Եվս 38.000 մարդ հեռացել է երկրից. Սա է Հայաստանը «զարգացման նոր ուղեծիր դուրս բերելու» արդյունքը

Չնայած հերթական ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, Նիկոլ Փաշինյանն արդեն մեկնարկել է քարոզարշավը։ Կեղծ լավատեսությամբ փորձում է տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ լավ է, մարդիկ գոհ ու երջանիկ ապրում են, երկիրը դուրս են բերել զարգացման նոր ուղեծիր, Հայաստանը շոշափելի տեմպերով առաջ է գնում։

Օրերս էլ Ֆեյսբուքում էր մտքի հերթական «փայլատակումը» կատարել։

-«Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին. «Այստեղ հաց, այստեղ կաց»»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Հիմա տեսնենք, թե Հայաստանի Հանրապետության երբեմնի հպարտ քաղաքացիներն ինչպես են մինչև հիմա հետևել Նիկոլ Փաշինյանի այդ կարգախոսին, ինչքանո՞վ են իշխանություններն ապահովել, որպեսզի մարդիկ մնան ու ապրեն Հայաստանում։

Մինչ Նիկոլ Փաշինյանն «Այստեղ հաց, այստեղ կաց»-ից է խոսում, երկիրը դատարկվում է, ու դրա և՛ մեղավորը, և՛ պատասխանատուն իշխանություններն են՝ իրենց իրականացրած տնտեսական, սոցիալական, անվտանգային քաղաքականությամբ։

Այս տարվա առաջին 7 ամիսներին երկրից ևս շուրջ 38 հազար մարդ է հեռացել ու չի վերադարձել։

Սա է Հայաստանի քաղաքացիների պատասխանը Նիկոլ Փաշինյանի կեղծ կոչերին, սա է Հայաստանը «զարգացման նոր ուղեծիր դուրս բերելու» արդյունքը։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չի խոսում։ Նախկինում պիտի լիներ, որ ճղճղոցը գցեր, մեղադրեր իշխանություններին՝ երկիրը դատարկելու մեջ։

Վերջին տարիներին Հայաստանից հարյուր-հազարավոր քաղաքացիներ են հեռացել։

Պարզվում է, որքան իշխանությունները երկիրը զարգացման նոր ուղեծիր են դուրս բերում, այնքան ավելի շատ մարդ է կորցնում հավատն ապագայի նկատմամբ։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում էլ գնացել էր շուրջ 37 հազար մարդ։

Այսպիսի «զարգացումներով» էլ դատարկում են երկիրը։ Ժողովրդագրական վիճակն է գնալով ահագնանում։

Ծնելիությունն են իբր խրախուսում. որքան խրախուսում են, այնքան ծնելիությունը կրճատվում է։ Դրա համար էլ հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը ծնելիության մասին հեքիաթներ չի պատմում։ Մինչդեռ՝ մի պահ կար, երբ մի քանի ամսվա տվյալներով, ծնելիությունը երկրում ավելացել էր, վերամբարձ հայտարարություններ էր անում, ասում էր՝ սա ապագայի վերաբերյալ քաղաքացիների ուղերձն է՝ ուղղված իշխանություններին։ Եվ առաջիկա մեր քաղաքականությունները հիմնված են լինելու այս ուղերձների վրա։

Ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը. այն քաղաքականության, որը հանգեցրել է երկրում ծնելիության կրճատմա՞ն, մահացության ավելացմա՞ն, բնակչության բնական հավելաճի ցուցանիշների կտրուկ վատացմա՞ն։

Ծնելիությունն այս տարի Հայաստանում խայտառակ ցածր մակարդակի վրա է։

Ավելի քիչ երեխա է ծնվել, քան 2018թ. 2019թ., նույնիսկ 2020թ., 2021թ., 2022թ., 2023թ.։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանում 18632 ծնունդ է եղել։

Այնինչ՝ 2018թ.՝ եղել էր 19652, 2019թ.՝ 19372, 2020թ.՝ 19435, 2021թ.՝ 20164, 2022թ.՝ 19492, 2023թ.՝ 20111։

Նախորդ բոլոր տարիների համեմատ Հայաստանում ծնված երեխաների թիվն այս տարի կրճատվել է։

Այս տարի, 2023թ. համեմատ՝ պակաս է ծնվել 1525 երեխա, 2022թ. համեմատ՝ պակաս է ծնվել 860 երեխա, 2021թ. համեմատ՝ պակաս է ծնվել 1532 երեխա, 2020թ. համեմատ՝ պակաս է ծնվել 803 երեխա, 2019թ. համեմատ՝ պակաս է ծնվել 740 երեխա, 2018թ. համեմատ՝ պակաս է ծնվել 1020 երեխա։

Սա է երկրի զարգացումը նոր ուղեծիր հանելու, ծնելիությունը խթանելու արդյունքը, իշխանությունների ու ապագայի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի արտահայտությունը։

Վերհիշենք, թե ինչեր էր ասում ոչ վաղ անցյալում։

«2023թ. առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 11926 երեխա, ինչը 1401-ով ավելի է, քան 2022թ. առաջին չորս ամիսներին, 532-ով ավելի է, քան 2021թ. առաջին չորս ամիսներին, 1469-ով ավելի է, քան 2020թ. առաջին չորս ամիսներին, 1415-ով ավելի է, քան 2019թ. առաջին չորս ամիսներին, 1180-ով ավելի է, քան 2018թ. առաջին չորս ամիսներին»,- անցած տարվա մայիսի 22-ին հրավիրած  մամուլի ասուլիսում ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Բա ի՞նչ եղան այդ աճերը։ Պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ Հայաստանում այս տարի անհամեմատ ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ վեց տարիներին։ Նախկին վեց տարվանից և ոչ մի տարում ավելի քիչ երեխա չի ծնվել, քան այս տարի։

Երկրի ուղեծրային զարգացումների ու շոշափելի հաջողությունների վերաբերյալ վերջին շրջանում պարբերաբար գրառումներ անող Նիկոլ Փաշինյանը գուցե՞ մի գրառում էլ բարեհաճեր սրա վերաբերյալ անել։ Թող մարդիկ տեսնեն, թե ինչպիսի տեմպերով է փոխվում երկրում ժողովրդագրական վիճակը։ Եվ դա տեղի է ունենում՝ ինչպես ակտիվ արտագաղթի, ծնելիության կրճատման, այնպես էլ՝ մահացության ավելացման հետևանքով։

Այս տարի Հայաստանում ավելի շատ մարդ է մահացել, քան անցած տարի. անցած տարվա յոթ ամսում մահացել էր՝ 14273, այս տարի մահացել է 15166 մարդ՝ 893-ով ավելի։

Մարդիկ հավանաբար չեն դիմանում լավ ապրելուն։

Մի կողմից՝ ծնելիության կրճատման, մյուս կողմից՝ մահացության ավելացման հետևանքով բնակչության բնական հավելաճի ցուցանիշներն են վատացել։ Անցած տարվա յոթ ամիսներին դրական հաշվեկշիռը 5884 էր, այս տարի դարձել է  3466։ Մեկ տարում ավելի քան 2,4 հազարով նվազել է։

Այսպես են իշխանություններն ավելացնում բնակչության թիվը։ Բնական հավելաճը կրճատվում է, երկիր լքողներն ավելանում են։ Յոթ ամսում Հայաստանի քաղաքացիների ելքերը 37,8 հազարով գերազանցել են մուտքերին։

Ո՛չ առաջին, և ո՛չ էլ վերջին տարին է, որ այդպես է։ Տարեկան տասնյակ-հազարավոր քաղաքացիներ են հեռանում Հայաստանից։ Ոչ մի հիմք չկա ասելու, որ առաջիկայում էլ այդպես չի լինելու։ «Այստեղ հաց, այստեղ կաց» դատարկ կոչեր անելով չէ, որ մարդիկ պիտի ապագա տեսնեն Հայաստանում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս