«Ադրբեջանն անհանգիստ է Հայաստանի այդ քայլից». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ հնարավոր չէ ասել, թե Ադրբեջանի հետ երբ կստորագրվի խաղաղության պայմանագիր։

«Ժամկետների մասին, բնականաբար, չենք խոսում, որովհետև գործընթացը տեղի է ունենում։ Լավ կլիներ, որ կարողանայինք ժամկետների մասին խոսել, բայց, ցավոք, հիմա չենք կարող։ Միջազգային գործընկերների աջակցություն կա, թե որքանով է միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի վրա, կարող ենք դատել տեղի ունեցող իրադարձություններից, նաև տարբեր երկրների պաշտոնատար անձանց կողմից։

Ադրբեջանում կազմակերպվելիք COP-29 միջոցառումը բավականին կարևոր է, ներկայացուցչական կազմ է լինելու Բաքվում։ Հուսանք՝ մեր միջազգային գործընկերները կաջակցեն մեզ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Նա չկարողացավ պատասխանել հարցին՝ արդյոք Հայաստանը Բաքվում անցկացվելիք COP-29 միջոցառմանը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ, շեշտելով, որ այս պահին պահը պատեհ չէ այդ մասին խոսելու համար։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հարցին, թե՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, խաղաղության պայմանագրում կա 17 կետ, որից 13-ը համաձայնեցված է, 3-ը որոշ չափով է համաձայնեցված, հետևաբար՝ ո՞ր կետի շուրջ է, որ չկա համաձայնություն, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ բանակցություններ են տեղի ունենում, ինչի մասին բազմիցս ասել են։

«Եթե բանակցության ընթացքում որևէ մեկը կանխորոշի այդ բանակցությունների ընթացքը, բնականաբար, մենք արդյունքի չենք հասնելու»,- ընդգծեց նա։

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ չցանկացավ անդրադառնալ տելեգրամյան ալիքներում տարածված տեղեկատվությանը, թե ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում սահմանին, շեշտելով՝ Տելեգրամի սեփականատիրոջ հետ կապված ամբողջ աշխարհը խնդիր ունի։

«Հիմա ես ձեզ ասեմ, թե ինչու է անհանգստացած Ադրբեջանը, որովհետև Հայաստանի Կառավարությունը և նրա Զինված ուժերն իրականացնում են լայնածավալ ծրագրեր մեր բոլորի անվտանգության մակարդակը մի քանի աստիճան բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս