Տնտեսական Հայաստան. քաղաքական պետությո՞ւն, թե՞ պետական ցուցանակ

FDI Intelligence պարբերականը, որը ներառվում է բրիտանական հեղինակավոր Financial Times-ի հրատարակությունների խմբում, օգոստոսի կեսին հրապարակել էր ներդրումների առումով առավել հեռանկարային երկրների ցանկը: Դրա 7-րդ հորիզոնականում, այսինքն՝ առաջին տասնյակում, տեղ էր զբաղեցնում Ադրբեջանը:

Սա, իհարկե, բոլորովին զարմանալի փաստ չէ, գուցե ցավոք սրտի: Իհարկե, փաստ չէ նաև, որը պետք է բերի հուսահատության: Պարզապես դա փաստ է, որը Հայաստանից, և առաջին հերթին՝ Հայաստանի տնտեսական նկարագրի, ներդրումային միջավայրի, տնտեսական քաղաքականության համար պատասխանատուներից պահանջում է աչալրջություն, լրջմտություն, խորհելու կարողություն:

Հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի տնտեսական «հաշվեկշռում» արտաքին ներդրումների վիճակագրությունը բոլորովին տպավորիչ չէ: Ընդ որում, տպավորիչ չէ ոչ միայն թվերի, այլ նաև անգամ կատարվող ներդրումների մասշտաբայնության տեսանկյունից:

Այդ ֆոնին, սակայն, Հայաստանում կատարվում են քայլեր, որոնք իրենց բնույթով ու տրամաբանությամբ ոչ միայն չեն նպաստում արտաքին ներդրողների համար գրավչության աճին, այլև հակառակը՝ վնասում են:

Կարդացեք նաև

Օրինակ, Հայաստանում փորձ է արվում անցկացնել օրենքի նախագիծ, որը գործարարներին սպառնում է աներկբա կալանքով ու ազատազրկմամբ, եթե նրանց մոտ հանկարծ հայտնաբերվի 10 միլիոն դրամից ավելի ֆինանսական խախտում: Իհարկե, այնպես չէ, որ այսօր այդպիսի խախտումները թույլատրելի են: Բայց այսօր գործարարն ունի չկալանավորվելու, առավել ևս՝ դատավճռով չազատազրկվելու հնարավորություն, եթե վերականգնում է թույլ տրված խախտումը:

Այդ նոր նախաձեռնությունը ենթադրում է աներկբա ազատազրկում, նույնիսկ այն դեպքում, երբ խախտումը և պատճառած վնասը վերականգնվում է: Ընդ որում, օրենսդրության հեղինակներն իրենց քայլը բացատրում են նրանով, որ ամբողջ աշխարհում է խստացման միտում:

Հնարավոր է: Բայց ամբողջ աշխարհում չէ, որ կա երկիր առավելագույն ծավալով արտաքին ներդրումներ ներգրավելու կենսական հրամայական, որովհետև պետությունը փաստացի պատերազմի մեջ է, իսկ այդ պատերազմը՝ ինչպես ցանկացած պատերազմ, պահանջում է հսկայական տնտեսական ռեսուրսներ, տնտեսական մեծ ներուժ, արտադրական ինքնաբավություն, և այլն, և այլն: Ընդ որում, հարցը նույնիսկ պատերազմի ավարտված կամ անավարտ լինելը չէ, որովհետև Կովկասում անգամ խաղաղությունը մշտապես ենթադրելու է մրցակցություն՝ շատ կոշտ մրցակցություն, հաշվի առնելով այն պետական ու ազգային հավակնոտ, առավելապաշտ ռազմավարությունները, որ ունեն Հայաստանի երկու հարևան պետություն՝ Ադրբեջանն ու Թուրքիան:

Այո, պետք է ձգտել նրանց հետ խաղաղության, ավելորդ է ասել՝ հավասարակշռված պայմաններով, արժանապատիվ խաղաղության, բայց անգամ փաստաթղթավորված որևէ խաղաղություն չի չեղարկելու նրանց հետ մրցակցության կոշտ հրամայականը, եթե Հայաստանն այս ռեգիոնում ուզում է լինել քաղաքական սուբյեկտ պետություն, այլ ոչ՝ թե պարզապես պետական ցուցանակ:

Իսկ այդտեղ արտաքին ներդրումային գրավչությունը ստանում է ոչ միայն տնտեսական ներուժի հավելյալ և կարևոր խթանի նշանակություն: Այն ստանում է նաև քաղաքական իմաստ: Համաշխարհային տնտեսական ու քաղաքական ռեսուրսները ժամանակակից աշխարհում ծավալվում են սերտ փոխկապակցվածության ռեժիմում: Աշխարհաքաղաքականությունը ժամանակակից աշխարհում էապես ձևավորվում է նաև տնտեսական շահերի և հետաքրքրությունների դրդմամբ:

Հետևաբար, արտաքին ներդրողը դառնում է նաև քաղաքական կարևոր գործընկեր:

Ի դեպ,այդ հարցում է նաև, որ, իհարկե, մի շարք օբյեկտիվ, սակայն նաև բազմաթիվ սուբյեկտիվ պատճառներով Ադրբեջանը տարիների ընթացքում գերազանցել է Հայաստանին: Եվ հարցն ամենևին լոկ ներդրումային վիճակագրությունը չէ, որը, իհարկե, օբյեկտիվ առումով էապես կարող է պայմանավորված լինել նավթագազային ռեսուրսների հանգամանքով: Ի վերջո, Հայաստանը չունի այդպիսի ռեսուրս, բայց այդուհանդերձ ունեցել է գործոններ, որոնք հետաքրքրություն են առաջացրել և նպաստել տարբեր արտաքին ներդրումային պատմությունների ձևավորման համար, որոնց գերակշռող մասը, սակայն, ավարտվել է կամ ներդրողի պարզապես հեռանալով, կամ ներդրումային պատմությունն արբիտրաժային վեճի վերածելով:

Ինչպես սպորտում՝ ավելի բարդ է չեմպիոնությունը կրկնելը, քան առաջին անգամ չեմպիոն դառնալը, քանի որ չեմպիոնի հետ արդեն մրցում են առավել տրամադրված, այդպես էլ տնտեսությունում՝ ներդրում ներգրավելը միայն սկիզբն է, պետք է որպես պետական-հասարակական օրգանիզմ՝ տիրապետել նաև արտաքին ներդրողի հետ աշխատանքի մշակույթին, դրա ամենատարբեր, այդ թվում՝ սուբյեկտիվ անհրաժեշտություններով հանդերձ:

Հենց այդ հարցում է եղել հակառակորդ պետության առաջանցումը:

Ի վերջո, անգամ հաշվի առնելով հենց որոշակի օբյեկտիվ գործոնների հանգամանքը, Հայաստանի համար առավել քան կենսական հրամայական է դառնում սուբյեկտիվ գործոնների նվազեցման, գրեթե զրոյացման ուղղությամբ աշխատանքը: Անթույլատրելի է՝ «համաշխարհային միտումներին» հղում անելով գնալ նախաձեռնությունների, որոնք չեն նպաստում թե ներքին, թե արտաքին ներդրողի վստահության աճին, և նույնիսկ «նպաստում են ներդրողի, տնտեսվարողի մոտ մշտական նյարդային, լարված վիճակի ձևավորմանը:

Ավելին, Հայաստանի համար առանցքային է ոչ միայն այդպիսի քայլեր չանելու հարցը, այլ առավել մեծ հրամայական է ներդրումային գրավչությունն էապես բարձրացնելուն միտված քաղաքականությունը:

Այն դեպքում, երբ օբյեկտիվորեն գրավչության սուղ միջավայր ունեցող Հայաստանից պահանջվում է անել քայլեր՝ հավելյալ առավելություններ ձևավորելու, արտաքին ներդրողին «համաշխարհային միտումներից» տարբերվող շահեկան առաջարկներ անելու կարիք: Դա, իհարկե, Հայաստանը չի ներառի ներդրումային գրավչությամբ առաջատար տասնյակ, սակայն թույլ կտա հուսալ մրցունակության բավարար աստիճանի առումով, հիմնավորապես հեռանալով անհույս հետնապահի ռիսկից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս