ԿԺԴՀ-ն հայտարարել է միջուկային սպառնալիքների զսպման համար ԱՄՆ-ի հետ առճակատման նախապատրաստվելու մասին
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է միջուկային սպառնալիքների զսպման համար ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ առճակատմանը նախապատրաստվելու ուղղությամբ գործնական քայլերը շարունակելու մասին։
ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարությունը հրապարակվել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության կայքում:
Նշվում է, որ վերջերս Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան անցկացրել են «Ընդլայնված զսպման ռազմավարական խորհրդատվական մարմնի» և «Միջուկային խորհրդատվական խմբի նմանակման վարժանք» հանդիպում, ինչը Փհենյանի գնահատմամբ, ցույց է տալիս Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության դեմ ռազմական դավադրության հետագա ընդլայնման մտադրությունը:
Հայտարարության մեջ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնել և խստորեն դատապարտել գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային ռազմավարական կայունությունը և մեծացնում միջուկային հակամարտության հավանականությունը:
Փհենյանը ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում և տարածաշրջանում ավելի ու ավելի անվտանգության միջավայրի վատթարացման աղբյուր հանդիսանալու և միջուկային սպառնալիքների ստեղծման մեջ:
Երկրի ԱԳՆ-ն ընդգծել է, որ խստորեն վերահսկելու և կառավարելու է Կորեական թերակղզու անվտանգային իրավիճակը և կշարունակի գործնական միջոցներ ձեռնարկել՝ նախապատրաստվելու միջուկային սպառնալիքների զսպման ուղղությամբ ԱՄՆ-ի հետ երկարատև առճակատմանը: