«Փաստ». Ինչո՞ւ են թիրախավորվում հատկապես խոշոր հարկատուները

«Փաստ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի տնտեսություն հիմնված է առաջին հերթին հարկատուների, առավել ևս խոշոր հարկատուների աշխատանքի ու վճարած հարկերի վրա: Բնական է, որ գործունեության ընթացքում թերությունները բացառված չեն, սակայն մեր իրականության մեջ հաճախ կարելի է հանդիպել ոչ թե թերությունների մատնանշման՝ դրանք վերացնելու, շտկելու ցանկությամբ, այլ թիրախավորված հարձակումների:

Ընդ որում, հետաքրքիր զուգադիպությամբ, հաճախ թիրախում են հայտնվում հենց խոշոր հարկատուները: Պատճառները կարող են տարբեր լինել, սակայն դրանից իրականությունը չի փոխվում: Օրինակ՝ հաճախ բնապահպանությամբ զբաղվող որոշակի շրջանակների կողմից թիրախավորվում է Հայաստանի տնտեսության ողնաշարը համարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տարիներ շարունակ առաջին խոշոր 1000 հարկատուների ցանկի առաջատարն է և հսկայական հարկեր է վճարում պետբյուջե:

Ուշագրավ է, որ նույն ԶՊՄԿ-ի դեմ կեղծ տեղեկատվությամբ կատաղի պատերազմ է մղում Ադրբեջանը, որի նպատակը հասկանալի է՝ մաքսիմալ թուլացնել Հայաստանի տնտեսությունը, Հայաստանն ընդհանրապես:

Հաջորդ «մշտական» ունեցող թիրախը Հայաստանի արտահանման զարկերակը համարվող «Սպայկա» ընկերությունն է, որը այս տարվա առաջին վեց ամիսներին խոշոր հարկատուների ցանկում առաջադիմել է միանգամից 43 հորիզոնականով, իսկ հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 600 մլն դրամով: Տարբեր սեփականատերերի «փնտրտուքների» թեման եղել է տարիներ շարունակ, դա նորություն չէ, թեպետ, ինչպես առիթ ունեցել ենք նշել, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Սպայկա» ՍՊԸ միակ սեփականատերն ու գործադիր մարմնի ղեկավարը Դավիթ Ղազարյանն է:

Ինչևէ, այս օրերին նոր թեմա է շրջանառվում, թե «Սպայկա» ընկերությունը ստացել է արտոնյալ պայմաններ՝ արտերկրի բեռնափոխադրման կազմակերպությունների հետ համագործակցելու համար։ Երեկ մեզ հետ զրույցում տարբեր տնտեսագետներ նշում էին, որ իրականում ցանկացած խոշոր ընկերություն, որն ունի տասնյակ տարիների փորձ, միջազգային կապեր, բնականաբար, արտերկրում այլ ընկերությունների հետ ավելի բարձր մակարդակի համագործակցություն է ունենում, քան անհատ կամ փոքր, նվազ հետագիծ և ծավալներ ունեցող ընկերություն։ Հետևաբար, ուղղակի անտրամաբանական է խոսել որևէ արտոնության մասին:

Ի վերջո, ո՞վ կարող էր Հայաստանից դուրս որևէ կազմակերպության արտոնություն տալ: Այստեղ էական հանգամանք է այն, որ «Սպայկան» ՀՀ գյուղատնտեսության ողնաշարն է, և ընկերության շուրջ ինտրիգները կարող են վնասել ոչ թե ընկերության, այլ առաջին հերթին գյուղատնտեսությամբ զբաղվողների և, ընդհանրապես, պետության շահերը։

Օրերս «օդից» «կսմթոցի» էր արժանացել մսամթերքի արտադրության առաջատար «Աթենք» ընկերությունը, որը հարկատուների ցանկում վերջին շրջանում լուրջ առաջընթաց է գրանցում: Ավելին, այս կազմակերպությունը իր ոլորտում միակն է խոշոր հարկատուների ոչ միայն լավագույն հիսնյակում, այլև հարյուրյակում: Ընդ որում, հասկանալի է, որ շահարկվող թեման՝ նոր գործարանի կառուցումը, ինչը ներկա Հայաստանի պայմաններում արտառոց երևույթ կարելի է համարել, մեղմ ասած, մի քանի օրվա կամ մի քանի ամսվա լուծելիք չէ, իսկ ընկերությունն արդեն նշել է կոնկրետ ժամկետներ, ինչից շեղման մասին խոսք չկա, որովհետև այդ ժամկետը դեռ չի էլ եկել:

Եվս մեկ «մշտական» ունեցող ընկերություն է ՀԷՑ-ը, որը միշտ «քավության նոխազ» է դառնում ցանկացած դեպքում, երբ թեկուզ որևէ մեկի տան հոսանքը անջատվում է, նույնիսկ տան ապահովիչների պատճառով: Դրա վառ օրինակները վերջերս օպերային թատրոնի ու Աբովյանի քաղաքային մարզադաշտի հոսանքազրկումն էր, երբ դարձյալ հարձակման թիրախ դարձավ ՀԷՑ-ը, այն դեպքում, երբ խնդիրը տվյալ կառույցների ներքին էներգահամակարգերում էր, որոնց հետ ՀԷՑ-ը փաստացի կապ չունի: Ինտենսիվ թիրախավորվող հաջորդ «միավորը», ըստ էության, ոլորտ է: Խոսքը բանկերի մասին է, ոլորտ, որը, երևի թե, մեր երկրում ամենակայացածներից է: Ավելին, գրեթե բոլոր բանկերը խոշոր հարկատուների լավագույն հարյուրյակում են: Այդուամենայնիվ, կարելի է ասել, որ թիրախավորման գործում բանկերը նույնպես ունեն վերը նշված «մշտականից»:

Տեսանյութեր

Լրահոս