«Տեղեկություններ ենք փոխանցել, որ իրենք էլ տեղյակ չէին. հարցի հասցեատերը Փաշինյանն է». զոհվածների և անհետ կորածների հարազատներ

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ռաֆայել Վարդանյանը և ՔԿ-ից մեկ այլ պաշտոնյա ընդունել են նախորդ ամսվա սկզբին Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող արցախահայերին։

168.am հետ զրույցում բողոքող արցախահայերն ասացին, որ մոտ մեկ շաբաթ առաջ են հանդիպել ՔԿ պաշտոնյաների հետ։

«Մեզ ասացին, թե իբր այս հարցն իրենց համար առաջահերթ հարցերից է, որով հետաքրքրվում են։ Բայց փաստն այն է, որ մինչև հիմա որևէ արդյունք չկա։ Մեզ որևէ կարևոր բան չեն ասել, էլի մենք ենք բաներ ասել, տեղեկություններ փոխանցել, որ իրենք չգիտեին, տեղյակ չէին»,- նշեցին անհետ կորածների ու զոհվածների հարազատները։

Անհետ կորածների և զոհվածների հարազատները ՔԿ-ից նաև հետաքրքրվել են, թե ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը չի համաձայնում, որպեսզի Արցախից դուրս բերեն նախորդ տարվա սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի սկսած պատերազմի հետևանքով զոհվածների դիերը՝ արտաշիրմում իրականացնեն և տեղափոխեն Հայաստան, սակայն հստակ պատասխան չեն ստացել, կրկին պատասխանել են, թե հարցով զբաղվում են։

Կարդացեք նաև

«Մենք ՔԿ-ում կրկին պահանջեցինք, որպեսզի միջնորդեն՝ մեզ ընդունի Նիկոլ Փաշինյանը, եթե նա էլ չի ընդունում, գոնե ընդունի ԱԳ նախարարը, նրանք են Ադրբեջանի հետ բանակցում։ Այսօր պետք է մեզ տեղեկացնեն, թե ինչ արձագանք են ստացել Կառավարությունից ու ԱԳՆ-ից»,- նշեցին մեր զրուցակիցները։

Նրանք ևս մեկ անգամ ընդգծեցին՝ հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, քանի որ Ադրբեջանի, Ալիևի հետ նա է բանակցում և նա է ներկայացնում Հայաստանը։

Նշենք, որ Կառավարության մոտ ակցիա իրականացնող արցախահայերի մի մասը պահանջում էր, որպեսզի նախորդ տարվա սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված և Արցախում հուղարկավորված անձանց արտաշիրմում իրականացնեն և տեղափոխեն Հայաստան՝ այստեղ վերահուղարկավորելու համար։

Ակցիայի մասնակիցների մի մասն էլ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած բենզինի պայթյունի հետևանքով առայսօր անհետ կորածների հարազատներն էին։

Նրանք պահանջում էին, որպեսզի Կառավարության ղեկավարը քայլեր ձեռնարկի՝ այդ անձանց ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկություն հաղորդելու համար։ Երկու տասնյակից ավելի անձանց հարազատները մինչև այսօր Հայաստանում տարբեր գերատեսչությունների, միջազգային մի քանի կառույցների դռներ են բախել, որպեսզի պարզեն իրենց հարազատների ճակատագիրը, սակայն ապարդյուն։

Կառավարության ներսից որևէ մեկը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որևէ մեկին չէր ընդունել, իսկ օրեր անց Կառավարությունից տեղեկացրել էին, որ Նիկոլ Փաշինյանը չի էլ ընդունելու բողոքող անձանց, քանի որ տվյալ գործը ՔԿ տիրույթում է։

 

Տեսանյութեր

Լրահոս