Թրամփը ցմահ բանտարկությամբ է սպառնացել Ցուկերբերգին, եթե նա միջամտի ընտրություններին
ԱՄՆ նախագահի թեկնածու եւ Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը իր նոր գրքում ցմահ բանտարկությամբ սպառնացել է Meta կորպորաացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգին, եթե նա միջամտի 2024թ. նախագահական ընտրություններին, եւ գործարարին մեղադրել է իր դեմ 2020թ. դավադրության մեջ։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով քաղաքական գործչի լույսընծայման պատրաստվող գրքին։
«Մենք ուշադիր հետեւում ենք [Ցուկերբերգին], եւ եթե նա մի ինչ-որ անօրինական բան կատարի այս անգամ եւս, ապա կյանքի մնացած մասը կանցկացնի բանտում, ինչպես եւ բոլորը, ովքեր խարդախություն կանեն 2024թ. նախագահական ընտրություններում»,- գրել է Թրամփն իր նոր՝ «Փրկել Ամերիկան» գրքում, որը, թերթի տեղեկացմամբ, պետք է լույս տեսնի ԱՄՆ-ում սեպտեմբերի 3-ին։
Թերթը նշել է, որ Թրամփը, խոսելով խարդախության մասին, նկատի ուներ 2020թ. ընտրությունների իրավիճակը։ Նա հիշեցրել է, որ ընտրապայքարի ժամանակ Ցուկերբերգը եւ նրա կինը՝ Փրիսցիլա Չանը, 2020թ. նախագահական ընտրությունների ընտրական ենթակառուցվածքի համար տրամադրել են մոտ 420 մլն դոլար։ Այդ ժամանակ ԱՄՆ-ում օգտագործվում էին հատուկ ընտրատուփեր քվեարկության համար, որոնց դեմ բազմիցս բողոքել է Թրամփը։
«[Ցուկերբերգը] եկել էր ինձ մոտ Օվալաձեւ սենյակ։ Նա իր շատ հաճելի կնոջը բերել էր ընթրիքի, շատ քաղաքավարի էր ինձ հետ, բայց եւ մտածում էր դնել խայտառակ ընտրատուփերը նախագահի դեմ իսկական դավադրության շրջանակում»,- գրել է Թրամփը գրքում։