Սպասում եմ հին հայկական քաղաքական աշուն. Փաշինյան
«Ինչպիսի՞ քաղաքական աշուն եք սպասում Դուք»․ սա կառավարության հրավիրած ասուլիսի ժամանակ Հանրային ռադիոյի հարցերից մեկն էր Նիկոլ Փաշինյանին։ Հարցին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց քմծիծաղով․ «Հին հայկական քաղաքական աշուն, ինչպես նախկին բոլոր քաղաքական աշունները, որովհետև որևէ այլ բան սպասելու անհրաժեշտություն և պատեհություն չեմ տեսնում»։
Նա անդրադարձավ նաև լրատվամիջոցի երկրորդ հարցին, որով լրագրողը հետաքրքրվում էր՝ «Ի վերջո, Սահմանադրությունից դուրս գալո՞ւ է այն խնդրահարույց հարցը, որը միշտ կրքեր է առաջացրել, այսինքն՝ Անկախության հռչակագրին հղումը»։
«Դուք կրքեր ասելով՝ ենթադրում եմ՝ նկատի ունեիք արտաքին կրքերը․ ես դրա մասին խոսեցի արդեն, բայց կա նաև Սահմանադրության ներքին խնդիրը, ինչի մասին բազմիցս խոսել եմ։ Ինձ համար կարևոր է, որ Սահմանադրությունը լինի քաղաքացիների միջև ձեռք բերված պայմանավորվածություն՝ պետության բնույթի և էության մասին։ Սա է սկզբունքային հայեցակարգը, և երկրորդը, որ Սահմանադրությունն ազատ, արդար, թափանցիկ քվեարկությամբ պետք է ընդունված լինի քաղաքացիների կողմից,- ի պատասխան՝ նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով,- այս երկուսն է, որ եթե ինձ հարցնեք՝ հստակ որոշում է իմ կողմից, մեր կողմից։ Մնացածը շատ բազմաշերտ պրոցես է․ հարցեր կան, նրբություններ կան, իրավունքի տեսություններ կան․ մենք այդ բոլորը քննարկելու արդյունքում պետք է կայացնենք որևէ որոշում։ Բացի մղումը և ցանկությունը, մենք ՀՀ Սահմանադրության հարցը համարում ենք ՀՀ ներքին գործը, և դա ներքին օրակարգի մաս է։ Այն, ինչի մասին ես այժմ խոսում եմ, և մեր մղումն այդ առումով երկուսն է՝ ժողովուրդը, քաղաքացիները պետք է համարեն իրենց պայմանավորվածությունը՝ պետության բնույթի, բովանդակության մասին, և հաջորդը՝ Սահմանադրությունը պետք է ընդունվի ազատ, արդար, թափանցիկ քվեարկության արդյունքում»։
Մանրամասները՝ տեսանյութում