«Պետական էթիկան հուշում է, որ պետությունների առաջին դեմքերն արձակուրդներն անցկացնեն իրենց երկրում, տվյալ դեպքում՝ ՀՀ-ում, բայց տեսնում ենք, թե ինչպես է ՀՀ վերնախավը հանգիստը վայելում Եվրոպայում». Բադալյան
Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Կարո՞ղ են պետության բարձրաստիճան դեմքերը, այսպես կոչված կառավարող էլիտայի ներկայացուցիչները հանգստանալ արտերկրում: Դե, Սահմանադրությամբ կամ օրենքներով դա արգելված չէ, բայց պետությունների կառավարող խավերը միայն սահմանադրական կամ օրենսդրական կարգավորումներով չէ, որ կենսագործում են, այլ նաեւ էթիկական: Եվ այդ նորմերը բոլորովին պակաս կարեւոր չեն, քան իրավականները: Պետությունները ըստ էության տապալվում են դրանցից որեւէ մեկի տապալման պարագայում էլ:
Այդպիսով, պետական էթիկան հուշում է, որ պետությունների առաջին դեմքերն արձակուրդներն անցկացնեն իրենց երկրում, տվյալ դեպքում՝ Հայաստանում:
Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարող վերնախավի բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող մարդիկ ոչ միայն համատարած հանգստանում են արտերկրում, այլ նաեւ լայնորեն ցուցադրում են իրենց հանգիստը, թե ինչպես են վայելում արտերկիրը, տվյալ դեպքում՝ Եվրոպան:
Այն, որ հանգստանալը նրանց իրավունքն է, կասկած չկա: Ավելին, ես կարծում եմ, որ այդուամենայնիվ նրանք էլ պետք է հանգստանան, քանի որ՝ մարդն ինչպես հանգստանում է, այդպես էլ՝ աշխատում: Բայց պետական բարձրաստիճան պաշտոնյաների հանգիստը պետք է տեղավորվի ոչ միայն պետական օրենքների, այլ նաեւ պետական էթիկայի շրջանակում:
Մինչդեռ այն սոցցանցային էթիկայի շրջանակում է: Պետական էթիկան փոխարինվել է սոցցանցային էթիկայով: Հաճախ նաեւ հարգարժան շատ մարդիկ ասում են, որ սոցցանցը արդիականության պահանջ է, հնարավոր չէ անտեսել այդ երեւույթն ու մնալ դրանից դուրս:
Համաձայն եմ լիովին: Եվ մատնանշած խնդիրս բոլորովին այն չէ, որ պետական պաշտոնյաները չպետք է ներկա լինեն սոցցանցերում: ՀԱՐՑՆ այն է, թե նրանք ինչպե՞ս են ներկա սոցցանցերում:
Երբ նրանք անվրդով ցուցադրում են իրենց եվրոպական արձակուրդները, այստեղ հարցը պետական էթիկայի համատարած ոտնահարում է, այլ ոչ թե սոցցանցային իրականության հետ աշխատանք:
Եվ դա այն պարագայում, երբ ոչ միայն պետության շուրջ անվտանգային մարտահրավերներն են ուժգին, այլ խոշոր հաշվով նաեւ պետության ներսի՝ սոցիալ-տնտեսական եւ սոցիալ-հոգեբանական:
Այստեղ էլ շատերը կարող են անմիջապես վրա տալ, թե՝ միթե՞ պետք է սուգ ու շիվան կապեն ամեն օր: Բայց սա էլ՝ կամ խնդրի կամ բացարձակ տգիտացում է, կամ նենգափոխում:
Որովհետեւ մի ծայրահեղության մերժումը բոլորովին չի նշանակում հակառակ ծայրահեղության պահանջ կամ ակնկալիք»: