Իրավիճակն ավելի բարդացավ, երբ Փաշինյանը դավադրաբար Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Արտակ Զաքարյան
«Տարիներ առաջ, ոչ ոք, իհարկե, չէր կարող նման սցենար և դաժան իրականություն պատկերացնել, որում մենք հիմա ենք: Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ իմ շնորհակալությունն ու խոնարհումը բերել աշխարհասփյուռ հայ ժողովրդի բոլոր ազգանվեր հայորդիներին՝ Արցախյան պայքարում ունեցած իրենց ահռելի ավանդի, իր քաջարի նահատակների և իր նվիրումի համար: Դրանք մեր պատմության հերոսական ու փառավոր էջերից են, որը երբեք չպետք է մոռացվի: Այլ հակառակը, պետք է դառնա ապացույցն այն համոզմունքի, որ ազգային օրակարգ ձևավորած, միասնական ու պայքարող հայ ժողովրդի համար ոչ մի անհնարին բան չկա»,-այսօր ՀՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Իր խոսքում վերջինս անդրադարձավ այն իրավիճակին, որը ստեղծվել էր 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ հայտարարությունից հետո, և որին այսօր կարող ենք նույնիսկ երանությամբ վերաբերվել:
«Բնականաբար, բոլոր առողջ ուժերը քննադատել են 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, բայց նաև բազմաթիվ անգամներ զգուշացրել են, որ անգամ դրանից կարող ենք զրկվել, եթե այս իշխանություն կոչվող խմբակը շարունակի իր գործունեությունը և շարունակի իրականացնել իր առջև դրված ապազգային և հակապետական քաղաքականությունը: 2020թ. նոյեմբերից հետո առկա էր այն քաղաքական համոզմունքը, որ ՌԴ-ի համար անիմաստ կլիներ մի քանի տասնամյակ ձգտել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմանը, եթե դրան հասնելուց կարճ ժամանակ անց նրանք պետք է հեռանան: Հետևաբար՝ այդ ընթացքում ուրվագծվում էր Արցախում Ռուսաստանի քաղաքականության հետևյալ հնարավոր երկփուլ սցենարը:
Առաջին փուլում՝ պետք էր վերադարձնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն իր բնակության վայրերը և ամեն կերպ աջակցել նրանց, որ չհեռանան,
2) պետք էր ամրապնդել ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում,
3) պետք էր թույլ չտալ նրանց հեռացումն անգամ հինգ տարի հետո՝ որևէ կողմի պահանջով:
Հետևաբար, խնդրի լիարժեք լուծումն ըստ Ռուսաստանի՝ կարող էր լինել երկրորդ փուլով՝ խնդրի ամբողջական կարգավորումն ու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա, դրա արդյունքում հասնելով Արցախի կարգավիճակի հստակեցմանը և ապահովելով խաղաղապահ ուժերի պահպանումն անորոշ ժամանակով՝ որպես Արցախի անվտանգության ու ինքնուրույնության երաշխավորի»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Ըստ բանախոսի՝ իհարկե, այս երկու փուլերը կյանքի կոչելու համար շատ լուրջ ու բարդ, երկարատև աշխատանք էր պետք իրականացնել:
«Նոյեմբերի 9-ի հայտարարության հրապարակումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը, համապարփակ և կայուն կարգավորում ապահովելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման նպատակով կոչ են արել վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա: Այդ դիրքորոշումները ներկայացնելու նպատակով նոյեմբերի 18-ին Մոսկվայում տեղի ունեցավ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ:
Նույնիսկ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, թեև Մինսկի խումբը վճռական էր կարգավորման գործընթացը շարունակելու հարցում, և ոչ ոք չեղյալ չէր համարել բանակցային գործընթացի հիմնական սկզբունքները, Մինսկի խմբի հետագա գործունեության էֆեկտիվությունը զգալիորեն կախված էր նաև ՀՀ իշխանությունների դիրքորոշումից: Այդ ժամանակահատվածում գրեթե բոլորի համար ակնհայտ էր, որ բանակցային գործընթացը տապալած, կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած և միջազգային հարաբերություններում հեղինակազրկված հայաստանյան իշխանությունների հետագա պաշտոնավարման դեպքում դրական մոտեցումներ կամ քաղաքականություն ակնկալել չէր կարելի»,-նշեց քաղաքական գործիչը:
Վերջինս նկատեց՝ այս իշխանությունները նոյեմբերի 9-ից հետո սկսեցին բոլոր ճանապարհներով պայքարել միայն սեփական իշխանությունը պահպանելուև ոչ թե Արցախի կամ Հայաստանի վտանգված շահերը պաշտպանելու համար: Տարբեր երկրների արձագանքների մեջ առանձնանում էր Ֆրանսիայի դիրքորոշումը: Թե՛ նախագահ Մակրոնը, թե՛ Ֆրանսիայի արտգործնախարարը, թե՛ Ազգային ժողովն ու Սենատը դատապարտել են պատերազմի սանձնազերծումը, Թուրքիայի ներգրավումը, վարձկան ահաբեկիչների օգտագործումը, քաղաքացիական բնակչության ու օբյեկտների ռմբակոծությունները, անթույլատրելի զենքերի օգտագործումը: Ավելին, թե՛ Ազգային ժողովը, թե՛ Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ կառավարությանը կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Այս դեպքում ևս իրադարձությունների հետագա զարգացման տեսակետից կարևոր նշանակություն ուներ Հայաստանի իշխանությունների գործունեությունն ու իրավիճակից դրական զարգացումներ ստանալը, ինչը, բնականաբար, տեղի չունեցավ»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Ինչ վերաբերում է ԵՄ դիրքորոշմանը, ըստ նրա, սկզբում կարծիք կար, որ Բրյուսելը կարծես թե չի նկատում իրականությունը: Սակայն Եվրախորհրդարանի երկու բանաձևերը ներկայացրին պատկերը:
«Այն առավել ամբողջականացավ 2020թ. Արտաքին և անվտանգային ընդհանուր քաղաքականության տարեկան զեկույցում։ Եվրախորհրդարանը կրկին հայտնում էր իր վճռական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ափսոսում էր, որ ստատուս-քվոյի փոփոխություններն իրականացվել են ռազմական ուժի կիրառմամբ, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով: Վճռականորեն դատապարտում էր քաղաքացիական անձանց սպանություններն ու քաղաքացիական օբյեկտների և ծիսական վայրերի ոչնչացումը, դատապարտում էր հակամարտության ընթացքում կասետային սպառազինության կիրառումը: Համարում էր, որ հուսալի կարգավորումը դեռ պետք է գտնել, և, որ խաղաղության հասնելու և տարածաշրջանի վերջնական իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է գլխավորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հիմնական սկզբունքների վրա: Ընդգծում էր խիստ անհրաժեշտությունը, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ապահովվի հայ բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը, որպեսզի ներքին տեղահանված անձանց և փախստականներին թույլ տրվի վերադառնալ իրենց բնակության վայրեր: Վճռականորեն դատապարտում էր Թուրքիայի ապակայունացնող դերը, որն ավելի է թուլացնում Հարավային Կովկասի տարածաշրջանի փխրուն կայունությունը»,-նշեց ՀՀԿ ԳՄ անդամը:
Իհարկե, այս ձևակերպումները, Արտակ Զաքարյանի խոսքով, ԵՄ խորհրդարանական կառույցի բանաձևերում են և հետագայում տեղ չեն գտել ԵՄ անդամ շատ երկրների գործադիր մարմինների փաստաթղթերում, սակայն դրանք կարևոր են եղել՝ ինչպես Եվրամիության տարբեր կառույցների, այնպես էլ՝ միջազգային տարբեր կազմակերպությունների ու կառույցների հետ աշխատանքի տեսակետից:
«Այդ աշխատանքի առյուծի բաժինը պետք է իրականացնեին ՀՀ պետական մարմինները: Արդյո՞ք պատրաստ էին այդ մարմինները նման բարդ աշխատանքի, որի արդյունքներից էր կախված Արցախի և Հայաստանի Հանրապետության ճակատագիրը: Միայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էր հայտարարել, որ «Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից։ Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»: Կանցլերի այդ հայտարարությունը ևս հետագայում որևէ կերպ չծառայեցվեց Հայաստանի ու Արցախի շահերին: Բնականաբար, 2022թ. փետրվարին սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտությունը էական փոփոխություններ մտցրեց համաշխարհային քաղաքականության առաջնահերթությունների և շահերի դասավորվածության մեջ:
Սակայն նույնիսկ այդ բարդացված ու նոր մարտահրավերներով լի իրավիճակում Հայաստանի իշխանությունները, բոլոր ուժերը համախմբելու և համազգային ջանքերը իրավիճակին համահունչ կոնսոլիդացնելու փոխարեն՝ շարունակում էին իրենց պառակտիչ, ապաշնորհ քաղաքականությունը՝ ընդհուպ Արցախի հարցում առանց այդ էլ փշրված նշաձողերն իջեցնելու մասին խոսելով»,-հիշեցրեց ՊՆ նախարարի նախկին առաջին տեղակալը:
Նրա ներկայացմամբ՝ փոփոխված իրավիճակում նույնիսկ նկատելի էր այն հանգամանքը, որ որոշ Արևմտյան երկրներ կարծես խրախուսում էին ՀՀ գործող իշխանություններին՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը սաբոտաժի ենթարկելու, խաղաղարար առաքելությունը չեղարկելու և ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում թուլացնելու նպատակով։
«Արցախյան հիմնախնդրի շուրջ իրավիճակն ավելի բարդացավ, երբ գործող իշխանությունները նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթից ուղիղ երկու տարի անց՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին, նոր սենսացիոն ու դավադիր հայտարարություն ստորագրեցին՝ այս անգամ Պրահայում՝ Արցախը փաստացի ճանաչելով՝ որպես Ադրբեջանի մաս: Հետագայում, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր. «…Վարչապետ Փաշինյանը մամուլի ասուլիսում խոսել է տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ներառման մասին: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը, այս պարագայում՝ Փաշինյանը, միանշանակ ճանաչել է դա: Նրա ասածը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հուսով ենք, որ Բաքուն փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչը կխթանի երկու երկրների միջև բանակցություններին»»,-նկատեց Արտակ Զաքարյանը:
Թե Բաքուն ինչպես արձագանքեց Արցախի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման հարցերին, մենք, ինչպես բանախոսը նշեց, տեսանք 2022թ. դեկտեմբերի 12-ին սկսված անմարդկային շրջափակումից, արցախահայությանը սովի մատնելուց մինչև 2023թ. սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական ագրեսիան ու ցեղասպանության իրական սպառնալիքները:
«Չնայած ԱՄՆ-ից, Եվրամիությունից, Ռուսաստանից և միջազգային կառույցներից, տարբեր մակարդակներով պարբերաբար հայտարարություններ են հնչել, թե Լեռնային Ղարաբաղից տեղահանված ժողովուրդը պետք է անվտանգ վերադարձի հնարավորություն ունենա, սակայն արցախահայերի անվտանգ վերադարձի որևէ միջազգային մեխանիզմ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից առայժմ չի առաջարկվել։Արցախահայերի արժանապատիվ և անվտանգ վերադարձի մասին խոսել է նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը՝ կրկին առանց մանրամասնելու, թե դա ինչպես է հնարավոր։
Պատճառը, կարծում եմ, այն է, որ միջազգային կառույցներն իրենք էլ դեռևս չեն պատկերացնում, թե ո՞ր մեխանիզմի կիրառումը կապահովի արցախահայերի անվտանգությունը, այդ իսկ պատճառով զերծ են մնում կոնկրետ առաջարկներից»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ այն փաստը, որ արժանապատիվ և անվտանգ վերադարձի մասին խոսող միջազգային հանրությունը զերծ է մնում վերադարձի մեխանիզմներ առաջարկելուց, ապացուցում է, որ արցախահայերը բնաջնջման իրական սպառնալիքի ներքո են լքել իրենց հայրենիքը:
«Իսկ ցավալին այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները, մեխանիզմներ փնտրելու կամ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու փոխարեն, այս հարցը համարում են Հայաստանի շահերին հակասող հարց: Ոչինչ հավերժ չէ, այնպես, ինչպես հավերժ չեն այս իշխանություններն ու հավերժ չի նաև աշխարհում ստեղծված առկա իրավիճակը: Այսօրվա գլխավոր խնդիրը, մեր կարծիքով, կայանում է նրանում, որ ճշգրիտ և իրատեսական ձևակերպում ստանան արցախահայերի արժանապատիվ վերադարձի և հավաքական իրավունքների իրացման հարցերը: Անհրաժեշտ է արժանին մատուցել Արցախահայերի հավաքական հայրենադարձության նպատակով ձևավորված հանձնախմբին, և հուսանք, որ ժամանակի ընթացքում այդ աշխատանքները կարող են հիմք հանդիսանալ բոլոր բովանդակային հարցերի համար, ինչը կձավորի ապագա Հայաստանի ազգային իշխանությունների օրակարգը»,-նկատեց ՀՀԿ ԳՄ անդամը:
Ըստ նրա՝ առանց դետալների մեջ մտնելու, այսօր արդեն անհրաժեշտ է արձանագրել, որ՝
• Նախ պետք է ՀՀ կողմից պաշտոնապես խոսվի, որ Արցախի էջը փակված չէ, և հարցն օրակարգում պահելու ու արցախցիների արժանապատիվվերադարձն ապահովելու գործում անելիք ունեն նաև գերտերությունները, մասնավորապես՝ արցախյան հակամարտության բանակցային գործընթացը գլխավորող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Այսօր անհրաժեշտ է ամեն կերպ կանխարգելել և թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը հասնի ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը:
• Անհրաժեշտ է արցախահայության շրջանում արդիական պահել վերադարձի անհրաժեշտությունը, իսկ Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգերում շարունակ առաջնային պահել արժանապատիվ վերադարձի իրատեսական քննարկումներն ու առաջ եկող հնարավորությունները: Անհրաժեշտ է ստեղծել էթնիկ զտման և բռնի տեղահանման ենթարկված արցախցիներին միավորող հարթակներ, և հնարավոր բոլոր խողովակներով Արցախի էթնիկ բնակչության հավաքական իրավունքների ապահովման և անվտանգ հայրենադարձության մասին հարցադրումները հասցնել միջազգային կառույցներ և տարբեր երկրների խորհրդարաններ։
• Անհրաժեշտ է Հայաստանը դուրս բերել պարտվողականի և կամակատարի կարգավիճակից, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականության փոփոխությամբ չեզոքացնել Հայաստանի նկատմամբ առկա անվտանգային ռիսկերը: Տարածաշրջանում բացվող հնարավոր կոմունիկացիաները պետք է ոչ թե էլ ավելի մեծ կախվածության մեջ դնեն, այլ ընդհակառակը՝ ավելի ընդգծեն Հայաստանի դերը տարածաշրջանումերկարատև խաղաղության և կայուն զարգացման համար:
Արդյունավետ արտաքին քաղաքականության պայմաններում հենց այդ կոմունիկացիաների ինքնիշխան և անվտանգ գործարկումն էլ կարող է բավարար խթան հանդիսանալ, Ռուսաստանի Դաշնության և այլ բարեկամ պետությունների հետ համատեղ՝ արցախահայության արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքները երաշխավորված իրացնելու համար:
• Ադրբեջանի և Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների կարգավորման, այլ երկրների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման օրակարգերում անհրաժեշտ է ներառել նաև արցախահայության արժանապատիվ և անվտանգ վերադարձի շուրջ միջազգային ընկալում և կոնսենսուս ձևավորելու հարցը: Սա, իհարկե, երկարատև և հետևողական աշխատանքի արդյունք կարող է լինել, և առավել իրատեսական, երբ նկատելիորեն կարգավորված լինեն ՌԴ և հավաքական Արևմուտքի հետագա հարաբերությունները։
• Անհրաժեշտ է ձգտել լայն և ուժեղ մանդատ ունեցող այնպիսի միջազգային երաշխիքի, որի պարագայում, հենվելով էթնիկ զտումների անթույլատրելիության, ցեղասպանական ռիսկերից զերծ պահելու, մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ բռնի տեղահանվածներին միջազգային պատշաճ աջակցություն, արժանապատիվ վերադարձի համար մարդկանց իրավա-քաղաքական կարգավիճակների ապահովման, մասնավոր և հանրային սեփականության պաշտպանության, պատմամշակութային և հոգևոր ժառանգության ինչպես նաև ինքնության պահպանության, ինքնորոշման և այլ իրավունքները: Վերադարձի իրավունքը կա, միջազգային մեխանիզմները ևս հնարավոր է քայլ առ քայլ կառուցել, իսկ հետագայում դիվանագիտական արդյունավետ միջոցներով հնարավոր է նույնիսկ ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրներն իսկապես կարգավորված և երաշխավորված լինեն:
Մանրամասները՝ տեսանյութում: