ԵԽ-ում կոչ են արել դադարեցնել Հունգարիայի մասնակցությունը Շենգենյան գոտուն՝ ՌԴ-ի համար վիզային ռեժիմի մեղմացման պատճառով
Եվրախորհրդարանի (ԵԽ) 70 անդամներից բաղկացած խումբը Եվրահանձնաժողովից (ԵՀ) պահանջել է դադարեցնել Հունգարիայի մասնակցությունը Շենգենյան գոտուն այն բանից հետո, երբ Բուդապեշտը որոշել է մեղմացնել այցագրային պահանջներն ութ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ: Այդ մասին հայտնում է POLITICO-ն։
Ըստ պարբերականի տեղեկատվության՝ Չեխիայից և Լիտվայից Եվրախորհրդարանի պատգամավորներ Դանուշե Ներուդովան և Պյատրաս Աուշտրյավիչյուսը նամակ են հղել ԵՀ՝ Հունգարիայի համապատասխան որոշումը հետաքննելուն ուղղված շտապ միջոցներ ձեռնարկելու կոչով։ Նամակի հեղինակների գնահատմամբ՝ որոշումը «կարող է հնարավոր սպառնալիքի տակ դնել» Շենգենյան գոտու դերը՝ որպես անդամ երկրների «քաղաքացիների համար անվտանգ տարածություն»։
Պատգամավորները նշել են, որ «եթե Հունգարիայի կառավարությունը հրաժարվի փոխել իր քաղաքականությունը», ապա ԵՀ-ն և ԵՄ բոլոր անդամները «պետք է կասկածի տակ դնեն Հունգարիայի ներկայությունը Շենգենյան գոտում»։ Առաջարկվող միջոցների թվում նամակում նշվում են Հունգարիայի սահմաններին հսկողության ներդրումը և հրաժարումը հունգարական այցագրերի ճանաչումից։
POLITICO-ն հավելել է, որ նամակը հավաքել է մոտ 70 ստորագրություն, այդ թվում՝ Բելգիայի և Իռլանդիայի նախկին վարչապետների ստորագրությունները։ Նրանց անունները չեն նշվում։
Ավելի վաղ մի քանի եվրոպական լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Հունգարիան որոշել է մեղմացնել այցագրային պահանջները, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների համար։ Հուլիսի 30-ին ԵՀ-ում արդեն պարզաբանում են պահանջել Հունգարիայից այդ քայլի առթիվ։
Օգոստոսի 1-ին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը պահանջել է սահմանափակել Հունգարիայի մասնակցությունը Շենգենին՝ ՌԴ-ի համար այցագրային մեղմացումների պատճառով։