Ուկրաինայի հետախուզության ղեկավարը պատմել է, թե Ռուսաստանը երբ կցանկանար ավարտել պատերազմը
Ռուսաստանը ցանկանում է մինչև 2025-ի վերջը – 2026-ի սկիզբն իր հաղթանակով ավարտել պատերազմը, քանի որ 2025-ի ամառվանից լուրջ խնդիրներ կլինեն տնտեսության մեջ և մոբիլիզացիայի անհրաժեշտություն կառաջանա, ինչը կարող է խարխլել սոցիալ-քաղաքական իրավիճակը,- հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։
«2025-ի վերջը – 2026-ի սկիզբը կարևոր սահմանագիծ է նրանց համար։ Դրա համար էլ նրանք ուզում են ավարտել այս ամենը, քանի որ, հենց իրենց հաշվարկներով, եթե Ռուսաստանի Դաշնությունը այս պատերազմից պայմանական հաղթող դուրս չգա, ապա հեռավոր ապագայում, ասենք առաջիկա 30 տարում այն կկորցնի գերտերություն լինելու հնարավորությունը, ինչին ձգտում է»,- ասել է նա։
Բուդանովը նշել է, որ Ռուսաստանը կանխատեսում է, որ «իրենց բոլոր խնդիրները կսկսվեն 25-ի ամռանը», քանի որ իրար կգումարվեն և՛ ֆինանսատնտեսական, և՛ սոցիալ-քաղաքական գործոնները։
Ըստ նրա, այժմ Ռուսաստանի Դաշնությունը ճիշտ է պայքարում տնտեսական իրավիճակի վատացման դեմ, քանի որ հասկանում է, որ անկումը շարունակվում է, ինչն արդեն նկատելի ու հիվանդագին է դարձել։
Ուկրաինայի հետախուզության ղեկավարն ասել է, որ Ռուսաստանում գնալով ավելի սուր է դառնում բանակում զինվորների պակասի հարցը։
«Այս ժամանակահատվածում (2025 թվականի ամառ) նրանք կկանգնեն երկընտրանքի առաջ՝ կա՛մ մոբիլիզացիա հայտարարել, կա՛մ ինչ-որ կերպ նվազեցնել ռազմական գործողությունների ինտենսիվությունը, ինչը նրանց համար, ի վերջո, կարող է կրիտիկական դառնալ»,- նշել է Բուդանովը։
Ըստ Բուդանովի, ինչ էլ որ ասեն, Ռուսաստանում պատերազմից հոգնածություն կա, քանի որ պատերազմն արդեն իր ազդեցությունն է գործել ՌԴ բնակչության մի ստվար շերտի վրա։