային Կորեայից, կրկին ընկել է Սեուլի կենտրոնական շրջանում գտնվող Հարավային Կորեայի կառավարական համալիրի տարածքում։ Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։
Առավոտյան արտակարգ ծառայությունները հաղորդագրություն են ստացել այն մասին, որ կառավարական համալիրի գլխավոր մուտքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում աղբով լցված փուչիկ է հայտնաբերվել։
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, ռազմական մասնագետներն ստուգել են փուչիկի պարունակությունը վտանգավոր նյութերի առկայության նպատակով և հեռացրել աղբը։ Մասնավորապես, նշվում է, որ պլաստիկի կտորի վրա հայտնաբերվել է հասցե Փհենյանում։
Ենթադրվում է, որ փուչիկն արձակվել է սեպտեմբերի 18-ին:
Նման մի փուչիկ մայիսի 29-ին վայրէջք էր կատարել կառավարական համալիրի շենքի տանիքին։ Իսկ հուլիսին ԿԺԴՀ-ից արձակված աղբը հայտնվել էր նախագահական վարչակազմի համալիրի տարածքում։ Հյուսիսային Կորեան մայիսից ի վեր դեպի Հարավային Կորեա է արձակել աղբով լի հազարավոր փուչիկներ։