Բաժիններ՝

«Երվանդ Քոչար․ փոխակերպումներ» նախագիծը մտնում է եռուն շրջան

Այս տարի լրանում է մեծանուն քանդակագործ, նկարիչ, ավանգարդիստական արվեստի ակունքներում կանգնած, «Տարածական նկարչություն» հայեցակարգի հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը և այդ առթիվ տեղի են ունենում բազմաթիվ կարևոր իրադարձություններ։

Դրանցից է նաև «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ» կրթական, մշակութային նախագիծը, որն իրականացվում է «ԱՐՏԼԱԲԳՅՈՒՄՐԻ» մշակութային ընկերության կողմից, համագործակցությամբ «Գյումրի արթ ուիք» (Gyumri Art Week) ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի հետ։

Նախագծի շրջանակներում «Գյումրի արթ ուիք» փառատոնի արտիստային ռեզիդենցիաներում ներգրավված արվեստագետների մասնակցությամբ, իսկ նրանք 70-ից ավելի արվեստագետներ են աշխարհի տարբեր երկրներից, իրականացվելու են Երվանդ Քոչարի տարածական նկարչության սկզբունքների վրա հիմնված փոխակերպումների ոչ-ֆորմալ արվեստային կրթական աշխատարաններ։

Աշխատարաններն իրականացվելու են Գյումրիում, Օձունում, Ստեփանավանում, Կոտայքի մարզի Քանաքեռավանում, Սպիտակում։

Աշխատարանների նպատակն է, որպեսզի միմյանց հետ հարաբերվեն ժամանակակից արվեստի ուղղություններ, տարբեր մտածողություններ խոսեն միմյանց հետ, արվեստային տարբեր լեզուներ, տարբեր մոտեցումներ, տարբեր հայեցակարգեր ունենան ներազդեցություններ։

Նախագծի մասնակիցներն են վերը նշված տարածքների հիմնական և ավագ դպրոցների, մշակութային կենտրոնների սաները, որոնց ոգևորելու է Երվանդ Քոչարի արվեստն իր համարձակ ձևերով, գույներով, նորարարական տեխնիկայով, մտածելու տեղիք տվող գաղափարներով և բաց տարածության մեջ, տարածական միջավայրում, միաժամանակյա աշխատանքային ստեղծագործական պրոցեսում նրանք ստեղծելու են իրենց սեփական մարդ-քաղաք փոխակերպումային ընկալումները:

Մինչ այդ նրանք դասախոսությունների, վարպետության դասերի, հանդիպումների միջոցով ծանոթանալու են Երվանդ Քոչար արվեստագետի անցած ճանապարհին, նրա ստեղծագործություններին, նրա «Տարածական նկարչություն» արվեստային հայեցակարգին, նրա մոտեցումներին արվեստին, նկարչությանը, քանդակագործությանը և այլն։

Այդ աշխատարանների արդյունքում ծնվելու են ժամանակակից ինստալացիոն բնույթի ստեղծագործություններ, որոնց միջոցով Երվանդ Քոչարի արվեստն ու արվեստային սկզբունքներն առավել առարկայորեն, իրենց իմաստային բոլոր շերտերով ունենալու են նոր դրսևորումներ, փոխակերպումային դրսևորումներ, որն արվեստի հիմնային երևույթներից է։

Երվանդ Քոչարի մշակութային ահռելի ժառանգության հնարավորինս ուսումնասիրության և աշխատարանների ստեղծարար, ստեղծագործական փուլի ավարտին Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանի մոտ տեղի է ունենալու բոլոր արտիստային ռեզիդենցիաների աշխատարանների մասնակիցների կողմից ստեղծված ինստալացիոն բնույթի ստեղծագործությունների բաց ցուցահանդես, որի ընթացքում համայնքներում ապրող տարբեր տեսակի մտածողություն ունեցող երեխաների ստեղծագործ ինստալյացիաները ցուցադրվելու են եռաչափ ձևի մեջ։

Այս ամենն իրականություն դարձնելու համար իրականացվել են հսկայական նախապատրաստական աշխատանքներ հուլիս ամսին, իսկ առաջիկա երկու ամիսներին կընթանան նախագծի բուն ստեղծագործական փուլերը։

Ծրագրի նպատակն է համատեղ արվեստային նախագծերի միջոցով խթանել երեխաների մոտ թիմային աշխատանքը, համագործակցությունը և հարգանքը տարբեր գաղափարների նկատմամբ, նրանց մոտ ձևավորել ստեղծագործական ունակություններ, խրախուսել նորարարական մտածողությունը, ընդլայնել երևակայության հորիզոնները մասնավորապես Երվանդ Քոչարի արվեստի ստեղծագործությունների, նրա կյանքի և գործունեության, արվեստի ուսումնասիրության միջոցով: Ծրագրի նպատակն է նաև արվեստային նախագծերը դուրս բերել Երևանից, տեղափոխել մարզեր, դրանցում ներգրավել մարզային ենթակառուցվածքները, մարզերի դպրոցականներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին, համայնքային կառույցներին:

Այս նախագծի շնորհիվ հատկապես մարզերում ապրող և ստեղծագործող երեխաները ներգրավված են լինելու այլընտրանքային կրթության տարրեր պարունակող արվեստային նախագծում, իսկ մասնակիցների կողմից քոչարյան փոխակերպումների ստեղծումը, Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրումը և յուրացումը, ինստալացիոն բնույթի ստեղծագործությունների ստացումը նրանց կողմից մեծ ազդեցություն է ունենալու նրանց մշակութային կրթության առումով։ Չէ՞ որ հայ և օտարերկրացի արվեստագետների հետ շփումների միջոցով նրանք տիրապետելու են ավելի խորքային ստեղծագործական գիտելիքիների, ձեռք են բերելու նոր հմտություններ։

Նախագիծը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, խրախուսում է այլընտրանքային մշակութային կրթությունը, արվեստային կրթության շարունակականությունը դպրոցից դուրս, որը կարևորագույն հանգամանք է։

Նախագծի հեղինակներն են լրագրող, առաջին հայկական մշակութային Youtube-յան webtv.am հեռուստաալիքի, «ՀԱՅԵՐ» մեդիահարթակի՝ thearmenians.am հիմնադիր Արայիկ Մանուկյանը, Gyumri Art Week փառատոնի հիմնադիրներից՝ նկարիչ, ժամանակակից արվեստի հայաստանյան լավագույն ներկայացուցիչներից՝ Սարգիս Հովհաննիսյանը։

Նշենք, որ ժամանակակից արվեստի Gyumri Art Week միջազգային փառատոնն արդեն երրորդ տարին է, որ Հայաստան է հրավիրում ժամանակակից արվեստի հանրահայտ անունների ողջ աշխարհից, իրականացնում է արտիստային եզակի ռեզիդենցիաներ, արվեստային ակտեր ինստալյացիոն արվեստի, վիդեոարտի, ժամանակակից արվեստի այլ ուղղությունների մեջ և հետաքրքրական էր, որ այս տարի փառատոնը նվիրված էր Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին, անցնում էր «Քաղաք և անդին» շատ հետաքրքիր խորագրի ներքո, որն էլ ուղղակիորեն զուգահեռվում էր «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ․ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ» այլընտրանքային կրթական, մշակութային նախագծի նպատակների ու խնդիրների հետ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս