Շատ կուզենայի՝ այդ ձայնագրությունը լիներ, և այն ես նաև Ձեզ տրամադրեի, որ տեսնեիք՝ Գայանե Բաղդասարյանն իրեն ինչպես է պահել նիստը սկսվելուն պես. «Գյումրու ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենը հակադարձում է նախկին աշխատակցին
Երեկ 168.am-ը ներկայացրել էր «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նախկին կլինիկական հոգեբան Գայանե Բաղդասարյանի աշխատանքից ազատվելու պատմությունը նրա իսկ ներկայացմամբ: Վերջինս պնդում էր՝ աշխատանքից ազատվել է իր քաղաքական հայացքների պատճառով:
Հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեց «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը, ով կտրականապես հերքեց, որ Գայանե Բաղդասարյանն աշխատանքից ազատվել է իր քաղաքական հայացքների պատճառով, ասաց՝ ո՛չ որևէ մեկի աշխատանքի ընդունելիս, և ո՛չ էլ նրանց աշխատանքի ընթացքում իրեն չեն հետաքրքրել իր աշխատակիցների կուսակցական պատկանելությունն ու քաղաքական հայացքները: Նա հավելեց, որ երբեք կուսակցական չի եղել նաև ինքը, թեպետ աշխատել է տարբեր իշխանությունների օրոք:
«Նույն կերպ չգիտեմ՝ Գայանե Բաղդասարյանը հիմա ո՞ր կուսակցության անդամ է, նախկինում, երբ 2014թ. աշխատանքի ընդունվեց, ասում էին՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ էր: Բայց դա ինձ հետաքրքիր չէր: Ինձ մասնագետը պետք էր, ընդունել եմ: Ես պատահական չեմ դարձել տնօրեն, 18 տարի աշխատել եմ որպես բժիշկ, հետո դարձել եմ գլխավոր բժիշկ, ապա՝ բաժնի վարիչ, հետո նոր՝ տնօրեն: Այդ հիվանդանոցը փակվող հիվանդանոց էր, հիմա դարձել է զարգացող, կարելի է ասել՝ զրոյից կառուցած բժշկական կենտրոն է, ու հիմա Շիրակի մարզում մրցակից չունեցող բժշկական կենտրոն է»,- ասաց Արմեն Իսահակյանը:
Դիտարկմանը, թե չի էլ կարող մրցակից ունենալ, որովհետև մարզի բժշկական խոշոր կենտրոնները միավորվել են «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հարկի տակ, տնօրենն ասաց՝ օպտիմալացումն իր պատճառներն ունի:
«Վերջին 3 կենտրոնները 400 միլիոն դրամ պարտքով են միացել մեր բժշկական կենտրոնին: 13 ծնունդով ծննդատունը միացել է, այսօր 100 ծնունդ է լինում, վա՞տ է: Օպտիմալացման ծրագիրը 1998թ. ծրագիր է, որի վերջնարդյունքում մարզը պետք է ունենար մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց: Սա քաղաքական դիրքորոշման հարց չէ, այլ զարգացման հեռանկարի: 10 տարվա մեջ հասել ենք նրան, որ Շիրակի մարզից 7-8000 մարդ բուժման նպատակով Երևան չի գնում, անում ենք վիրահատություններ, որ Երևանում միայն «Էրեբունի» և «Աստղիկ» ԲԿ-ներն են անում: Տարեկան սրտի 1600 վիրահատություն է արվում: Մարզերի մեջ եզակի ծառայություններ ենք ներդրել»,- ասաց «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը:
Ինչ վերաբերում է կլինիկական հոգեբանի հաստիքին, Արմեն Իսահակյանը նշեց՝ դա պարտադիր հաստիք չէ, բայց ինքը մտածել է, որ լավ կլինի՝ կենտրոնն ունենա այդպիսի մասնագետ, ու աշխատանքի է ընդունել Գայանե Բաղդասարյանին:
«8 տարվա ընթացքում ինքը բավականին մեծ աշխատավարձ է ստացել: Ինչ վերաբերում է վճարովի ծառայությանը, դա բոլոր բժիշկներն են անում, ու դա պայմանագրով չի նախատեսվում: Ոչ մեկի պայմանագրում նման բան չկա: Կա գնացուցակ, որի մասին Գայանե Բաղդասարյանը լավ գիտեր, ու ինքն էլ վճարումներ կատարել է, տոկոսն էլ ստացել է. բժիշկների աշխատավարձը նաև վճարովի ծառայություններից է գոյանում: Ինքը շատ քիչ վճարում է արել, բայց բավականին շատ աշխատավարձ է ստացել»,- ասաց ԲԿ-ի տնօրենը:
Նրա խոսքով՝ Գայանե Բաղդասարյանի հաստիքի կրճատման պատճառը նրա աշխատանքի անարդյունավետությունն է, ու դա միայն իր կարծիքը չէ:
«Ես ամենավերջին մարդն եմ, ով դրա մասին ասում է, որովհետև իրեն ես եմ ընդունել աշխատանքի, թեպետ բժիշկներն ինձ նախատում էին՝ ասելով՝ մանկավարժականն է ավարտել, պարզապես հատուկ հոգեբանական դասընթացների վկայականներ ունի, բայց ինչևէ, ընդունել եմ, աշխատել է, բայց տարիներ շարունակ էֆեկտիվությունը նրա աշխատանքի չենք տեսել: Դրա հետ կապված՝ զրույց եմ ունեցել հետը, ապա աշխատաժամանակն ենք կրճատել: Բաժանմունքի վարիչներն ասել են՝ իր աշխատանքը մեզ օգուտ չի տալիս: Դեպք է եղել, որն անգամ բարձրաձայնելու չէ»,- ասաց տնօրենը:
Հարցին՝ ինչո՞ւ եք այդքան տարի պահել կլինիկական հոգեբանին, եթե նրա աշխատանքը չի գոհացրել, Արմեն Իսահակյանը պատասխանեց՝ մենք սկզբունք ունենք, աշխատողին ամենաքիչը 5 տարի օգնում ենք, որ նա կայանա, մարդուն ժամանակ են տալիս:
«Ինքը հոգեբան է, պետք է մարդկանց, այդ թվում՝ նաև իր գործընկերների հետ վարվելու գծեր ունենա, բայց ինձ թվում է՝ Գայանեն այդ բոլոր սահմաններն անցել է: Վերցնել, օրը 200 հոգուց շնորհակալության խոսքեր ստացող բժիշկ Արմեն Խաչատրյանին նման կերպ անվանարկելը ճիշտ չէ: Նա օրը 24 ժամ, վերակենդանացման բաժանմունքում գիշեր-ցերեկ աշխատող բժիշկ է: Ինքը կաբինետում նստող փոխտնօրեն չէ, աշխատում է բոլոր ծայրահեղ ծանր հիվանդների հետ: Արդար չէ նրա հետ այդ կերպ վարվելը»,- ասաց նա:
Մեր հակադարձմանը, թե Գայանե Բաղդասարյանը հերքում է, որ նման բան է ասել, և մերսման բուժքույր Աննա Ադամյանը ստել է էթիկայի հանձնաժողովի նիստի ժամանակ, Արմեն Իսահակյանը պատասխանեց՝ ասել է, այլ բաներ էլ է ասել՝ վիրավորանքներ հասցնելով հանձնաժողովի բոլոր անդամներին:
Կրկին հարցրեցինք՝ այդքան անվերապահորեն հավատո՞ւմ է Աննա Ադամյանի ասածներին, ինչին ի պատասխան՝ նշեց՝ ոչ, ինքը որևէ մեկի անվերապահորեն չի հավատում, հավատում է էթիկայի հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են 8 հոգի, ովքեր ներկա են եղել նիստին:
«8 հիվանդանոցի միացման արդյունքում ունենք մոտ 900 աշխատող ու կրճատված բուժաշխատողներ գրեթե չենք ունեցել, եզակի դեպքեր ունենք, որոնցից մեկը Գայանե Բաղդասարյանն է՝ իր անարդյունավետ աշխատանքի պատճառով:
Հարցին՝ եթե կլինիկական հոգեբանն արնարդյունավետ է աշխատել, ինչո՞ւ է նրա աշխատանքից ազատման մեջ որպես հիմնավորում նշվել ֆինանսական վերլուծության արդյունքը, «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը պատասխանեց՝ դա աշխատանքի որակական ցուցանիշների բաղադրիչներից մեկն է:
«Ի տարբերություն հանրապետության մյուս բուժհիմնարկների՝ մեզ մոտ վճարովի բուժծառայությունները զգալի մաս են կազմում ՝ մոտ 50-60%, և ինչպես արդեն ասացի, աշխատավարձի գոյացման հարցում մեծ դեր ունի նաև ֆինանսական ծառայությունների մատուցումը»,- ասաց Արմեն Իսահակյանը:
Վերջինս, ի պատասխան մեր հարցի, հերքեց նաև, թե ինքը Գայանե Բաղդասարյանին ասել է, որ իրեն ստիպել են նրան աշխատանքից ազատել:
«Եթե Դուք ճշտեք, թե ես որ թվերին ինչ ղեկավարների հետ եմ աշխատել, ինչ գեներալ մարզպետների ու ինչ նախարարների հետ եմ աշխատել, կտեսնեք, որ ինձ հնարավոր չէ ստիպել ինչ-որ բան անել: Եթե ստիպելով լիներ, ինքն աշխատանքի չպետք է ընդունվեր»,- ասաց «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը:
Ինչ վերաբերում է Գայանե Բաղդասարյանի այն պնդմանը, թե տնօրենն իրեն չի ընդունել, Արմեն Իսահակյանն ասաց՝ նրան միշտ է ընդունել, բայց այդ պատմության ընթացքում իսկապես չի ընդունել, սպասել է էթիկայի հանձնաժողովի եզրակացությանն ու ֆինանսական վերլուծության արդյունքներին, որ միակողմանի չլինի, սակայն հետո ընդունել է նրան, բացատրել է իրավիճակը, ասել, որ կա եզրակացություն, և որոշումը կայացվել է՝ ըստ դրա:
Հարցին՝ ինչո՞ւ Գայանե Բաղդասարյանին չի տրամադրվել էթիկայի հանձնաժողովի նիստի տեսաձայնագրության արդյունքները, տնօրենը պատասխանեց՝ տեսաձայնագրությունը պահելու հնարավորությունը 15 օր է:
«Եթե այդ ընթացքում դիմեր, մենք անպայման նրան կտրամադրեինք: Ես իսկապես շատ կուզենայի, որ այդ տեսաձայնագրությունը հասանելի լիներ, և այն ես նաև Ձեզ տրամադրեի, որ տեսնեիք՝ Գայանե Բաղդասարյանն իրեն ինչպես է պահել էթիկայի հանձնաժողովի նիստի մեկնարկից տառացիորեն րոպեներ անց:
Նիստն ի սկզբանե հրավիրվել է Աննայի և Գայանեի միջև եղած միջանձնային խնդրի պատճառով, քանի որ ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման փուլում է գտնվել «Գյումրու բժշկական կենտրոնը», և Աննա Ադամյանն ու Գայանե Բաղդասարյանը ստիպված են եղել ժամանակավորապես միմյանց հետ կիսել մեկ աշխատասենյակ, մինչև հարցին լուծում տալը, սակայն նիստն առաջին իսկ րոպեներից չի ստացվել:
Այդ նիստի ժամանակ այնպիսի որակումներ են տրվել միմյանց, որը վայել չէ բժիշկներին: Դա ամոթալի է ինձ համար նույնպես, որովհետև իրենք կարող էին ավելի հանգիստ իրավիճակում միմյանց հասկանալ»,- ասաց Արմեն Իսահակյանը:
Տնօրենին հարցրեցինք՝ ի՞նչ ընթացք է տրվել Գայանե Բաղդասարյանի՝ իր անվամբ գրած զեկուցագրին, որում վերջինս նշել էր, որ Աննա Ադամյանն անտանելի աշխատանքային պայմաններ է ստեղծել իր համար:
«Սկզբից կանչել եմ Աննա Ադամյանին, նա էլ ասել է, որ հակառակն է, խնդրել է հարցը լուծել: Իսկ էթիկայի հանձնաժողովի աշխատանքի առաջին իսկ րոպեներից անպատվություն Գայանեի կողմից ստացել է փոխտնօրենը, ապա՝ վնասվածքաբանության բաժնի վարիչը, հետո՝ մյուսները»,- ասաց Արմեն Իսահակյանը:
Տնօրենը նշեց՝ ինքը գոհ չէ նաև մերսման բուժքույր Աննա Ադամյանի աշխատանքից, նրան ևս նկատողություն է տվել, բայց նաև հակադարձելով Գայանե Բաղդասարյանին՝ ասաց՝ Աննա Ադամյանը 1.5 դրույքով չի աշխատում, նա վճարովի ծառայություններ է մատուցում. ստեղծում է, ստանում է:
«Ինքը գիտեր, որ դա իր վերջին հնարավորությունն է: Նա անգամ դիմում էր գրել, որ կազատվի աշխատանքից, եթե չապահովի վճարովի ծառայությունը: Իսկ նրա աշխատանքի որակից ինձ հիվանդները դեռևս չեն բողոքել: Բացի դրանից, այդ դեպքից հետո Աննայի ձայնը ես չեմ լսել, թե չէ 5 րոպե չեմ պահի:
Շատ բաներ են եղել, երևի ես էլ պիտի ձայնագրեի: Ժամանակին Գայանե Բաղդասարյանին առաջարկել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել, սակայն նա հիմա դատարանում ասում է՝ չի եղել նման բան, բայց քանի իրավական գործընթաց է ընթանում, ես այդ մասին խոսել չեմ ուզում»,- ասաց նա՝ կրկին պնդելով՝ Գայանե Բաղդասարյանի աշխատանքից ազատման պատճառն ամենևին քաղաքական չէ:
Անդրադառնալով «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում տիրող, բժշկական միջավայրին ոչ բնորոշ ամոթալի մթնոլորտին, երբ 168.am-ը հրապարակում էր կատարել, որ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Կարեն Գևորգյանը ծեծել է տարեց բժշկին, ինչի փաստը երկուսն էլ հերքել էին, Արմեն Իսահակյանն ասաց՝ բժիշկների կռվի մասին ինքն իմացել է մեր հրապարակումից:
«Ինձ ոչ ոք չի եկել-ասել: Ես էլ եմ ապշել, հետո ինձ էլ ասացին՝ եղել է, բայց իրենք կրկին հերքում են: Ցավոք, ես չեմ կարող ընթացք տալ այդ հարցին»,- ասաց «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը:
Նկատեցինք, որ այդ պատմությունից հետո Կարեն Գևորգյանի մասնակցությամբ ևս մեկ սկանդալ է արձանագրվել, այս անգամ՝ մանկական բաժանմունքի վարիչ Հասմիկ Խաչատրյանի հետ:
«Լսել եմ, ու մի անգամ չի եղել, մի քանի անգամ: Հասմիկ Խաչատրյանին էլ եմ կանչել, ես այդ ճանապարհը չեմ փակել, հրավիրել եմ, ասել եմ՝ եթե դժգոհություններ կան, թող ասեն, չեն ասել»,- ասաց Արմեն Իսահակյանը: