«3+3»-ը պատրաստվում է հերթական հանդիպմանը․ ի՞նչ սպասել ձևաչափի գործունեությունից

«Համաձայնեցվում է տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման ժամկետը՝ արտգործնախարարների մակարդակով»,-ռուսական ԶԼՄ-ներին այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Ռուս դիվանագետը հայտարարել է, թե տարածաշրջանում արտաքին միջամտություն հարկավոր չէ, և Հարավային Կովկասի պետություններն իրենք պետք է լուծեն եղած խնդիրները, ուստի որպես արդյունավետ հարթակ՝ նա նշել է «3+3»-ը։ Այս ֆոնին նա մտահոգիչ է որակել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը՝ ասելով, թե դա մտահոգություն է առաջացնում։

Այս ձևաչափով առաջին հանդիպումը 2021թ. ավարտին կազմակերպվեց փոխարտգործնախարարների մակարդակով, ու չնայած աշխատանքները շարունակելու մասին ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։

2023-ի հոկտեմբերի վերջին Թեհրանում «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը եղավ արտգործնախարարների մակարդակով, առանց Թբիլիսիի մասնակցության, քանի որ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։ «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի, Իրանի ակտիվ աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցություն։

Դեռևս հուլիսին ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին տեղեկացրել էր, որ 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում։
«Մենք սատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանն ու տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը։ Տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը բխում են Իրանի շահերից, և մենք պատրաստ ենք այս հարցով աջակցել»,-ասել էր դեսպանը՝ շարունակելով, որ Իրանն աջակցում է 3+3 ձևաչափին։

Կարդացեք նաև

Ավելին, հուլիսի 30-ին ԻԻՀ 9-րդ նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Իրանում գտնվող Փաշինյանը հանդիպել էր Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, ով Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել էր ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ տերությունների միջոցով լուծելու, ռեգիոնալ շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը։ Փաշինյանի հետ հանդիպմանն Ալի Խամենեին բացասական դիրքորոշում էր հայտնել արտատարածաշրջանային ուժերի ներկայության կապակցությամբ՝ ընդգծելով, որ «օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ հարաբերությունների համար»։

«Երկրների անվտանգությունն ու խաղաղությունն ապահովվում է սեփական ուժերին և մերձավորներին ապավինելով։ Որոշ երկրների քայլերը, որոնք հեռվից գալիս և այլ երկրների գործերին միջամտում են, վնաս են հասցնում նրանց»,- զգուշացրել էր Ալի Խամենեին։

168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ այս ձևաչափի մասնակից երկրների միջև պլատֆորմի նպատակների, գործունեության շրջանակի հարցում լիարժեք փոխըմբռնման դեպքում «3+3»-ը կարող է վերաճել գործուն, ակտիվ և արդյունավետ ռեգիոնալ գործիքի։

Ըստ նրա՝ դեռևս նկատելի է, որ մասնակից երկրները հստակորեն չեն ուրվագծել այն, թե ինչպիսի հարցեր են քննարկվելու այս շրջանակում՝ ռեգիոնալ քաղաքակա՞ն, թե՞ առևտրատնտեսական-կոմունիկացիոն։

«Կա կարծիք, որ շեշտը պետք է դնել ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական հարցերի, որքան պարզապես առևտրատնտեսական համագործակցության վրա, որն ինքնին կազդի ռեգիոնալ համագործակցության ամրապնդման վրա, հետևաբար՝ կստանա աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Ներկայումս այս ռեգիոնում էական կարևորություն ունի Հայաստան-Ադրբեջան բանակցային որոշումների հարցը, այս երկու երկրների միջև իրավիճակը, քանի որ նրանց միջև մոդերատորի ֆունկցիան դարձել է կարևոր աշխարհաքաղաքական հարց։ Արևմուտքը, ըստ էության, այս հակամարտության միջոցով կարողացավ ներկայություն, ազդեցություն ստանալ ռեգիոնում, սակայն, չնայած այդ ներկայությանը, շարունակում են ազդեցիկ լինել ռեգիոնալ ուժերը»,- ասաց վերլուծաբանը։

Նա նաև ասաց, որ կան տարաձայնություններ նաև Ռուսաստանի, Թուրքիայի և այլ ռեգիոնալ երկրների միջև, սակայն ռեգիոնալ մեխանիզմներն ամենագործունակը կարող են դառնալ, քանի որ դրանք ներառում են միմիայն ռեգիոնալ երկրների շահերը և չեն հետապնդում արտատարածաշրջանային ուժերի շահեր։

«Կարծում եմ, որ նախնական ընկալումն այն է, որ այս ձևաչափն ակտիվ կգործարկվի նոր աշխարհակարգի՝ բազմաբևեռության փուլում և այն ժամանակ, երբ կարգավորված կլինեն ռեգիոնալ հարցերը։ Այս մեխանիզմը թույլ կտա արագ ու արդյունավետ կարգավորել բոլոր ռեգիոնալ հարցերը՝ ռեգոնը պաշտպանելով արտաքին ազդեցությունից»,- ասաց նա։

Ներկայացնելով իր սպասելիքները հնարավոր առաջիկա հանդիպումից, Բարզեգարն ասաց, որ սպասվելիք հանդիպումը կլինի պարզապես այս պլատֆորմի շրջանակում երրորդ հանդիպումը։ Ըստ նրա, կլինի մտքերի փոխանակություն, շփումներ, սակայն ձևաչափը դեռ հեռու է ակտիվ գործունեության փուլից։ «Ինչպես ասացի, ձևաչափի ընթացքը կկարգավորվի աշխարհակարգի հաստատմանը, Վրաստանի մասնակցության հարցի հստակեցմանը զուգահեռ»,-նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս