Բաժիններ՝

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի առաջնորդին առաջարկել է անվտանգ ելք Գազայից՝ պատանդների ազատ արձակման դիմաց

Իսրայելն առաջարկում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարին տրամադրել Գազայի հատվածից անվտանգ ելք՝ իրենց մոտ պահվող պատանդներին ազատ արձակելու և անկլավի նկատմամբ վերահսկողությունից հրաժարվելու դիմաց: Այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտնել է Իսրայելի առևանգված և անհետ կորած քաղաքացիների հարցերով հանձնակատար Գալ Հիրշը։

«Ես պատրաստ եմ ապահովել Սինվարի, նրա ընտանիքի և բոլոր նրանց անվտանգ անցումը, ով կցանկանա միանալ նրան», – հայտարարել է Հիրշը:

«Մենք ցանկանում ենք վերադարձնել պատանդներին: Մենք ցանկանում ենք ապառազմականացում, ապաարմատականացում, իհարկե՝ նոր համակարգ, որով կկառավարվի Գազան», – նշել է նա։

Հիրշի խոսքով` նա իր առաջարկն առաջ է քաշել մեկուկես օր առաջ։ Նա հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք դրանք արձագանքել են:Ներկայում ԱՄՆ-ն, Կատարը և Եգիպտոսն աշխատում են Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում հրադադարի նոր առաջարկ ներկայացնելու ուղղությամբ։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։

Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41 000-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս