Հացկատակների Հանրապետություն՝ ՀՀ

Բութ և շատակեր երեխայի մասին հայտնի արտահայտությունն ուղիղ եթերում խաշլամա խժռող Նիկոլ Փաշինյանը հասցրել է պետական քաղաքականության մակարդակի։

Բութ և շատակեր քաղաքացու կերտումն էլ դարձել է նրա ու նրա կառավարության կողմից վարվող քաղաքականության հիմնական նպատակը։

«Այստեղ հաց, այստեղ կաց» վերջին ցնդաբանությունը, որ նա ներկայացրել է՝ որպես ՀՀ քաղաքացուն ուղղված կառավարության ուղերձ, դրա ամենագռեհիկ, բայց թերևս ոչ ամենազզվելի դրսևորումն է։ Այդ ճանապարհին առաջիկայում հնարավոր են նոր, շատ ավելի նողկալի մտավարժանքներ։ Բայց դրանք զուտ էսթետիկական այլանդակություններ են։

Իրական այլասերումն այդ նպատակադրումն է ինքնին՝ ՀՀ քաղաքացիներին վերաբերվել՝ որպես մարմնազանգվածի, որի կյանքի իմաստն ուտելը և ավելի շատ ուտելն է։ Բայց Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի կարևոր է ոչ թե քաղաքացիների սնվածության, այլ բթության մակարդակը։

Կարդացեք նաև

Նա շատ լավ գիտի, որ առաջին հերթին իր վարած քաղաքականության պատճառով ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները կարող են կշտանալ՝ բթության հասնելու աստիճանի։ Դրա համար նա իր քաղաքականության-քարոզչության հիմքում դրել է սակավամտության աստիճանի հասնող պարզունակությունը՝ թերևս հաշվարկելով, որ պրիմիտիվության գերդոզավորումը կարող է փոխհատուցել քաղաքացիներին բթացնելու այն անհրաժեշտ չափը, որին անհնար է հասնել հացի առատության միջոցով։ Նրան, ահա, կենսականորեն անհրաժեշտ է բթամտության ներուժ ունեցող հանրային բթության այնպիսի մակարդակ, որի դեպքում մարդիկ չեն զգա  ու չեն ընդվզի ոչ միայն հացի, այլ նաև հայրենիքի, նրա ֆիզիկական չափերի պակասելու իրողության դեմ։

Սակավամտության վրա հիմնված այս քաղաքականության ու քարոզչության ավելի հեռահար նպատակը, իհարկե, քաղաքացիներին անտարբեր դարձնելն է՝ ոչ միայն հայրենիքի ու ազգայինի չափերի, այլ ընդհանրապես դրանց անհրաժեշտության նկատմամբ։ Արցախի հանձնումից ու ֆիզիկական կորստից հետո հիմա Նիկոլ Փաշինյանը զբաղված է հայ մարդկանց հոգիներում ու մտքերում հայրենիքի, հայկական ամենայնի սպանությամբ, որից հետո Հայաստանի ֆիզիկական գոյությունը կամ պատկանելությունը կդառնա տեխնիկական հարց։ Իսկ դրա դեմ որևէ ընդվզում բացառելու համար հանրային բթությունն անհրաժեշտ պայման է, անգամ, եթե դա ապահովվում է ոչ թե ֆիզիկական կշտացմամբ, այլ կշտացման պատրանքով։

Բութ և շատակեր զանգվածի կերտմամբ իշխանությունն իրականում կերտում է հացկատակների հասարակություն, որի ներկայացրած պետությունը կարող է կշտանալ աշխարհաքաղաքական ցանկացած կերուխումի «սեղանին»՝ հաց փախցնելու համար սեղանատերերի (կամ հարկատուների) կենացը խմելով և գինովցածների առաջ մայմունությամբ։ 

Հասարակության բթացման վերջին փուլում Նիկոլ Փաշինյանն անգամ կարող է փոխել պետության անվանումը՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնելով «Հացկատակների Հանրապետություն», ու հերոսաբար հայտարարելով, որ կյանքի գնով իրեն հաջողվել է պահպանել գոնե երկրի անվանման հապավումի ամբողջականությունը։ Բութ հասարակության համար ի՞նչ տարբերություն, թե ինչպես է վերծանվելու ՀՀ հապավումը։

Հացկատակների հասարակություն կերտելու փաշինյանական քաղաքականությունը կանխել անհնար է միայն նրա պարզունակության քննադատությամբ ու ծաղրով, ինչով զբաղված են կանխել փորձողները կամ այդպիսին ներկայացողները։ Կանխելու ճանապարհը հացի/կեցության մերժումը չէ, այլ մարդկանց հոդաբաշխ բացատրելը, որ կարևորն արժանապատիվ պետություն կերտելն է, որում, այդ թվում կամ առաջին հերթին՝ հացը կլինի ոչ թե կյանքի նպատակ, այլ կայացած երկիր ունենալու ածանցյալ, բնականորեն ենթադրվող հետևանք։ Բայց դա գոնե մինչ այս պահը տեղի չի ունենում, որովհետև Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողների մեծ մասը նրա «Այստեղ հաց, այստեղ կաց»-ին հակադրում են «Գինի լից, ախպեր ջան, գինի լից»-ը, որը, ինչպես փաշինյանական անհեթեթությունը, որևէ աղերս չունի պետության ու պետականության հետ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս