Բաժիններ՝

Խաչակնքում

Քրիստոնեությունն ունի իր արտաքին նշանը: Այն արտաքին լինելուց բացի, կրում ենք մեր սրտում և դրանով իսկ ճանաչելի դառնում որպես քրիստոնյա: Այդ նշանը տվեց մեզ Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իրեն հիշելու համար:

Եթե հռոմեական կայսրության ժամանակաշրջանում նախատինքի, անարգանքի և չարչարանքի մի գործիք կար, որ մահվան ստվերը տարածելով, սոսկում էր առաջացնում բոլորի մոտ, ապա որոշ ժամանակ անց շրջադարձային փոփոխություն եղավ. սոսկման նշանը, վերածվեց հավատքի, հույսի, սիրո, հաղթանակի և փրկության նշանի և դա Աստվածորդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Տախտակից շինված քառաթև այդ գործիքը՝ սոսկման նշանը, դարձավ Սուրբ Խաչ: Մեր տերը՝ Հիսուս Քրիստոս, խաչի մահով մեզ համար բացեց երկինքը, որը փակ էր այն օրվանից, ինչ Ադամն ու Եվան ճաշակեցին արգելված պտուղը և զրկվեցին Աստվածային շնորհները վայելելուց, ու մահն աշխարհ եկավ: Խաչը դարձավ մեզ համար փրկության  գործիք, եթե Քրիստոս չխաչվեր, մարդկային բնությունը չէր ազատվի չարի գերությունից: Սուրբ Խաչը դարձավ մեր և Աստծո միջև եղած հաշտության նշանը (Կողոսացիներ 1.19-20):

Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քրիստոնյայի համար սովորական մի նշան չէ Սուրբ Խաչը և սովորական մի գործողություն չէ խաչակնքումը:

Խաչակնքմամբ մենք հիշում ենք մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մահը մարդկության փրկության համար և խնդրում Աստծո ողորմությունը: Երբ խաչակնքում կամ Խաչի նշանն ենք տեսնում, Քրիստոսի՝ մեզ համար Խաչի վրա մեռնելը և մեզ չարի գերությունից ազատելու երախտիքն ենք հիշում: Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին, հաստատելով խաչակնքման կարևորությունը, գրում է. «Այսուհետև ամոթ չհամարենք Քրիստոսի Խաչը, ու թեպետ մեկը քողարկի, դու բացահայտ կերպով ճակատիդ վրա դրոշմիր, որպեսզի դևերը, արքունական նշանը առջևում տեսնելով, ահուդողով փախուստի մատնվեն: Բայց այդ նշանը միշտ դիր. երբ ուտում ես, երբ խմում ես, ամեն տեսակ նպատակի դեպքում, ամեն տեսակ բաժակի վրա անպակաս արա, թե՛ նստելիս, թե՛ կանգնելիս, թե՛ խոսելիս, թե՛ շրջելիս, թե՛ անկողին մտնելիս»: Եվ հենց այս սովորության համաձայն էլ՝ դարեր շարունակ մեր նախնիներն աղոթելիս, ամեն առավոտ տանից դուրս գալիս, եկեղեցի մտնելիս, սրբություններին մոտենալիս, ծիսական արարողություններին մասնակցելիս, ցորենի հատիկը հողը գցելիս, գութանով վար անելիս և աշնան բերքն ամբարելիս, նեղության, հիվանդության ու վտանգի դեպքում, աշխատանքն սկսելիս, ճաշելուց առաջ և հետո, հեռու ճանապարհ ելնելիս իրենց երեսին խաչ էին հանում:

Կարդացեք նաև

Խաչակնքել. հայերենում բառն ինքնին ճիշտ է արտահայտում իմաստը՝ խաչ և կնքել, խաչի կնիքը դնել մեզ վրա, այն է Ավետարանական ամբողջ ճշմարտությամբ կնքվել: Իսկ կնքվողը պատկանում է միայն կնքողին՝ Աստծուն:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ամեն մի անդամ խաչակնքում է հետևյալ կերպ` աջ ձեռքի երեք մատները (բթամատը, ցուցամատն ու միջնամատը) միացնում է իրար, ինչը խորհրդանշում է անբաժան և միասնական Սուրբ Երրորդությունը, մյուս երկու մատները ծալում է ափի մեջ՝ խորհրդանշելով Քրիստոսի մեջ կատարյալ Աստծո և կատարյալ մարդու անբաժան միությունը: Այս դիրքով աջ ձեռքը մոտեցնում է նախ ճակատին` ասելով. «Յանուն Հօր», այնուհետեւ կրծքից փոքր-ինչ վար` ասելով. «եւ Որդւոյ», այնուհետեւ տանում կրծքի ձախ կողմը` ասելով «եւ Հոգւոյն», ապա կրծքի աջ կողմը` ասելով. «Սրբոյ», վերջում ափը դնում կրծքի վրա ու ասում. «Ամէն», որը եբրայերեն նշանակում է «թող այդպես լինի», «ճշմարիտ է»:

Այն, ինչ Քրիստոս արեց Խաչի վրա, գեղեցիկ կերպով արտահայտում է 18-րդ դարի հոլանդացի մի մտածող. «Չգիտեմ, թե ի՞նչ պատահեց այնտեղ խաչի վրա, սակայն գիտեմ, թե ինչ պատահեց ինձ խաչելությամբ. Քրիստոս խոնարհվեց իմ մակարդակին ու ինձ ուժ տվեց բարձրանալու Իր մակարդակին»:

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս