
Զորամասում «Զանգեզուր» ֆիլմը ցուցադրվել է հրամանատարի որոշմամբ

Հայաստանի կինոյի հիմնադրամի ֆեյսբուքյան էջում 168.am-ի ուշադրությունը գրավել էր մի հաղորդագրություն, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ ԶՈՒ N զորամասում կազմակերպվել է Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» ֆիլմի ցուցադրությունը, որտեղ Գարեգին Նժդեհը ներկայացվում է՝ որպես խեղճ, փախուստի դիմող անձնավորություն:
ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է այս փաստին:
«Երեկ ուշ գիշերին Ձեր գործընկերներից մեկը՝ 168.am-ից Մարիամ Պետրոսյանը, մի խայտառակ փաստ է հրապարակել. Գարեգին Նժդեհի մասին բոլշևիկյան «Զանգեզուր» կինոն օրերս զորամասերից մեկում ցուցադրել են։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ զինված ուժեր ենք ձևավորում, որ Գարեգին Նժդեհին որպես դավաճան, խեղկատակ են ներկայացնում։ Սա է այսօրվա ԶՈՒ բարոյահոգեբանական մթնոլորտը»,- նշել է պատգամավորը:
168.am–ի տեղեկություններով, Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» ֆիլմը ցուցադրվել է Նուբարաշենի ուսումնական գումարտակում, եղել է տեղի հրամանատարի ինքնագործունեությունը, քանի որ համապատասխան թույլտվություն վերադասից չի ստացել, հայտ չի ներկայացվել: Որոշ ընթացակարգերից հետո պարզ կդառնա՝ ծառայողական քննություն կնշանակվի՞, թե՞ ոչ: