Բաժիններ՝

Վահե Ղազարյանը մեզ խաբել է, խաբել են բոլորը. Չարենցավանի անձնագրայինը փակվելու է՝ տարածքը տալու են մասնավորին. Գևորգ Հակոբյան

Չարենցավանի բնակիչները շարունակում են պայքարել, որպեսզի Կառավարությունը չփակի Չարենցավանի անձնագրային բաժանմունքը։

Չարենցավանի անձնագրային բաժանմունքը տեղափոխել են Հրազդան, բնակիչներն անձնագրային խնդիրներ ունենալու դեպքում ստիպված պետք է Չարենցավանից հասնեն Հրազդան, ինչը նրանց սրտով չէ, քանի որ դա իրենցից պահանջում է լրացուցիչ ծախսեր ու ժամանակ։

Արդեն 2 ամիս պայքարող չարենցավանցիները չեն պատրաստվում հանձնվել, նրանք կշարունակեն իրենց պայքարը, թե ի՞նչ ձևաչափով՝ առաջիկայում կհայտարարեն։

Երկու շաբաթ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը գնացել էին Չարենցավան՝ ՔՊ-ականներից մեկի հարսանիքին մասնակցելու, բողոքող չարենցավանցիները փորձել էին նրանց հետ հանդիպել, ներկայացնել իրենց բողոքը, սակայն Չարենցավանի ոստիկանապետը հորդորել էր դադարեցնել ակցիաները, քանի որ ՆԳ նախարարը խոստացել է, որ կայցելի Կոտայքի մարզ և կհանդիպի բնակիչների հետ։

Կարդացեք նաև

«Երկու շաբաթից ավելի է անցել՝ Վահե Ղազարյանն իր խոստումը չի կատարել, մեզ խաբել է։ Պարզվում է՝ մեզ խաբել են բոլորը, Միգրացիոն ծառայության ներկայացուցիչն օրերս ասաց՝ Չարենցավանի անձնագրայինը փակելու են։ Մինչդեռ մեզ նախկինում հավաստիացնում էին, որ մեր անձնագրայինը հաշվի կառնեն, 2 աշխատող կտեղակայեն Չարենցավանում։ Հիմա էլ ասում են՝ չէ, մենք նախատեսել ենք օպտիմալացնել, ստեղծել շրջիկ խմբեր, դե, դա էլ ենթադրում է նոր ծախսեր։ Պարզվում է, իրենք 2025 թվականին ուզում են անձնագրայինի այդ ամբողջ տարածքը վաճառեն ու տան մասնավորին, ամենավտանգավորը սա է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Չարենցավանի բողոքի ակցիայի մասնակից Գևորգ Հակոբյանը։

Նա նշեց, որ մի քանի տարի առաջ փակել են նաև Չարենցավանի սանէպիդկայանը, որի շենքն օտարել ու մասնավորեցրել են, փակվել է զինկոմիսարիատը. այն տեղափոխել են Աբովյան քաղաք։

Նա վստահ է՝ պատկան մարմիններն անձնագրայիններում այս ձևերով ստեղծում են «բոլոլա», արհեստական հերթեր, որպեսզի օպտիմալացման անվան տակ տարածքներ մասնավորեցնեն։

«Այսինքն՝ իրենց վրայից գցում են, ասում են՝ պետությունը վնասով է աշխատում, տալիս ենք մասնավորին։ Այս ամենի դեմը պետք է առնենք, հիմա քանի որ հստակ իմացանք, որ փակելու են, պետք է հավաքվենք հասկանանք՝ ինչ պետք է անենք, իմ տարբերակը  ես ունեմ, տեսնեմ, մեր ընկերները դա կընդունե՞ն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Գևորգ Հակոբյանը նաև ասաց՝ ավելի լավ է անձնագրի տրամադրման համար գումարը բարձրացնեն, քան տեղափոխեն, քանի որ այս ամենը վտանգավոր միտումներ ունի։

«Այս գործից բոլորն իրենց ձեռքերը լվացել են, մենք մնացել ենք մենակ, կանգնել ենք փաստի առաջ, հետևաբար՝ պետք է որոշենք, թե ինչպես ենք անելու, որ այս անձնագրայինը չփակվի։ Պատկերացնո՞ւմ եք՝ տարին մի քանի շենք մասնավորեցնեն ու տան մասնավորին, չգիտեմ, ուզում են այնպես անել, որ ամբողջ մարզում մի անձնագրային լինի»,- եզրափակեց Գևորգ Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս