Բաժիններ՝

Առանձնակի դաժանությամբ սպանություն Արարատի մարզում. օրեր առաջ նշանված 32-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ օգստոսի 30-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարադու դի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով:

Ըստ բժշկական կենտրոնի հայտարարության՝ մահացածին տեղափոխել են «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր, պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նա տեղափոխվել է Այգավան գյուղի Մակուի փողոցի թիվ 15 տան մոտից, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, կայանված ավտոմեքենա, որի վրա նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր և մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է դանակ, որը, ըստ կասկածների, հնարավոր է հանցագործության գործիքը լինի:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործուղություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, սպանություն կատարածի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ սպանվածն օրեր առաջ նշանվել էր:

Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ավտոմեքենան էլ, որով մահացածին տեղափոխել են հիվանդանոց, քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել են արնանման հետքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս