«Ժողովուրդը հոգնե՞լ է պատերազմներից, ուրեմն՝ գաղթական կդառնա». Աշոտ Ավագյան
«Սյունիքի շուրջ կա լարվածություն, բայց սյունեցիք իրենց համար հանգիստ քնած են, ասես ոչ մի բան չկա աշխարհում: Ես չգիտեմ՝ Երևանում ինչ է կատարվում, իսկ Սյունիքում մարդիկ իրենց գործով, իրենց աշխատանքով, իրենց դարդով և առօրյայով են ապրում, մեծ մասին որևէ բան չի հետաքրքրում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Սիսական» ջոկատի կամավորական, նկարիչ Աշոտ Ավագյանը:
«Խաղաղությունը երկու պատերազմի արանքում ընկած ժամանակաշրջանն է. ի՞նչ խաղաղություն, չկա նման բան: Եթե մարդիկ նայեն, թե ինչքան ժամանակ է մեր ժողովուրդը խաղաղ ապրել, ինչքան ժամանակ՝ ոչ, կհասկանանք, որ խաղաղություն գոյություն չունի, կան մշտական պատերազմներ, իսկ դրանց համար անհրաժեշտ է միշտ պատրաստվել»,- ընդգծեց նա:
Նկարչի խոսքով՝ գործող իշխանությունների զիջողական քաղաքականությունը խաղաղություն չի բերելու. «Նորից եմ ասում՝ խաղաղությունը երկու պատերազմների միջև ընկած շրջանն է, որտեղ մարդիկ պատրաստվում են հաջորդ պատերազմին: Մենք չենք հասկանում այն տարածքի տրամաբանությունը, որտեղ մենք ապրում ենք: Մենք պետք է հասկանանք, որ սա հարատև պայքար է, և ամեն րոպե մեզանից յուրաքանչյուրը պայքարի տրամաբանության մեջ ապրի, իսկ այդ ընթացքում լիքը բաներ կան, որ պետք է արվեն՝ սկսած կրթությունից, ավանդույթները պահելուց»:
Նա նշեց, որ Սյունիքում էլ են միշտ փրկիչների փնտրում.
«Հարատև պայքարի տրամաբանության մեջ պետք է մտնի, որ՝ ոչ ոք քեզ չի փրկելու, դու պետք է քեզ փրկես: Եթե դու քեզ չուզեցիր փրկել՝ քեզ ոչ ոք չի փրկելու, որովհետև իրենք իրենց խնդիրներն են լուծելու: Ժողովուրդը հոգնե՞լ է պատերազմներից, ուրեմն՝ գաղթական կդառնա: Այդպես չի լինում: Կա՛մ հոգնում են ու վերանում են, կա՛մ պայքարում են և մնում են: Միայն պայքարելով կարող ես խաղաղության հասնել, այն էլ՝ որոշակի ժամանակաշրջան: Հարատև խաղաղության մասին խոսք լինել չի կարող և ընդհանրապես տիեզերքում չկա հարատև խաղաղություն. Մեկ պատերազմ է, մեկ խաղաղություն, հետո հետևում է հաջորդ պատերազմը, հետո՝ խաղաղություն, և պատրաստվելու խնդիրն է այդ արանքում»:
90-ականներից հետո գիտեինք, որ երբ ադրբեջանցիների ատամը կտրեց՝ հարձակվելու են, պատրաստվում էինք, բայց մի շրջան արդեն սխալ ճանապարհով սկսեցինք գնալ, հո միայն զինականի մասի՞ն չէ, այստեղ նաև ժողովրդի հոգեբանությունն է, ավանդույթները ոչնչացնելը: Գործոնները բազմաթիվ էին, մենք միայն մի ուղղությամբ էինք գնում. միայն զենք առնելով չէ, այդ զենքի հետևում մարդ պետք է կանգնի, իսկ 30 տարվա մեջ մարդուն սարքեցին ստրկամիտ, վախկոտ, խաղաղություն մուրացող: Նախկիններին շատ բան չասեմ, բայց մեղքի բաժին ունեն»:
«Սիսական» ջոկատի կամավորականը շեշտեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում խայտառակ իրավիճակ է.
«Բարդակ էր, շունը տիրոջը չէր ճանաչում: Դա ես տեսել եմ: Այդ իրավիճակում հնարավոր չէր հաղթելու կամ պահելու մասին խոսել: Դա գալիս է վերևից, միշտ էլ այդպես է: Այդ ընթացքում խոսում էին դավաճանության մասին, նախկինների մասին խոսել, պանիկա տարածել, սկսեցին կազմաքանդել հոգեբանությունը, անիմաստ նահանջներ գրանցել, և այդ բոլորը պատճառ եղավ մեր պարտության: Երբ փորձառու զինվորականներին գործից ազատում ես, տեղը բերում ես չգիտեմ ում, արդեն մի մեծ քայլ նահանջ ես արել, և բնական է, որ այդպես պետք է լիներ: 2018-ից հետո ընդհանուր վիճակը տանում էր դրան: Որոշ մարդիկ տեսնում էին դա և բարձրաձայնում, բայց լսող չկար: Հիմա մասսայական է այդ խոսակցությունը, որ հատուկ տարել են պարտության»:
Արվեստագետը «Ռևանշ լինելու է» խորագրով շարք է անում այն հույսով, որ մի օր ռևանշ իսկապես լինելու է. «Ես փորձում եմ արթուն պահել ռևանշի գաղափարը, որովհետև այն կենսակերպ է: Եթե դա էլ վերանա, մենք դառնալու ենք գնչու կամ վերանալու ենք ընդհանրապես: Ռևանշն այն է, որ մենք պետք է պատրաստվենք հարատև կռվի, և դա այսօր կամ 5 տարի հետո չի լինելու, այդ ռևանշը չգիտեմ՝ երբ է լինելու, բայց իմ խնդիրը քարոզն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում