Ինչո՞ւ Երևանը պաշտոնապես չի «պատասխանում» Պուտինին

ՀՀ իշխանությունները դեռ չեն հստակեցնում՝ արդյո՞ք ընդունում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ նպաստել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին և, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ին Բաքու կատարած պետական այցի ընթացքում հայտարարել էր. «Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության կարգավորմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը՝ 2020-2022 թվականներին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»։

Ըստ նրա՝ Մոսկվան ուզում է մասնակցել հայ-ադրբեջանական կարգավորմանն «այնքանով, որքանով դա պահանջված կլինի Բաքվի և Երևանի կողմից»։

«Բոլորին շատ լավ հայտնի է, որ Ռուսաստանը նույնպես բախվում է ճգնաժամերի, առաջին հերթին՝ ուկրաինական ուղղությամբ։ Բայց Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում մեզ մասնակցության անհրաժեշտություն է թելադրում վերջին մի քանի տարիներին, իհարկե՝ այնքանով, որքանով պահանջված կլինի կողմերից»,- ասել էր Պուտինը՝ իր միջնորդական ջանքերը և բանակցությունների մոսկովյան հարթակն առաջարկելով Երևանին ու Բաքվին։

Կարդացեք նաև

Վերջինս այցի արդյունքների մասին հաղորդեց նաև Նիկոլ Փաշինյանին այցից օրեր անց՝ հեռախոսազրույցի միջոցով։ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին ռուսական պաշտոնական Կրեմլինը փոխանցել էր.

«Շարունակվել են քննարկումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի բանակցություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու պետական այցի ընթացքում։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում։ Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ընթացքում հատկապես նշվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները»։

ՀՀ կառավարությունն էլ փոխանցել էր, թե ՌԴ նախագահը Փաշինյանին տեղեկացրել է Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին։

«Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար»,- ասված էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

Ըստ էության, Երևանն անպատասխան է թողնում ռուսական առաջարկը՝ այն դեպքում, երբ Վաշինգտոնի վերջին բանակցային նախաձեռնությունն այս ամռանը որևէ արդյունքի չհանգեցրեց, թեև այդ նպատակով ռեգիոն մեկ ամսվա ընթացքում այցեր կատարեցին ԱՄՆ շուրջ 3 փոխպետքարտուղար։

168.am-ը հետ զրույցում ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ այս փուլում Երևանը կցանկանար մասնակցել Արևմուտքի նախաձեռնություններին, որոնք հերթով տապալվեցին։

Ըստ նրա՝ չնայած հանգամանքին, որ քիչ թվով չբանակցված հարցեր են մնացել կողմերի միջև մեծամասամբ Արևմուտքում բանակցելու հետևանքով, սակայն Արևմուտքն այդպես էլ չդարձավ կայուն միջնորդ կողմերի միջև, քանի որ Ադրբեջանը կարողացավ ժամանակ առ ժամանակ հմտորեն խուսանավել Արևմուտքի բանակցային միջնորդի դիրքերի ամրապնդումից.

«Եվ ստացվեց մի իրավիճակ, երբ բոլոր նախաձեռնությունները տապալվեցին, խոսքը թե Բրյուսելի, թե Վաշինգտոնի, Բեռլինի ու Փարիզի ջանքերի մասին է։ Հայաստանը սպասում է Արևմուտքի նոր նախաձեռնություններին, սակայն ԱՄՆ-ը արդեն նախընտրական թոհուբոհի մեջ է, և քիչ հավանական է, որ մինչ ընտրությունները կլինեն նոր նախաձեռնություններ, գուցե փորձեր լինեն Բրյուսելի կողմից, սակայն դրանք ունենալու են նույն արդյունավետությունը, ինչ Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպումը Վաշինգտոնում։ Ադրբեջանն ավելի նախընտրում է ուղիղ բանակցությունների ձևաչափը, սակայն, եթե այն չստացվի, ապա ավելի հակված է բանակցել Մոսկվայում, քան Արևմուտքում»,- ասաց Լուկիանովը։

Նրա խոսքով, այս փուլում Երևանի խաղադրույքն ԱՄՆ-ի և Արևմուտքի վրա այդքան էլ տեղին չէ, քանի որ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից կարող է շատ բան կախված լինել.

«Սա, կարծում եմ, Երևանում որոշակիորեն հասկանում են, դա է պատճառը, որ չեն «փակում» պաշտոնապես ռուսական նախաձեռնության «դուռը», թեև չկա ցանկություն բանակցելու ՌԴ միջնորդությամբ։ Եթե Մոսկվայի առաջարկը մերժվի, Արևմուտքը որևէ նախաձեռնությամբ հանդես չգա՝ որպես միջնորդ, ապա կամ կողմերը պետք է բանակցեն ուղիղ, կամ իրավիճակը ռեգիոնում կսրվի»,- ասաց նա։

Վերլուծաբանն ասաց, որ կա կարծրատիպ, թե ԱՄՆ ընտրությունների արդյունքները կամ նախագահի փոփոխությունը գրեթե չեն ազդում այդ երկրի արտաքին քաղաքականության վրա, սակայն դա թյուր կարծիք է.

«Թրամփի ընտրությունը կարող է շատ փոփոխություններ բերել ԱՄՆ արտաքին առաջնահերթությունների դաշտում, այն կարող է անդրադառնալ ԱՄՆ քաղաքականության վրա բոլոր ռեգիոններում՝ Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս, ԵՄ, Ուկրաինա և այլն։ Իսկ Հարիսի ընտրությունը գլոբալ առումով ԱՄՆ արտաքին ճակատում էական փոփոխությունների չի հանգեցնի»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս