
Քրեական գործ են հարուցել, չեմ վախեցել, հրաժարական չեմ տվել… Չի ստացվել, հարգելի դատարան, բերել են, որ ձեր ձեռքով անեն. Հրայր Թովմասյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Այսօրվա դատական նիստին շարունակվում է Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառը:
Հրայր Թովմասյանն անդրադարձավ մեղադրական եզրակացության մեջ հիշատակված 308-րդ հոդվածին և ասաց` տեղ գտած ձևակերպումն այն մասին, որ «իմ գործողություններով հեղինակազրկվել է Արդարադատության նախարարությունը, անորոշ է, ինչպես նաև առհասարակ չի կարող գոյություն ունենալ ծառայության շահ հասկացությունը, որի շահերի դեմ իբր գործել է ինքը։
«Հանրային շահը, դատական իշխանության շահը, քրեակատարողական ծառայողի շահը ո՞րն է»,- հռետորական հարց տվեց Հրայր Թովմասյանը։
Վերջինս նշեց, բացի այն, որ ինքը կապ չունի իրեն մեղսագրված արարքի հետ, ինքը հասկանում է` ինչու են հենց այդ հոդվածով գործ հարուցել իր դեմ… Որովհետև մնացած նոր հոդվածները որոշակի են։
«Օրինակ` ինչո՞ւ ինձ մեղսագրված չէ կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար։ Որովհետև այնտեղ հնարավոր չէ ասել` այս գույքն իրենն է և վերջ։ Դա պետք է ապացուցել»,- ասաց ՍԴ նախկին նախագահը։
Վերադառնալով 308-րդ հոդվածին` Հրայր Թովմասյանը կրկին մատնանշեց հոդվածի մեջ եղած հակասությունները։
«Ես անկեղծորեն չեմ հասկանում` բնության մեջ ո՞նց է հնարավոր, որ նույն անձը նախ մի 500000 դրամի էական վնաս պատճառի, ապա 2-րդ մասում` մի հատ էլ դրանից մեծ վնաս պատճառի, այս անգամ արդեն` անզգուշությամբ։ Ես չգիտեմ` ի՞նչ են մտածել այս հոդվածը գրողները»,- ասաց Հրայր Թովմասյանը։
Նրա խոսքով` նոր Քրեական օրենսգրքի հեղինակները հասկացել են սխալը, փորձել են ուղղել այն, սակայն նոր խնդիրներ են առաջացել:
«Հանվել են «պաշտոնական դիրքի չարաշահում», «շահադիտական նպատակներով» հատկանիշները։ Այսինքն` չկա պաշտոնական դիրքի չարաշահում, հետևաբար՝ չկան դրան հետևող անորոշ հետևանքները, բայց մենք շարունակում ենք այս դատավարությունը»,- ասաց արդարադատության նախկին նախարարը։
Հաջորդիվ Հրայր Թովմասյանն անդրադարձավ այս գործի շրջանակներում ողջամիտ ժամկետների խախտումներին իր նկատմամբ, որն արդար դատաքննության սկզբունքի խախտում է հանդիսանում։ Հրայր Թովմասյանը պատկերավոր օրինակ բերեց` եթե խեղդվում ես, ի՞նչ տարբերություն` գլխիդ վերևում մի՞ մետր ջուր է, 5, թե՞ 10:
«Թող չլինի տպավորություն, որ մենք ընդունում ենք, որ արարքը կատարել ենք, ու հիմա կառչում ենք կողմնակի բաներից, բայց պաշտպանությունը ենթադրում է համակողմանիություն։ Ամեն օր չէ մեր դատախազությունը գործ հարուցում ՍԴ գործող դատարանի նախագահի նկատմամբ։ Կարող էին և սխալվել։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե ես չլինեի Սահմանադրական դատարանի նախագահ, այս գործը չէր հարուցվի։ Հետևաբար՝ կարևոր է արձանագրել, որ հաղթահարված չէ իր անձեռնմխելիության իրավունքը, ինչն անձնական իրավունք է»,- ասաց Հրայր Թովմասյանը։
Վերջինս նկատեց` այս գործով նշանակվել են տուժողներ, անձինք, ովքեր ոչ մի կերպ չէին կարող տուժող լինել։ Հրայր Թովմասյանը թվարկեց օրենսդրությամբ նախատեսված այն հիմքերը, որոնց պարագայում այդ վարույթը պետք է կարճվեր, հատուկ շեշտեց, որ իր ընթացակարգային անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու պարագայում գործի քննության ցանկացած փուլում գործը ենթակա է կարճման, այսինքն՝ չպետք է կատարել Սիզիփոսյան աշխատանք, եթե դա հնարավոր է չանել։
«Գործում չի եղել իմ անձեռնմխելիությունը հաղթահարված լինելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը։ Հետևաբար՝ այս գործը չէր կարելի քննել։ Նորմը հակասահմանադրական էր, դու չպետք է առաջ գնաս: Եթե մեկը աշխատավայրից մի A4 ֆորմատի թուղթ տանի, կդատեն, իսկ հաշվե՞լ եք՝ որքան հանրային ռեսուրս է ծախսվել այս գործի քննության ընթացքում, որը չպետք է արվեր: Քանի՞ անգամ են դատախազ, դատավոր, աշխատակազմ, հիմա նաև՝ հանրային պաշտպան գնացել-եկել»,- ասաց ՍԴ նախկին նախագահը։
Վերջինս նաև ներկայացրեց խնդրի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, որը հստակ էր՝ նորմը հակասահմանադրական է, քանի որ, եթե հաղթահարված չէ անձեռնմխելիությունը, գործը քննվել չի կարող:
Շուրջ մեկ ժամ 40 րոպե խոսելուց հետո Հրայր Թովմասյանը դատարանին խնդրեց 10 րոպե ընդմիջում հայտարարել, քանի որ ինքն արդեն չի կարողանում խոսել: Դատարանը հայտարարեց 10 րոպե ընդմիջում, ինչից հետո Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառի ընթերցումը շարունակվեց:
ՍԴ նախկին նախագահը նշեց՝ չկա այն մարմինը, որը պետք է որոշի՝ տվյալ արարքը ՍԴ դատավորի աշխատանքային գործունեության հե՞տ է կապված, թե՞ ոչ:
«Կա ՍԴ որոշում, որ չկա այդ մարմինը, դատարանն էլ չի որոշել, բայց գալիս-ասում են՝ դատախազությունը որոշել է, որ կապված է: Ցո՛ւյց տվեք Քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածը, որն ասում է՝ դատախազն է որոշելու, քննիչը, դատավորը, հետաքննիչը կամ վարչապետը: ՍԴՕ-1476 որոշումն արձանագրում է՝ չկա այդ մարմինը: Ցո՛ւյց տվեք, որ դատախազությունն է որոշում: Հիմա փաստացի դատախազությունն է, չէ՞, որոշել՝ չունենալով դրա լիազորությունը: Բա ինչի՞ գլխավոր դատախազի նկատմամբ քրեական գործ չի հարուցված: Ինքն է, չէ՞, որոշել: Ուրիշ ոչ ոք չի որոշել… Հուսով եմ՝ ինձ մեղադրանք չեք առաջադրի, որ այս որոշումը կայացվել է իմ՝ ՍԴ նախագահ եղած ժամանակ, որ ինձ պաշտպանեմ հետագայում… Ու թող ոչ մի դատավոր չմտածի, որ այս նորմն իր կողքով կանցնի»,- տարակուսեց Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով՝ եթե հռչակվում է, որ դատավորն անկախ է, սակայն դրա տակ չի դրվում ընթացակարգային իմունիտետը, ուրեմն դատավորն անկախ չէ:
«ՍԴ դատավորները, պայմանավորված իրենց կարգավիճակով, պետք է պաշտպանված լինեն քաղաքական ազդեցության ցանկացած փորձից: Վենետիկի հանձնաժողովի համար էլ նորություն չէ, որ ՍԴ-ները ենթարկվում են քաղաքական ազդեցության: ՍԴ-ներն էլ են հաճախ քննում քաղաքական զգայունության գործեր, դրա համար ավելի շատ պետք է պաշտպանված լինեն ու պաշտպանված են ընթացակարգային իմունիտետով: Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ անձեռնմխելիության հարցը պետք է որոշի ՍԴ-ն, բայց եթե որոշի, որ արարքն իր գործունեության հետ չի կապված, պետք է դատավորին զրկի իմունիտետից: ՍԴ դատավորի դեմ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է ՍԴ լիագումար նիստի նախնական համաձայնությունը»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով՝ այդ հարցում օրենսդրական բաց չկա, ամեն բան շատ հստակ է. եթե չի հաղթահարվել անձեռնմխելությունը, վարույթի ցանկացած փուլում այն կարող է կարճվել, ու դրա համար օրենսդրական խոչընդոտներ չկան:
«Գո՞հ եմ սահմանադրական փոփոխություններից, թե՞ ոչ, կարևոր չէ: Էդ փոփոխությունները կատարեցին ինձ աշխատանքից ազատելու համար: Հիմա ես անդա՞մ էի, թե՞ դատավոր: Մեռա ասելով, ԱԺ ամբիոնից եմ ասել հենց էն օրը, որ մեղադրանք առաջադրեցին: Լավ, հարուցեցիք, հետո տեսա՞ք, որ խնդիր կա: Արդարադատության նախարարն էլ ասեց: Շպարգալկաներ եմ ուղարկել պատգամավորներին: Նորից եմ կրկնում, դե՞մ եմ, թե՞ կողմ, էս փոփոխություններն արվել են ինձ հանելու համար: Իմ օգտին չի եղել սա, սրանով ինձ աշխատանքից հանել են… Ասում են՝ Հրայր Թովմասյանը Սահմանադրությունն իր հագով է կարել. Դուք եք իմ հագով կարել, ինձ համար եք գրել: Դուք ինձ համար գրեցիք, որ ինձ քրեական պատասխանատվությունից ազատեք: Գրեցիք, որ ինձ գործից հանեք, պարզվեց՝ սրանով ասացին՝ դատախազություն, դու սխալ ես արել, պարոն Թովմասյանը ձեր կողմից առաջադրված մեղադրանքի պահին եղել է ՍԴ անդամ, ՍԴ անդամն էլ օժտված է եղել 2005թ. խմբագրությամբ ՍԴ անդամի բոլոր երաշխիքներից: Էս է գրված»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նա շեշտեց՝ եթե այս գործը չկարճվի, պատասխան են տալու բոլորը՝ նախկին գլխավոր դատախազից սկսած:
Պետք է նշել, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառի ժամանակ պարբերաբար քնում էր:
«Սա է իրականությունը, ու չեմ հոգնելու սրա մասին ասել: Սա եղել է բոլորի աչքի առաջ: Ինչո՞ւ է արվել: Եղել է սա քաղաքական հետապնդում, ուղղակիորեն կապված է եղել իմ լիազորությունների իրականացման հետ: Մեկ առ մեկ քիչ հետո տեսնելու եք, որ ուղղակիորեն կապված է, և դա ոչ ոք չի թաքցնում: Էն, որ եղավ հորինված Սահմանադրական դատարանի ճգնաժամը, ու ասացին՝ «լուծումը մենք տեսնում ենք, որ Հրայր Թովմասյանը հրաժարական տա: Սա է: Հրայր Թովմասյանն էլ հրաժարական չտվեց: Դե չտվեց, ոչինչ, կաշառել… Շուտ գնացեք թոշակի, հենց ուզում եք, մինչև ձեր կյանքի վերջ թոշակ կստանաք: Ասինք՝ հո մենք ձրիակեր չե՞նք: Ասին՝ լավ, չեղավ, հանրաքվե ենք անում»,- ՍԴ զավթման օպերացիայի ժամանակագրությունը նկարագրեց Հրայր Թովմասյանը:
Վերջինս նշեց՝ համաշխարհային պատմության մեջ ինքը միակ մարդն է, ում աշխատանքից հանելու համար հանրաքվե են նշանակել:
«Հիմա էս ամբողջով չեն կարողացել անեն, չի ստացվել: Քրեական գործ են հարուցել, չեմ վախեցել, հրաժարական չեմ տվել: Որոշել են կարգապահական վարույթ հարուցել, ՍԴ-ն մերժել է, բերել են վաղաժամ կենսաթոշակի օրենքը, չի անցել, հանրաքվե են նշանակել, կեսից հետ են կանգնել, բերել են ԱԺ, ժամերի ընթացքում սահմանադրական փոփոխություններ են կատարել: Չի ստացվել, հարգելի դատարան, բերել են, որ ձեր ձեռքով անեն»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվեց:
«Սնանկության դատարանի դատավորներից մեկը մեղադրվում է 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչով որ նաև ես: Հիմա ուզում եմ նայել՝ կարող ա՞ Սահմանադրությունն ասել ա՝ դատավորի և ՍԴ դատավորի անձեռնմխելիության հաղթահարման մեջ ինչ-որ տարբերություն կա: Նայում ենք՝ նույնն ա, միջազգայիններով էլ տարբերակում չկա: Ընդհակառակը, ՍԴ դատավորի կարգավիճակն ավելի բարձր է: Հիմա ո՞նց կարող է մի դեպքում դա այսպես լինել, մյուս դեպքում՝ այն կերպ, քանի որ Սնանկության դատարանի դատավորի դեպքում դիմել են անձեռնմխելիությունը հաղթահարելու համար: Ես հիմա մտածում եմ՝ որտե՞ղ իմ բախտը չի բերել»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Ըստ նրա՝ հարկ է նշել, որ այն ժամանակվա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ընտրողաբար է մոտեցել դատավորների անձեռնմխելիության հաղթահարման խնդրին:
Հրայր Թովմասյանի խոսքին միջամտեց հանրային մեղադրողը, ում դատավորը չէր թույլատրել խոսել:
«Թույլատրեցի՞ք, որ խոսի… Ոչ, բա ինչո՞ւ է տեղից խոսում, ինչո՞ւ ինձ թույլ չեք տալիս խոսել, իրեն բան չեք ասում… Որովհետև ինքը «ֆորմով է՞»,- դիմելով դատավորին՝ ասաց Հրայր Թովմասյանը:
ՍԴ նախկին նախագահն իր ճառի ընթացքում անդրադարձավ նաև դատարանների շրջափակմանը, «ՔՊ»-ի փակ նիստի ձայնագրությանը՝ ԲԴԽ-ն ցրելու հրահանգի վերաբերյալ, Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ում ելույթին ու ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակելուն, նշեց, որ այդ ելույթով հայտարարվեց ՍԴ-ի շուրջ քաղաքական ճգնաժամի մասին:
Դատական նիստը շարունակվում է:
Մանրամասները՝ տեսանյութում: