«Փաշինյանն ավելի ծանր «անակնկալներ» է նախապատրաստում». Մետաքսե Հակոբյան

«Հայաստանում իշխանությունը զավթած մարդիկ համարում են, որ առաջին փուլով Արցախի հարցը փակել են և իրականում հիմա անցել են Հայաստանի կեղեքմանը:

Հետևաբար, այս փուլում Արցախի մասին խոսելն իրենց շահերից չի բխում, կամ խոսելու դեպքում պետք է խոսել այն մասին, որ Արցախն իր գոյությամբ, իր լինելիությամբ, և, ընդհանրապես, արցախցիների լինելով՝ իբրև թե խաթարվում է Հայաստանի անվտանգությունը»,-168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա նկատեց՝ Արցախը Հայաստանի անվտանգության վահանն էր և չէր կարող վտանգել Հայաստանը, հակառակը՝ Հայաստանը հիմա է վտանգվում, երբ արցախահայերի վերադարձի իրավունքը չեն բարձրացնում:

«Նիկոլ Փաշինյանը կործանեց Արցախը, երբ ի ցույց աշխարհի մենակ թողեց: Մենք բազմիցս խոսել ենք, որ 2020 թվականից հետո Արցախը մենակ է եղել թշնամու դեմ: Շրջափակումը և չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը, իմ գործընկերներից մեկը լավ դիտարկում արեց, դա ՀՀ վարչապետի կատարած փալասային քաղաքականության արդյունքն էր, որը մեզ հասցրեց այս օրին: Իրենք ի սկզբանե նշանակում են մեղավորներ, վաղուց իրենց դիտարկումներում Արցախը, Արցախի իշխանությունները և բոլորը, ովքեր չեն կիսում հայրենիք հանձնելու իրենց հայացքները, մեղավոր են: Մենք բոլորս մեղավոր ենք կարգված իրենց կողմից: Չկա որևէ իրավական փաստաթուղթ Արցախի լուծարման մասին: Անձի ստորագրությունը չի կարող լուծարել պետությունը: Այդ պետությունը ստեղծվել է Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքում, հետևաբար, չէր կարող Արցախի նախագահն իր ստորագրությամբ լուծարել: Սամվել Շահրամանյանը երեկ նշեց, որ մինչ այդ գրությունն ինքը խորհրդակցել է ՀՀ իշխանությունների հետ, իսկ Փաշինյանն ասում էր, որ ինքը տեղյակ չէ այդ թղթից: Արցախը միանշանակ հանձնել է Նիկոլ Փաշինյանը՝ իր ողջ ուսապարկերով կամ խմբակով հանդերձ»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Կարդացեք նաև

Պատգամավորն ադրբեջանական է համարում Փաշինյանի այն թեզը, թե արցախահայերի վերադարձի իրավունքը Հայաստանի շահերին հակասում է. «Փաշինյանը կյանքի գնով պաշտպանում է ադրբեջանական թեզերը: Ակնհայտ է, որ այս իշխանությունները բանակցային որևէ գործընթացում ներառված չեն, ընդհուպ մինչև Հայաստանի վերաբերյալ հարցերում: Այս իշխանությունները փորձում են բանակցային գործընթացի դատարկությունը լցնել հեծանիվ վարելով, փառատոներով, խաշլամաներով, որպեսզի ժողովրդին ցույց տան, թե ժողովուրդն անելիք չունի, պետք է չանհանգստանա, միայն ուտի, խմի, քեֆ անի: Իսկ Ադրբեջանն այսօր միջազգային հարթակներում բանակցային գործընթացում է, ընդ որում՝ Հայաստանի վերաբերյալ, որտեղ չկա Հայաստանի իշխանությունը»:

Նա նկատեց՝ գործող իշխանությունների ավարտը շատ դաժան է լինելու.

«Իրենց ամեն օրվա իշխանավարումը մեղքերի, չարագործությունների հերթական փաթեթն է: Իրենք մեզնից լավ գիտեն թե՛ Ադրբեջանի նպատակները, թե՛ Ադրբեջանի քայլերի հաջորդականությունը, ուղղակի իշխանության երկարաձգումը նաև իրենց իշխանության անվտանգության երաշխավորությունն է: Բայց դա հավերժ չի լինելու, և դա այդքան էլ հեռու չէ, որովհետև տեսնում ենք, թե աշխարհաքաղաքական ձևակերպումներն ինչ արագությամբ են տեղի ունենում. չի կարող Հայաստանը դուրս մնալ այդ գործընթացներից: Այս անլուրջ պահվածքով և ղեկավարմամբ շատ ավելի արագ է հարցը լուծվելու, շատ ավելի արագ, քան իրենք կարող են պատկերացնել»:

Նա նկատեց՝ Փաշինյանը չի բանակցում կամ երկխոսում Ալիևի հետ, այլ միայն կատարում է նրա պահանջները.

«Չեն լինի միջնորդներ, կլինեն երկու հոգով, և յուրաքանչյուրը կանի այն հայտարարությունը, ինչն իր անձի համար շահեկան կլինի: Այստեղ Հայաստանը չի կարող շահ ունենալ, որովհետև երկխոսության արդյունքում միայն զիջումներ են կորզվելու ՀՀ այս իշխանություններից: Ինչքան էլ այս իշխանությունները փորձեն խաթարել դաշնակցային և բարեկամական հարաբերությունները տարբեր երկրների հետ, ես վստահ եմ, որ մենք ունենք այդ հարաբերությունները, որոնք պարզապես սառեցված են. երեկ մենք բազմաթիվ ուղերձներ ենք լսել թե՛ ՌԴ տարբեր պաշտոնյաների կողմից Արցախի անկախության 33-ամյակի կապակցությամբ, թե՛ միջազգային տարբեր այլ գործիչներից: Հասկանում ես, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ այլ բարեկամ երկրներ միտված չեն փակ տեսնել Հայկական հարցը, իսկ առանց Արցախի խնդիրը լուծելու՝ չի կարող լուծվել Հայկական հարցն ընդհանրապես»:

Ըստ պատգամավորի՝ գործող իշխանություններն Ադրբեջանին տված խոստումներ ունեն, որոնք իրենց պաշտոնավարման ժամանակի մեջ չեն տեղավորվում, դրա համար արդեն իսկ նախընտրական քարոզարշավ են սկսել.

«Դա իրենց անձերի անվտանգային խնդիրը լուծելու հարց է: Ես կարծում եմ, որ ինչպես Արցախի հարցում՝ գոռալով «Արցախը Հայաստան է, և վերջ»՝ իրենց մտքում ունեին Արցախի հանձնումը, այստեղ էլ հայրենիքից խոսելիս, նոր տեսակի Հայաստան ստեղծելու այդ բոլոր գաղափարները հյուսելով՝ իրենք բերելու են նոր «անակնկալներ», որոնք, տա Աստված, սխալ լինեմ, բայց ավելի ծանր են լինելու, քան մենք ունեցանք Արցախի ժամանակ»:

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Փաշինյանի ատելությունն արցախցիների հանդեպ գալիս է շատ վաղ ժամանակներից.

«Նա Ստեփանակերտում հայտարարեց «Արցախը Հայաստան է, և վերջ», որովհետև արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություն կար: Մահ, կոտորած, հանձնում ծրագրի մեկնարկն էր դրանով տրվելու, և փառավորվելու էր իր սիրտը: Հիշո՞ւմ եք՝ 2008թ. փառավորվում էր իր սիրտը, գոչում էր, որ պետք է ղարաբաղցիներին քշել Երևանից: Այդ մարդու ատելությունը նոր չէ: Արցախցիների նկատմամբ նրա ատելությունը վերածվել է ընդհանրապես հայի նկատմամբ ատելության, որովհետև հային ատողը կարող է «Եռաբլուրը» քաղաք դարձնել, հետո գնալ գլուխը բարձր այնտեղ մտնել կամ դերասանական խաղով ծնկաչոք ծաղիկ խոնարհել: Մարդը պետք է ամոթ ունենար և մուտք չգործեր «Եռաբլուր»: Մարդ, որը պատճառ է հազարավոր երիտասարդների կործանման, խեղված կյանքերի և հազարավոր սևազգեստ մայրերի ճակատագրերի համար: Դա միայն ատելության ցուցադրություն է: Իր սիրտը դեռ չի փառավորվել: Այն, ինչ սեպտեմբերի 19-ին տեղի էր ունենում Արցախում, երբ երեխաներ էին զոհվում, երիտասարդներ էին զոհվում, 18-20 տարեկան զինվորն արժանապատվության մարտ էր տանում՝ իմանալով, որ չի կարողանալու հաղթել, բայց արժանապատվության մարտ էր տանում, իսկ դրան զուգահեռ՝ ՀՀ վարչապետը խոսում էր, որ ոչ մի վտանգ չկա Արցախում: Խոսում է, որ արցախցիները մեկ օրում հանձնվեցին և փախան, բայց իմ շրջապատում կա մայր, որ երեք երեխաների հետ մնացել է մենակ, որովհետև իր ամուսինն իր ջոկատով մինչև վերջին մարդը զոհվել են, և այո, էլի իմանալով, որ կարող էին հետ քաշվել և փրկվել, բայց իրենք իրենց արժանապատվության կռիվն էին տարել, որպեսզի իրենց երեխաները հետագայում կարողանան արժանապատիվ ապրել: Դրան զուգահեռ՝ այս մարդն այստեղից հայտարարում էր, որ որևէ մեկին վտանգ չի սպառնում: Արդյունքում՝ եղավ տեղահանություն, և այդ գաղթի ճանապարհին էլ զոհվեց ևս 64 անմեղ մարդ, այդ թվում՝ երեխաներ, կանայք, ծերեր»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս