Բաժիններ՝

«Խոստովանություն» բառի իմաստներն Աստվածաշնչում

Մարդիկ սովոր են «խոստովանություն» բառը հասկանալ որպես Խոստովանության խորհուրդ եկեղեցու զավակների բերանում, դրա՝ «խոստովանություն» բառի   տարածվածության և շատ օգտագործման պատճառով: Սակայն այս բառը Աստվածաշնչում հիշատակվում է երեք տարբեր իմաստներով.

  • Հավատքի խոստովանություն,
  • Աստծո շնորհի խոստովանություն (շնորհակալություն և փառաբանություն),
  • մեղքի խոստովանություն:

«Խոստովանություն» բառը պարզապես ենթադրում է, որ մարդը բացահայտի կամ արտահայտի իր ներսում եղած մտքերն ու հոգևոր ապրումները։

Առաջին՝ հավատքի խոստովանությունը

Մեր ուսուցիչ Պողոս առաքյալը հաստատում է, որ ներքին հավատքը անհրաժեշտ է մկրտության և փրկության համար. «Որովհետև սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով խոստովանում ենք փրկության համար» (Հռոմ. 10:10), և այս հավատքի հրապարակային խոստովանությունը նույնպես անհրաժեշտ է. «Որովհետև, եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես» (Հռոմ. 10:9):

Կարդացեք նաև

Եվ այս իմաստով խոսեց մեր Տեր Հիսուսը, փառք Նրան, ասելով. «Ամեն ոք, ով ինձ կխոստովանի մարդկանց առջև, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առջև, որ երկնքում է։ Իսկ ով ինձ կուրանա մարդկանց առջև, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մտթ. 10:32-33):

Եվ կրկին մեր ուսուցիչ Պողոս առաքյալը պատվիրում է իր աշակերտին՝ ասելով. «Հավատի բարի պատերա՛զմ մղիր և ամո՛ւր կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր և դավանեցիր բարի դավանությունը բազում վկաների առաջ» (Ա Տիմ. 6:12):

Եվ հավատքի այս խոստովանությունը վերադառնում է Քրիստոսի հայտարարությանը Իր մասին, որպես խոստովանություն՝ ասելով. «Պատվիրում եմ քեզ Աստծու առաջ, որ կյանք է տալիս ամեն ինչի, և Հիսուս Քրիստոսի առաջ, որ Պիղատոս Պոնտացու առաջ վկայեց բարի դավանությունը» (Ա Տիմ. 6:13):

Նույն իմաստով Պատարագի աղոթքի ավարտին քահանան աղաղակում է վերջին խոստովանությունը և հայտնում իր ամբողջական հավատքը՝ ասելով. «Հավատում եմ, հավատում եմ, հավատում եմ, և խոստավանում եմ մինչև վերջին շունչ, որ սա է կենդանարար մարմինը, որը վերցրեց Քո Միածին Որդին», և սարկավագը աղաղակում է նրա հետևից. «Ամեն, ամեն, ամեն: Հավատում եմ, հավատում եմ, հավատում եմ, որ սա իսկապես է, ամեն»: Եվ ամբողջ ժողովուրդը կանչում է. «Ամեն, ամեն, ամեն, մենք ավետում ենք Քո մահը, ով Տե՛ր, և խոստովանում ենք Քո սուրբ Հարությունը ու Քո Համբարձումը դեպի Երկինք»:

Եվ Հավատի այս խոստովանությունը պետք է բարձրաձայն արվի չմկրտվածների  կողմից, նախքան նրանց մոտենալը Սուրբ մկրտության և Դրոշմի խորհուրդներին: Եվ տակավին, կնքահայրն է կատարում այս դերը մանուկների մկրտության դեպքում: Նա բարձրացնում է իր ձեռքը՝ աջը և խոստովանում է Եկեղեցու առջև. «Հավատում եմ Մեկ Աստծո, Ամենակալ Հորը, … և Նրա Միածնին՝ մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, … և կենդանարար Սուրբ Հոգուն, … և մարմնի հարության, … և  մի միայն Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցուն» (Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Մկրտության ծեսից):

Այս նույն խոստովանությունն էր, որ հրապարակայնորեն ու բծախնդրությամբ անում էր որևէ նահատակ կամ խոստովանող, նախքան կգնար տանջանքի և ցավի: Հավանաբար այս պատճառով էլ մինչև օրս կրկնում ենք. «Խոստովանում եմ մինչև վերջին շունչ»:

Երկրորդ՝ Աստծո շնորհի խոստովանությունը

Խոստովանություն բառը երբեմն գալիս է գնահատանքի, պատվի, փառաբանության, օրհներգության, և Աստծուն շնորհակալություն հայտնելու իմաստով՝ Նրա բոլոր բարիքների համար․

«Կգնաս քահանայի մոտ, որ հերթապահում է այն օրը, և նրան կասես. «Այսօր գոհություն եմ հայտնում Տիրոջը՝ իմ Աստծուն, քանի որ մտա այն երկիրը, որ Տերը երդվեց մեր հայրերին՝ մեզ տալ» (Բ Օրին. 26։3)։

«Գոհաբանենք Տիրոջը, որովհետև քաղցր է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը» (Դան. 3։89)։

Եվ իններորդ ժամի աղոթքը.

«Արդարնե՛ր, ուրա՛խ եղեք Տիրոջով, գոհությո՛ւն մատուցեք՝ հիշելով նրա սրբությունը» (Սղմ. 96:12):

«Տերը մեծ է Սիոնի մեջ և բարձր է բոլոր ժողովուրդներից. գոհություն մատուցենք քո մեծ անվանը, որովհետև ահավոր և սուրբ է» (Սղմ. 98:2-3)։

«Նրա դռներից մտե՛ք խոստովանությամբ, նրա սրահները՝ օրհնությամբ։ Խոստովանե՛ք Տիրոջը և օրհնե՛ք նրա անունը։ Քաղցր է Տերը, հավիտյան է նրա ողորմությունը, նրա ճշմարտությունը՝ սերնդեսերունդ» (Սղմ. 99:4-5)։

«Իմ ամբողջ սրտով գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր, ողջամիտների ժողովներում» (Սղմ. 110:1):

Աստծո շնորհի այս խոստովանությունը հավատքի խոստովանության հաջորդ քայլն է, որովհետև ես հավատում եմ Աստծո սիրուն, մարմնացմանը,  փրկագործությանը և հոգատարությանը: Ես խոստովանում եմ Նրան՝ Աստծո  շնորհով, գնահատանքով, շնորհակալությամբ և երախտագիտությամբ: Այսպիսով՝ շնորհակալության առաքինությունը դառնում է ուղիղ հավատքի դուստրը.

«Հավատացի, ինչ որ խոսեցի, և հույժ խոնարհ եղա։ Զարմանքիս մեջ ասացի. «Ամեն մարդ սուտ է»։ Ի՞նչ հատուցում պիտի տամ Տիրոջը այն ամենի համար, որ ինձ տվեց» (Սղմ. 115:1-3):

Խոստովանության այս իմաստով մենք ամեն օր աղոթում ենք շնորհակալության աղոթքում. «Որովհետև Դու ծածկեցիր մեզ, օգնեցիր, պահեցիր և ընդունեցիր մեզ Քեզ մոտ, և խղճացիր մեզ, աջակցեցիր մեզ և հասցրիր մեզ այս ժամին», «Այն ժամանակ հրեշտակը նրանց երկուսին գաղտնի կանչեց մի կողմ և ասաց. «Դուք Աստծո՛ւն օրհնեցեք, Նրա՛ն խոստովանեք, փա՛ռք տվեք Նրան և բոլորի առջև գոհությո՛ւն հայտնեք այն ամենի համար, որ Նա արել է ձեզ հետ, որովհետև բարի է Աստծուն օրհնաբանելը, Նրա անունը փառավորելը և Աստծու գործերը պատվով հռչակելը. մի՛ հապաղեք Նրան բարեբանել։ Լավ է թագավորի գաղտնիքը թաքցնել, իսկ Աստծու գործերը փառքով հայտնել» (Տոբիթ 12։6-7)։

Երրրորդ՝ մեղքի խոստովանությունը

Սա խոստովանության երրորդ իմաստն է, հավատքի խոստովանության և Աստծո շնորհի խոստովանության բնական արդյունքն է: Սա ինքնաանկեղծության արդյունքն է։ Մարդը զգում է իր մեղքը, իր թերությունը և անօրենությունները, և դրանք խոստովանում է ինքն իր առջև, Աստծո առջև, երբեմն էլ մարդկանց առջև, Եկեղեցու ու քահանայի առջև, ինչպես որ ասված է Հեսուի գրքում. «Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, (Աստծո շնորհի խոստովանություն) խոստովանի՛ր և պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, և մի՛ թաքցրու ինձնից (Մեղքի խոստովանություն)» (Հեսու 7:19):

Եվ հետևաբար, այս ամբողջական եռյակը՝ հավատքի խոստովանությունը, Աստծո շնորհի խոստովանությունը և մեղքի խոստովանությունը, ներկայացնում է հոգևոր կյանքի սյուները: Ճշմարիտ սուրբը նա է, ում հավատքը ուղիղ է և ապրում է շնորհակալությամբ՝ օրհներգում է մշտապես և զբաղված է ապաշխարության գործով մինչև իր վերջին շունչը:

Քահանա և բժիշկ Դաուդ Լամիի

Արաբերենից թարգմանեց Աստվածաբանական գիտությունների դոկտոր Խաժակ սրկ. Նալբանդյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս